ՀարցուԳԻՏԱփորձ

Կուսակցությունը պիտի գոյություն ունենա, եթե գաղափարախոսությո՞ւն ունի․ «ՀարցուԳԻՏԱփորձ»

«Եթե տարբերակենք՝ քանի կուսակցություն, քանի գաղափարախոսություն կա, ես կասեի՝ 2․ իշխանության մեջ գտնվող կուսակցություններ ու իշխանություն չունեցող կուսակցություններ»։

Հայաստանում 117 կուսակցություն կա։ Այս պատմությունը կարող էր հենց այստեղ էլ ավարտվել։ Բայց մեր աչքն ու ականջը քաղաքական այս բազմազանությանը վաղուց է սովոր, ուստի «մի երկիր» և «117 կուսակցություն» արտահայտությունների համադրումը սպասվածի չափ ազդեցիկ չէ։

«Մի արտահայտություն կա, մեր քաղաքական, հրապարակային դաշտում կարող եք հանդիպել, ասում է՝ ինչ կուսակցություն փորձում եք ստեղծել, վերջում կոմունիստական կուսակցություն է ստացվում»։

Բարև, եթերում «ՀարցուԳԻՏԱփորձ» հաղորդումն է, ես Արուսյակ Կապուկչյանն եմ։ Այսօր փորձելու ենք հասկանալ՝ քանի՞ իրական կուսակցություն կա Հայաստանում։

***

Ստացվեց այսպես․ մենք մարդ ենք։ Հասկացել ենք, որ միայնակ մենք մեզ չենք հերիքում ու մեր պահանջմունքների ավելի հեշտ բավարարման համար որոշել ենք խմբերով ապրել։ Հետո նախնադարյան 10-20 հոգանոց համակեցության տարբերակը մեզ էլ չի բավարարել ու որոշել ենք մեծացնել այդ խմբերը, ընտրել ենք մեզ համար ընդհանրություններ ու փորձել ենք միասին անցնել ցեղ- ժողովուրդ- ազգ- պետություն ճանապարհը։ Եվ քանի որ մենք մարդ ենք ու իշխել կամ իշխվել ենք ուզում, մեր խմբակային հախուռն ընթացքը սանձելու համար դերաբաշխում ենք արել․ իշխողի դերը բավականին պահանջված է։

Հենց այս դերը ստանձնելու համար ստեղծվեցին կուսակցություններ, որոնք հավակնում են ցեղի- ժողովրդի- ազգի, լավագույն դեպքում՝ պետության համար լավագույն կյանքի հանգեցնող որոշումներ ընդունել։ Եվ թվում է՝ այդ «լավագույն կյանքը», որի շուրջ արժե համախմբել, ինչ-որ կոնկրետ մի բան է․ մեծ խմբերի մեծ խնդիրները լուծելու մասին ենք խոսում, չարժե մանրանալ։

Բայց, պարզվում է, կոնկրետ մեր երկրում այդ «լավագույն կյանքի» արձանագրված 117 պատկերացում կա։ Պարզ տրամաբանությամբ քաղաքական հայտ ներկայացրած յուրաքանչյուր ուժ կարծում է, որ դա արած մյուս 116-ի հետ չհատվող, լրիվ այլ երջանկություն է ապահովելու երկրի համար։

Ինչի՞ շուրջ են ստեղծվում կուսակցությունները, որտեղի՞ց մեզ գաղափարական այսպիսի բազմազանություն, քանի՞ կուսակցություն կա Հայաստանում իրականում․ «ՀարցուԳԻՏԱփորձ»-ն այսօր այս հարցերի մասին է։

«Մարդկանց մեծ մասը, ովքեր քիչ թե շատ առնչվում են քաղաքականությանն ու քաղաքական պրոցեսներին, կարծում են, որ կուսակցությունները պետք է ձևավորված լինեն գաղափարախոսությունների շուրջ, բայց մինչև էդ հարցին անդրադառնալը, օրինակ, ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ եք դուք այդպես մտածում»։

Փիլիսոփայական գիտությունների թեկնածու, նեղ մասնագիտացմամբ քաղաքական փիլիսոփա Լևոն Բաբաջանյանի հետ գաղափարների բազմազանության մասին մեր զրույցը սկսվում է հակադարձ հարցադրմամբ։ Իսկ ո՞վ ասաց, որ կուսակցությունը պիտի գոյություն ունենա, եթե գաղափարախոսություն ունի։ Կարճ պատասխան՝ Արիստոտելը․

«Ձեր մոտեցումը, որ կուսակցությունները դասական ըմբռնմամբ կամ տարածված ընկալմամբ պետք է ձևավորված լինեն ինչ-որ գաղափարախոսությունների շուրջ, բավական տարածված երևույթ է, բայց ինչո՞ւ պետք է այդպես լինի։ Մեզ հայտնի է դեռևս Արիստոտելից եկած քաղաքականության էն սահմանումը, համաձայն որի քաղաքականությունը պետության գործերով զբաղվելն է, կամ պետությունը կառավարելն է, որի նպատակը քաղաքացիների, հասարակության անդամների կյանքը ավելի լավացնելն է։ Բայց ո՞նց ենք հասկանում, որ հասարակության կյանքն ավելի լավն է․ նայած, թե դու հիմքում ինչ գաղափարներ ես դնում։ Օրինակ՝ որ մարդիկ էդ հասարակությունում ավելի երջանի՞կ են զգում, որ կա տնտեսական բարեկեցությո՞ւն, արդարությո՞ւն»։

Ստացվում է, որ մենք մեզ ղեկավարել փորձողներից ակնկալում ենք լսել՝ դեպի ո՞ւր են մեզ տանում, ինչպիսի՞ երկիր են ստեղծելու մեզ համար։ Ու դա բացատրելու համար է քաղաքական փիլիսոփայության լեզուն ստեղծել «Լիբերալիզմ», «Կոնսերվատիզմ», «Սոցիալիզմ», «Ֆաշիզմ», «Կոմունիզմ», «Անարխիզմս» և այլ բառեր։

«Գաղափարախոսությունները քաղաքական տեսություններ են, որոնք պատասխանում են ինչպիսի՞ն պետք է լինի հասարակությունը, ո՞րն է հասարակական կարգի կազմակերպման ճիշտ ձևը, ի՞նչ սկզբունքներ պետք է ընկած լինեն դրա հիմքում՝ հավասարություն, արդարություն, երջանկություն, ազատություն և այլ հարցերի»։

Բայց արդյո՞ք կա գաղափարախոսությունների անվերջ բազմություն։ Հստակեցնենք հարցը․ արդյո՞ք կան 117 գաղափարախոսություններ։ Ինչպե՞ս է ստացվել, որ քաղաքական ուժերը տվել են իրենց այս հարցերը ու ստացել 117՝ իրարից տարբեր պատասխաններ։ Այս հարցի պատասխանն էլ Մաքիավելին է տվել․

«Նախ նշեմ, որ դա միայն մեզ մոտ չի, էն երկրներում, որտեղ կայացած կուսակցական, քաղաքական համակարգեր չկան, էդ երևույթը տարածված է։ Բայց նույնիսկ էն երկրներում, որտեղ կայացած կուսակցական համակարգ կա, քաղաքականությամբ զբաղվելու մարդկանց մոտիվները շատ տարբեր կարող են լինել։ Մեկի համար դա սեփական շահերը սպասարկելու ձև է, մեծահարուստ է ու հարստությունը պաշտպանելու համար պետք է երկրի քաղաքական կյանքին մասնակցություն ունենա, օրինակ, ԱԺ-ում ներկայացվածություն ունենա, կառավարության որոշումների վրա ազդեցություն ունենալու լծակներ ունենա, որ պաշտպանի իր բիզնես շահերը։ Ինչ-որ մեկը կարող է այլ տեղ իրացվելու տեղ չի գտել, իր ուժերը, պոտենցիալը իրացնում է քաղաքական ոլորտում։ Հարցն էն է, թե ի՞նչ ենք մենք հասկանում «քաղաքականությամբ զբաղվել» ասելով։ Եթե քաղաքականության մասին մեր պատկերացումները մաքիավելական են, ըստ որի՝ քաղաքականությունը իշխանություն, ազդեցություն ունենալու ձև է, էդ ընդվզումը ամենևին էլ չի առաջանա, կհասկանանք, որ մարդիկ պայքարում են քաղաքական որոշումների վրա ազդեցություն ունենալու համար, դրա համար տարբեր շարադրանքներով տարբեր կուսակցություններ են ստեղծում»։

Բազմաթիվ դրդապատճառներ ունեցող մարդկանց խմբերը համոզում են մյուս մարդկանց միանալ իրենց, որ ինչ-որ մեկի՝ իրենց կամ երկրի համար ինչ-որ մի բան անեն։ Այդ խմբերից որոշները արագ լուծարվում են, որոշները՝ շարունակում իրենց գոյությունը թղթի վրա, և կան այնպիսիք, որ, թվում է, հավերժ են։

— Հնարավո՞ր է կասեցնել առաջընթացը։
— Առաջընթացը, իհարկե, հնարավոր չէ կասեցնել, բայց ես չեմ համարում, որ այսօր ինչ կատարվում է, դա առաջընթաց է։ Դա ավելի շատ հետընթաց է։

Տաղավարում 126 տարի առաջ ստեղծված Խորհրդային Միության կոմունիստական կուսակցություն իրավահաջորդ 33 տարի առաջ գրանցված Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանն է։ Վստահ է՝ քանի դեռ Կոմունիստական կուսակցության չենք վերադարձել՝ հետընթաց ենք ապրում։

«Մեր նման փոքր երկրի համար շռայլություն է 117 կուսակցությունը, որովհետև ամեն դեպքում գաղափարախոսւթյունը երկուսն է, ավել չկա, կա սոցիալիստական գաղափարախոսություն, կա կապիտալիստական գաղափարախոսություն՝ իր տարբեր ձևերով, մեկը մի քիչ աջ, մեկը ձախ, մեկը ձախ-կենտրոնամետ։ Հա, քաղտեխնոլոգները սիրուն ծրագրերը գրում են, բայց համակարգերը երկուսն են, երրորդ համակարգ գոյություն չունի աշխարհում»։

Իրենց կուսակցության երկարակեցության գաղտնիքը գաղափարի շուրջ համախմբված լինելն է՝ կարծում է Երջանիկ Ղազարյանը։ Իսկ այս բազմազանությունը խիստ վտանգավոր է համարում.

— Հայաստանի պարագայում շատ շատ է, իհարկե հասկանում ենք՝ սա «բաժանիր, որ տիրես» գաղափարն է, ինչքան հնարավոր է, որ չհամախմբեն մի գաղափարի շուրջ։
— Պարոն Ղազարյան, Դուք սա իմանալով ու ինքներդ ասելով՝ «բաժանիր, որ տիրես» սկզբունքն է գործում, մտադրություն չունե՞ք, օրինակ, միավորել Հայաստանում գործող կոմունիստական այլ կուսակցությունների հետ։ Կարծեմ ևս 2-ը կան, մեկը՝ հաստատ, որոնք, ըստ էության, ձեր գաղափարներն են կիսում, դուք նույնիսկ միասին եք եղել, հետո ինչ-որ պահի առանձնացել եք։ Եթե կարծում եք, որ բազմազանությունը խնդիր է և պետք է գաղափարի շուրջ միավորվել, ինչո՞ւ չեք միավորվում նույն գաղափարի շուրջ ձևավորված այլ կուսակցությունների հետ։
— (դադար) հետաքրքիր հարց էր (դադար)… ինչպես Դուք նշեցիք՝ ժամանակին մեկ կուսակցություն է եղել, հետ տրոհվել է ինչ-ինչ պատճառներով, այսօր երկու կոմունիստական կուսակցություն կա և այս ժամանակահատվածում միավորվելու փորձեր եղել են։ Ցավոք՝ դեռևս դա արդյունք չի տվել։ Մենք նաև միասին մասնակցել ենք ընտրություններին։ Տեխնիկական պատճառներով, նաև այլ հարցեր կան, որոնք չէի ուզի հիմա մեկնաբանել, ամեն դեպքում դեռևս դա չի ստացվել։ Բայց, իհարկե, շատ ճիշտ է լինի մեկ կուսակցություն, լինի ավելի հզոր։ 

Առաջարկում ենք երկու քայլից բաղկացած փոքրիկ մտավարժանք. պատկերացրեք

1/ Հայաստանի բոլոր կուսակցությունները ունեն գաղափարախոսություն, վստահ են, որ դա է լավագույն կյանքի ճանապարհը։ Բոլորը, իհարկե, միակ ու առաջնային նպատակ ունեն՝ ինչպես ասում են. ամեն ինչ՝ հանուն երկրի ու մարդկանց։

2/ Ամեն կուսակցություն կարդում է մյուսի ծրագիրը (որն արդեն որոշեցինք պատկերացնել՝ հստակ գաղափարախոսության վրա է հիմնված) ու ելնելով իր միակ ու առաջնային նպատակից որոշում է միավորվել՝ ուժեղանալու համար։

Զրուցակիցներս ասում են՝ արդյունքում  մենք մատների վրա հաշված կուսակցություններ կունենայինք։ Ընդ որում՝ մեկ ձեռքի։

Եվ քանի դեռ դա տեղի չի ունենում՝ գիտափորձերն ու հարցուփորձերը թույլ են տալիս ենթադրել՝ արիստոտելյան մոտեցումը պարտվել է մաքիավելական մոտեցմանը։ Մենք ունենք 117 կուսակցություն ու 117 մոտիվ։

Մեր կյանքի ամենօրյա բաղադրիչ կազմող այլ երևույթների մասին պարզ հարցերով մենք եթերում կլինենք արդեն հաջորդ շաբաթ։ Դուք լսում էիք «ՀարցուԳԻՏԱփորձ» հաղորդումը, այն ձեզ համար պատրաստեց Արուսյակ Կապուկչյանը։

Back to top button