Ծաղր՝ «Առաջին ալիքի» եթերում․ կդադարեցվի՞ ռուսական ալիքների հեռարձակումը Հայաստանում
Մուլտիպլեքում առկա ռուսական երեք հեռուստաալիքների դեմ դժգոհությունները պարբերաբար թարմանում են։ Նոր առիթը «Առաջին ալիքի» եթերում «Ժառանգ Տուտիի տիկնիկները» հաղորդման հոկտեմբերի 23-ի թողարկումն է։ Ինչպիսի՞ ազդեցություն են ունեցել ռուսական պետական հեռուստաալիքիքի ոչ կոռեկտ ձևակերպումները հայ լսարանի վրա, արդյո՞ք կա ռուսական ալիքները հայկական մուլտիպլեքսից հեռացնելու գործիքակազմ, և որքանո՞վ է նպատակահարմար նման քայլի գնալը։
Ռուսական «Առաջին ալիքի» «Ժառանգ Տուտիի տիկնիկները» հաղորդման հոկտեմբերի 23-ի թողարկումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին էր, դրանից հետո քննարկումները հայկական տիրույթում՝ ռուսական ОРТ հեռուտաալիքի։ Սոցցանցային զայրույթն այսօր հայկական մուլտիպլեքսում օտարերկրյա լրատվամիջոցների առկայությանն է ուղղված։
Ռուսական Առաջին ալիքը հաղորդման բանախոսները ոչ կոռեկտ ձևակերպումներով քննադատում էին Հայաստանի վարչապետին։ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը համարում է, որ սա հաղորդում էր ոչ թե Հայաստանի իշխանության, այլ Հայաստանի մասին։
«Հաղորդման մասին կարծիքս խիստ բացասական է։ Լրագրողական տեսանկյունից դա սարասափելի, բացարձակ ոչ պրոֆեսիոնալ այլանդակություն էր՝ բառի ուղիղ իմաստով։ Նախ՝ ուղղակի ստեր կային, իբրև թե մեջ էին բերված վարչապետի ինչ-որ խոսքեր, որոնք երբեք չեն ասվել։ Էթիկական մասով ընդհանրապես չեմ խոսում, ուղղակի ռուսական հերթական պրոպագանդայի մաս էր։ Նաև ժամանակամիջոցն էր շատ կարևոր, դա դրվել էր փրայմ թայմում, լուրերից ուղիղ առաջ, ինչը նշանակում է՝ չափազանց մեծ կարևորություն է տրվել այս հաղորդմանը և ուզել են, որ շատ մարդկանց հասանելի դառնա։ Սա ուղղակի Հայաստանի իշխանության մասին հաղորդում չէր, դա հենց Հայաստանի մասին հաղորդում էր, հենց Հայաստանի սուվերենությանը, անկախությանը սպառնացող սարսափելի հաղորդում էր»։
Աբրահամյանը պատահական չի համարում հաղորդման ընթացքում հնչած այն ձևակերպումները, որոնցով Նիկոլ Փաշինյանին համեմատում էին Զելենսկու և Սաակաշվիլիի հետ։ Խնդիր է նաև այն, որ այդ և մյուս՝ հաճախ վիրավորական ձևակերպումները հնչում էին հայկական մուլտիպլեքսում տեղ գտած հեռուստաալիքով։
«Հասկանալի է՝ ինտերնետի դարում դու որևէ բան արգելել չես կարող, հարցը հանրային մուլտիպլեքսով հեռարձակվելն է, դա Հայաստանի բյուջեի որոշակի սուբսիդիայով է տրվում։ Այսինքն՝ մենք վճարում ենք, որ մեր հանրության ուղեղը ուղակիորեն լվացվի։ Ռուսական, ցանկացած երկրի պրոպագանդան թույլատրելի չէ։ Այդ պրոպագանդան չի կարելի, երբ հատկապես քո պետության շահերին է ուղղակիորեն վնասում»։
Հաղորդմանը հաջորդեցին կոչեր՝ հրատապ կարգով ռուսական հեռուստաալիքները հայկական մուլտիպլեքսից հեռացնելու գործընթաց նախաձեռնելու վերաբերյալ։
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշում է՝ նախագահ ընտրվելու պահից դեմ է եղել Հայաստանում օտար հեռարձակողներին եթեր տալուն, հատկապես եթե խոսքը հասարակական-քաղաքական բովանդակության մասին է․
«Սակայն ինչ-ինչ քաղաքական պատճառներով հնարավորություն ստեղծվեց, որ օտար հեռարձակողները լինեն հանրային մուլտիպլեքսում, նրանք հնարավորություն ստացան հեռարձակվել միջպետական պայմանագրերի հիման վրա։ Այդ պայմանագրում հստակ նշված էին այն նորմերը, արգելանքները, որոնք թույլ կտան խուսափել այն բովանդակությւոնից, որոնք կա՛մ խախտում են մեր օրենսդրությունը, կա՛մ նսեմացնում են մեր արժեքները, կա՛մ միջամտում են մեր ներքաղաքական կյանքին, նախընտրական պրոցեսսներին և այլն»։
Հակոբյանն ասում է՝ Հանձնաժողովն այդ ալիքների հետ հեռարձակման պայմանագիրը խզելու որևէ լծակ չունի։ Պայմանագրի շրջանակում հաղորդակցությունը ընթանում է գործադրի մակարդակում․ հայկական կողմից՝ ԲՏԱ նախարարություն, ռուսական կողմից՝ Թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարություն․
«Քանի որ մենք գործադիր իշխանության մաս չենք, անկախ սահմանադրական մարմին ենք, այստեղ մենք գործառույթ չունենք, միայն այդ օղակներին տեղակ ենք պահում, որ եղել են այս կամ այն խախտումներ ռուսական ալիքների բովանդակության մեջ։ Մենք նամակը պատրաստում ենք և ԲՏԱ կգնա՝ տեսագրության և մեր կարծիքի հետ։ Այնտեղ խախտում է մի շարք կանոններ՝ նսեմացնում է զգայուն արժեքները, միջամտություն է մեր ներքին գործերին, այնտեղ վիրավորական խոսքեր կան, թշնամական լեզու կա, մանիպուլիացիաներ կան, չի տարանջատվում փաստը մեկնաբանությունից և այլն և այլն»։
Գործադրից՝ ԲՏԱ նախարարությունից, «Ռադիոլուր»-ին հայտնեցին՝ գրությունը ստանալուց հետո կձեռնարկվեն համապատասխան քայլեր։ Ի՞նչ որոշում կկայացնի նախարարությունը և ի՞նչ բնույթ կունենան այդ քայլերը՝ դեռ հայտնի չէ։ Այնուամենայնիվ ՀՌՀ-ի նախագահը, չնայած օտար երկրների լրատվամիջոցների նկատմամբ բացասական վերաբերմունքին, ռուսական հեռուստաալիքները հայկական մուլտիպլեքսից հանելը նպատակահարմար չի համարում․
«Եթե, անուամենայնիվ, այդ սկզբունքը չի պահպանվել, և օտար պետությունների ալիքները այսպես թե այնպես այստեղ հեռարձակվում են, շատ վատ նախադեպ է, որ բացում ես, հետո փակում ես։ Առաջին սխալ քայլը երբ արել ես, պարտադիր չէ նաև երկորդ քայլը սխալ անես։ Եթե միջկառավարական պայմանագիրը կա, ես կարծում եմ՝ ավելի արդյունավետ, չնայած ավելի երկար ու բարդ ճանապարհ է, որ այնպես անեն, որ բովանդակություն այսպես չլինի»։
Եվ մինչ քաղաքացիները ռուսական ալիքների փակում են ակնկալում, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը կարծում է՝ խնդիրը խորքից է պետք լուծել։
«Տեխնոլոգիական զարգացման էս դարաշրջանում, երբ յութուբը հասանելի է, հեռուստադիտողը ինքը կարող է ալիք փնտրել, մանավանդ էն պարագայում, երբ մեր հասարակության գերակշիռ մեծամասնությունտը ռտուսերենին տիրապետում է, դա ամենևին հարցի լուծում չէ։ Պարզ է, որ այդ բոլոր հաղորդւոմները հետևանք են նրա, որ հայ-ռուսական հարաբերություններում գոյություն ունի ճգնաժամ։ Վերացնում են պատճառը, ոչ թե պայքարում են հետևանքի դեմ»։
Փորձագետները համոզված են նաև, որ ռուսական քարոզչական հաղորդումները ցույց են ոչ միայն երկկողմ հարաբերությունների առկա խնդիրները , այլև նրանք, որոնք կարող են լինել։