ՀարցուԳԻՏԱփորձ

Ինչը բնական է, դա բարոյակա՞ն է․ ինչը բարոյական է, դա օրինակա՞ն է․ «ՀարցուԳԻՏԱփորձ

«Սիրիր քո տեր Աստծուն ամբողջ հոգով, ամբողջ մտքով ու սիրի քո նմանին։ Այդ սիրո պատգամի մեջ է ամբողջ բարոյականությունը»։

«Դու ընդամենը պետք է լինես լավագույնը» արտահայտությունը հանգիստ արտասանելու պես եկեղեցու սպասավորներն ասում են՝ բարոյականությունը պարզ ու հասկանալի, արդեն սահմանված մի բան է։ Բայց մենք ընդամենը մարդ ենք ու երբեմն այնքան էլ լավ չենք հասկանում։ Ստիպված օրենքին մեզ բացատրող կարգեցինք։

«Օրենքի դեպքում շատ հստակ է, չափելի է, որովհետև օրենքը միշտ սահամանփակում է մարդուն։ Միշտ։ Իսկ բարոյականությունը, սերը երբեք մարդուն չեն սահմանափակում։ Բարոյականությունը սահմանափակեցինք, կդառնա օրնեք»։

Բարև, եթերում «ՀարցուԳԻՏԱփորձ» հաղորդումն է, ես Արուսյակ Կապուկչյանն եմ։ Այս փորձելու ենք պարզել բնականի, բարոյականի ու օրինականի կապը։

***

Մենք շատ ենք ու տարբեր։ Եթե մեր ցանկությունների հետ ազնիվ լինենք, եթե որոշենք ի կատար ածել դրանք, եթե անենք դա մեր աշխարհընկալման սահմաններում, գուցե երջանիկ լինենք։ Բայց մեր երջանկությունները հավանաբար համատեղելի չեն լինի ու մենք ամենաբարի՝ երջանիկ լինելու ցանկությամբ տարված, մեր դրական էներգիայով աշխարհը լցնելու հեռանկարով ոգևորված գուցե սպանենք իրար։ Շատ պարզ թվացող այս մտահանգումը մեկ այլ՝ նույնքան պարզ եզրահանգման գալու համար է․ եթե ուզում ենք կամ ստիպված ենք խմբով ապրել, ապա համակեցության կանոնները պահելու, մեր պատկերացումները սանձելու անհրաժեշտություն կա։

Մենք իհարկե կարող էինք որոշել, որ կայուն խաղաղություն ենք ուզում ու մեր բոլոր գործողությունները տեղավորում ենք բարու, գեղեցիկի, ազնիվի, արդարի, առողջի սահմաններում։ Բայց նախ՝ մենք միշտ չէ, որ կայուն խաղաղություն ենք ուզում, կյանքն ավելի հետաքրքիր լինելու պոտենցիալ ունի։ Եվ երկրորդ՝ ավելի կարևոր «բայց»-ը այդ բարու, գեղեցիկի, ազնիվի ու արդարի ընկալումների մեջ է։ Մենք շատ ենք ու տարբեր։ Բարոյական արժեքների մասին մեր պատկերացումները՝ ևս։

Այսպես մենք հորինեցինք արդարացում, ասենք, «ինչը բնական է, դա բարոյական է» արտահայտության տեսքով։ Հետո հասկանալով սրա հեղհեղուկ բնույթը ինքներս մեզ ղեկավարելու համար դիմեցինք «ծանր հրետանուն»՝ օրենքներին։

Իրականում ինչի՞ համար են նախատեսված դրանք, ինչի՞ հիման վրա են սահմանվել, իրավական նորմերը բարոյական նորմերի հետ որևէ կապ ունե՞ն․ «ՀարցուԳԻՏԱփորձ»-ն այսօր այս հարցերի մասին է։

«Այդ հարցին պատասխանելու համար հազարավոր գիտական ու քաղաքագիտական դպրոցներ կան։ Եթե ամերիկյան փիլիսոփա Ռոբեն Ոզիկի հետևորդին հարցնենք, կասի՝ իրավունքը ոչ մի բանի համար էլ պետք չի, ծայրահեղ կումունիստին հարցնեք, կասի՝ իրավունքը իշխող դասակարգի ձեռքին գործիք է, որ կեղեքի ոչ իշխող դասակարգին»։

Իսկ երբ հարցնում ենք իրավաբան, ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի դասախոս Արսեն Թավադյանին, ասում է՝ սա հարաբերությունները կազմակերպելու պարզ էվոլուցիա է։

«Փոքր խմբում, ըստ էության, իրավունքի կարիք չկա, որովհետև բոլորս գիտենք՝ ինչպես կարգավորել հարաբերությունները։ 10 հոգանոց որսորդների խումբ է, ի՞նչ պետք է անենք․ այն, ինչ հայրը կասի։  Պարզ է, հայրն ամենամեծն է, երևի ապրել է 30 տարի, ինչը բավական մեծ տարիք է մթա 40 000 տարվա համար, ինքը ինչ ասում է, դա էլ ճիշտն է։ Երբ նեոլիթյան հեղափոխությունը տեղի ունեցավ 12 000 տարի առաջ, երբ ունեինք քաղաքներ, որտեղ ապրում էին 5000-10 000 հոգի, արդեն հարց առաջացավ՝ ինչպե՞ս կարգավորել հարաբերությունները։ Եթե փոքր գյուղ ենք, ընդամենը 300 հոգի, իրավունքի կարիք չկա, որովհետև բոլորս բոլորին գիտենք, եթե մեկը մեկին խաբի, այլևս վստահություն չի ունենալու, մաքուր բարոյական նորմերով կարող ենք աշխատել։ Բայց երբ արդեն գյուղը, քաղաքը, բնակավայրը 5000 հոգուց ավելի է լինում, կարող է լինել իրավիճակ, երբ դու չես ճանաչում այս մարդուն։ Եվ արդեն անհրաժեշտություն է առաջանում որոշակի նորմերի, որոնք կկարգավորեն անձնական հարբերությունները»։

Այդ նորմերը արդարությունը վերականգնելու նպատակ ունեին։ Սակայն ինչպե՞ս կարող է իրավագիտությունը, որն անգամ ամենափոքր լեզվական վրիպումների նկատմամաբ հակակրանք ունի, որը սահմանում է ամեն բան ու ամրագրում դա որպես ճշմարտություն, հիմքում ունենալ արդարության նման տարընթերցվող մի բան։

«Շատ բարդ է սահմանել՝ ինչ է բարոյականությունը, որովհետև բարոյականություն ասելով մենք խոսում ենք այնպիսի կատեգորիաների մասին, ինչպիսիք են արդարությունը, ողջամտությունը, բարեխղճությունը, որոնք սահմանելն ինքնին բարդ է: Ինչևէ, մենք կարող ենք ասել, որ կան բարոյական նորմեր, որոնք համամարդկային են, և կան բարոյական նորմեր, որոնք համամարդկային չեն։ Եթե մենք նայում ենք տարբեր ժողովուրդների ընտանեկան, սեռական վարքագիծը, մենք տեսնում ենք, որ հազարավոր տարբերակներ կան։ Բայց կան բարոյական նորմեր, որոնք համամարդկային նշանակություն ունեն և տարբեր գիտափորձեր կան, որոնք ցույց են տալիս, որ արդարության ընկալումը համամարդկային նշանակություն ունի»։

Գիտնականների հետաքրքրությունը չսահմանվող, իռացիոնալ թվացող երևույթները հասկանալու ցանկություն է առաջացրել։ Արսեն Թավադյանը պատմում է, որ դա անելու համար գիտնականները երկու կապիկների իրար կողք գտնվող վանդակներում տեղավորեցին ու նույնանման առաջադրանք տվեցին․

«Կա հոլանդացի անտրապոլոգ՝ Ֆրանց Ռեվաալ, փորձեր է կատարում պրիմատների՝ կապիկների հետ, և շատ հայտնի գիտափորձ կա, որը յութուբում հազարավոր տարբերակներով կրկնվել է։ Կապուչին կապիկների հետ է կապված։ Գիտափորձերը ցույց են տալիս, որ այս կապիկների մոտ կա արդարության զգացում։ Երկու կապիկ են դնում տարբեր վանդակների մեջ ու տալիս են իրենց պարզ առաջադրանք։ Մի կապիկին ասում են՝ քար տուր ու իրեն տալիս են վարունգ։ Ինքը շատ հեշտությամբ կատարում է այս առաջադրանքը ու քարը տալիս է, ստանում է վարունգը։ Այդպես մի քանի անգամ։ Կողքի վանդակում նստած է այլ կապիկ, նույն առաջադրանքը իրեն են տալիս ու տալիս են խաղող առաջադրանքի համար։ Առաջին կապիկը դա տեսնում է ու սկսում ա բողոքել։ Տեսեք, մինչև ինքը չտեսավ որ նույն աշխատանքի համար այս մի կապիկին տալիս են խաղող, ինքը չէր բողոքում»։

Ստացվում է՝ կան բարոյական արժեքներ, որոնք միանշանակ են բոլորի համար։ Այ հենց դրանց վրա է հիմնվում իրավագիտությունը՝ որոշ հարաբերություններ կարգավորելու ժամանակ։

Բաժնետիրական ընկերությունների մասին օրենք․ հոդված 90․ Ընկերության տնօրենը, կառավարիչը իրենց պարտականությունների կատարման ընթացքում պետք է գործեն բարեխիղճ ու ողջամիտ կերպով։ Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենք․ այստեղ 27 անգամ կարելի է կարդալ «բարեխղճություն» կամ «անբարեխղճություն» բառերը։

Քաղաքացիական հարաբերությունները կարգավորելիս իրավագիտությունը պատասխանատվության մի մեծ չափաբաժին թողել է չսահմանվող մի բանի՝ որոշում կայացնողների բարոյական պատկերացումների հույսին։

***

«Բարոյական չափանիշները իրականում շատ հստակ ու շատ կոնկրետ սահմանված են։ Ինձ համար, ճիշտն ասած, էս հարցն ունի մեկ  պատասխան․ եթե խոսում եմ բարոյականության մասին, ես բնականաբար խոսում եմ ավետարանական, քրիստոնեական բարոյականության մասին։ Հստակ ձևակերպվում է հետևյալ ավետարանական ճշմարտության մեջ․ սիրիր քո տեր Աստծուն քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով ու սիրիր քո նմանին։ Այդ սիրո պատգամի մեջ է ամբողջ բարոյականությունը, իսկ բարոյականության սահմանը էն ազատությունն է, որը Քրիստոս մեզ տվեց։ Բովանդակությունը սերն է, իսկ սահմանը ազատությունը»։

Տեր Եսայի քահանա Արթենյանը գիտի՝ այս ազատությունը չարաշահվում է երբեմն չիմացության, երբեմն էլ՝ արդարացումներ գտնելու մեր ունակության պատճառով։ Այսպես՝ «սիրիր մերձավորիդ» պատգամին հավատարիմ հայրը կարող է գողություն անել իր սիրելի մերձավորի՝ երեխայի լավագույն կյանքն ապահովելու համար։ Լավ կյանքի պահանջը բնական համարելով նա կարող է ասել, որ դա նաև բարոյական է։ Այս դեպքում քրեական օրենսգիրքը այդ մարդուն շատ հասկանալի ասում է՝ չի կարելի։ Իրավական նորմերի պահպանման համար հսկող ձեռք կա։ Բայց բարոյական նորմերը, կարծես, բարձիթողի վիճակում են․ մենք ոչ ոքի չենք կարող ստիպել բարոյական լինել։

«Իրականում առանց էդ ազատության կյանք չկա ու կյանքը իմաստ չունի։ Երբ ես ասում եմ՝ ազատություն, նրա մասին չի, որ ինչ ուզեմ, այն էլ անեմ։ Ազատություն ասելով այդ պատասխանատու մոտեցումն է՝ քեզ տրված հնարավորություններին։ Աստված մեզ ազատություն է տվել, որ մենք բարիք գործենք, բարիք ստեղծենք, ոչ թե ինչ ուզենք անենք»։

Բայց մենք, հիմնականում, ինչ ուզում՝ անում ենք։ Սպառողական հասարակությանը տրված՝ մենք ապրում ենք էմոցիաների, բուռն իրադարձությունների, փոթորկի կենտրոնում, ունենք էմոցիաներ, հավակնություններ, կրքեր։ Մենք, ի վերջո, ընդամենը մարդ ենք։ Իրավական նորմերը պահպանում են պահպանված լինելու իրենց իրավունքը, ինչո՞ւ է բարոյական նորմերի պահպանումը մեր հույսին թողնված.

«Իսկ ինչ՞ եք կասկածում մարդու կարողություններին, կամ ինչի՞ եք մտածում , որ․․․ ինչի՞ չեք հավատում մարդուն։ Չէ՞ որ էդպիսի մի պատմություն կա, երբ ասում են՝ մարդն Աստծուն է հավատում, իսկ Ասստված ո՞ւմ է հավատում, և պատասխանը՝ Աստված էլ մարդուն է հավատում։ Այո, ես հասկանում եմ, այսօր աշխարհը շատ է գնում դեպի աշխարհիկացում, բարոյականության անկում կա, մարդիկ այսօր նյութապաշտ են, եսասեր են, և այլն, էդ ամենը հասկանում ենք։ Իներցիայով ապրում ենք՝ տրված օրվա կարիքներին, հոգսերին։ Հասկանում եմ՝ օրվա հացն էլ պետք է վաստակել, պետք է աշխատել, բայց կարևոր չի, թե դու ինչ ես ուտում, կարևոր է, թե ինչպես ես դա վաստակում, էս շատ ավելի կարևոր է։ Գալիս է մի դրվագ, որ մարդը հոգնում է էս ամենից»։

***

Եկեղեցին սահմանել է՝ ինչ է բարոյականությունը։ Օրենքը ընտրել է բարոյական հիմք ունեցող երևույթներից որոշներն ու սահմանել՝ ինչ են դրանք։ Հասարակական կյանքը կանոնակարգել հավակնող այս երկու կառույցները՝ պետությունն ու եկեղեցին մարդուն ասել են՝ մենք կանենք ամեն բան, որ քո երջանիկ լինելու ձգտումը չսպանի ուրիշին։ Մեկը դա ասում է պատժի, մյուսը՝ առաջարկի լեզվով։ Մեկն ասում է՝ պատասխան կտաս օրենքի, մյուսը՝ ինքդ քո առաջ։

Բայց երկուսն էլ ընդունել են՝ «ինչը բնական է, դա բարոյական է» ու նման արտահայտությունները պարզապես արդարացում են։ Իսկ եթե արդարացման կարիք կա, ուրեմն ինչ-որ բան այն չէ. գործը դատավորը կամ խիղճը կքննի։

Առօրյա խոսքում տեղ գտած այլ պարզ արտահայտության հիմքերը պարզելու ակնկալիքով մենք եթերում կլինենք արդեն հաջորդ շաբաթ։ Դուք լսում էիք «ՀարցուԳԻՏԱփորձ» հաղորդումը։ Այն ձեզ համար պատրաստեց Արուսյակ Կապուկչյանը։

Back to top button