ՀարցուԳԻՏԱփորձ

Ո՞ւժն է ծնում իրավունք․ «ՀարցուԳԻՏԱփորձ»

«Պատկերացրեք՝ Սարդարապատում կանգնած մարտիկը իր մտքում՝ որպես ցեց, ունենար այն գաղափարը, թե միջազգային իրավունքով ճի՞շտ է, որ ինքը այնտեղ կանգնած է»։

Շրջադարձային պահերին որոշումները կայացվում են ըստ անձնական առաջնահերթությունների։ Դրանց հակաօրինական լինելու դեպքում պատժիչ ձեռք՝ պետություն կա։ Բայց միջազգային հարթակում խաղի կանոններն ուրիշ են։

— Միջազգային մասշտաբում չկա այն մարմինը, որը կարող է պարտադրել կատարել միջազգային իրավունքի նորմերը:
— Բա ինչի՞ համար են դրանք։
— Դրանք բարի կամքի դրսևորում են։

Բարև։ Սա «ՀարցուԳԻՏԱփորձ» հաղորդումն է, ես Արուսյակ Կապուկչյանն եմ։ Այսօր պարզելու ենք՝ ո՞ւժն է ծնում իրավունք։

***

Որևէ հարցում գերազանցության զգացումը ամենազորության զգացման վերածվելու պոտենցիալ ունի։ Այսպես է առաջանում «ամեն ինչ կարող եմ» միտքը՝ երբեմն «նպատակն արադարացնում է միջոցները» ճանապարհով։ Այսպես է արհեստականորեն ստեղծվում ամենաթողության միջավայր, որում մարդն անում է ցանկացածը, դե, որովհետև, ուժեղ է։ Բայց մարդուն զսպող ինստիտուտներ կան։ Վիճակը բարդանում է, երբ այս զգացումը համակում է պետություններին ու նրանք թելադրում են խաղի նոր կանոններ, նոր կարգեր ու նոր նորմեր։ Նրանց ուժն իրավունք է ծնում։

Ինչպե՞ս է նախադեպն օրինաչափություն դառնում, ո՞վ է ստեղծում նոր կարգերը, ամրագրված կանոնը նաև վերջնակա՞ն կանոն է։ «ՀարցուԳԻՏԱփորձ»-ն այսօր այս հարցերի մասին է։

«Մեր հասարակության մեծ մասը իրավունքն ընկալում է մի քիչ տարօրինակ, յուրովի և ոչ իր էությանը համապատասխան իմաստով։ Հենց այդտեղից էլ ծնում է հարցը՝ արդյոք ուժն է ծնում իրավունք։ Մենք կպարզենք՝ ինչն է ծնում կամ է ով է ծնում իրավունք, երբ պարզենք, թե ինչ ենք հասկանում իրավունք ասելով»։

ԵՊՀ իրավաբանության ֆակուտետի դասախոս Վահե Գևորգյանի հետ հարցի պարզաբանումը ժանրի դասական կանոններով է սկսվում․ հավասարումը լուծելու համար ճանաչենք դրա բոլոր անդամներին։

Քայլ առաջին․ ընդունել, որ սոցիալական էակ մարդը ապրելու համար իր ներքին կարիքների մասին պատմեց արտաքին աշխարհին․

«Մարդը իր շուրջ ստեղծում է որոշակի սոցիալական միջավայր, որոշակի սոցիալական կարգ, որը պարտադիր պայման է իր գոյության պահպանման համար։ Այդ սոցիալական կարգի շարունակական զարգացման արդյունքում դա ձեռք է բերում պատմական բնույթ ու սկսում է գոյություն ունենալ անկախ անհատի վերաբերմունքից այդ հարցին։ Այսինքն՝ որոշակի սոցիալական կանոն սկսում է գոյություն ունենալ»։

Ժամանակի ու պատմության մեջ այդ կանոնները լեգիտիմանում են, հարմարեցվում միջավայրին, ընդհանուր դառնում բոլորի համար։ Եվ որպեսզի այն չսասանվի՝ սահմանվում է հսկող աչք՝ օրինապահ։ Սա պարզ մեկնաբանմամբ՝ միջավայր, մտածողություն, տարածք, լեզու, մի խոսքով՝ պետություն կիսող մարդկանց համար։ Հարցը մեկ աստիճան խորացնելու դեպքում այս մեկնաբանություններն էլ չեն աշխատում․

— Միջազգային մասշտաբում չկա էն մարմինը, որը կարող է պարտադրել հարկադրաբար կատարել միջազգային իրավունքի նորմերը։
— Բա ինչի՞ համար են դրանք էլ։
— Դրանք բարի կամքի դրսևորում են։ Դրանք միջազգային պայմանագրեր են, կոնվեցիաներ են, որոնց պետությունները միացել են կամավոր և պարտավորվել են հետևել դրանց, պահպանել դրանց դրույթները։ Հիմա դա տեղի չի ունենում, և չկա էն մարմինը, որը դա կարող է կարգավորել, վերահսկել։
— Տիրոջ բացակայության խնդիրն է։
— Հա։ Օրենքներ չեն, էդտեղ օրենք չկա։ Պարադոքսը դրանում է։ Մեզ թվում է, թե դա կարգավորվում է․․․ ի վերջո իրոք կարգավորվում է ինչ-որ ձև՝ դիվանագիտական հմտություններով, տարբեր այլ գերուժերի, գերտերություններ միջամտությանը դիմելու միջոցով, ինչ-որ եղանակներով։

Իրավաբանն, ամեն դեպքում, պարբերաբար կրկնում է՝ հակաիրավական քայլեր անելն անթույլատրելի է։ Միևնույն է՝ վերահսկող չկա, չթույլատրող չկա՝ հակադարձում եմ։ Աշխարհաքաղաքական զարգացումներն ու մեր բարի ցանկությունները չեն համընկնում։ Ստացվում է՝ ամեն դեպքում ո՞ւժն է իրավունք ծնողը․

— Սա փակուղի հարց է։ Ես Ձեզ հասկանում եմ՝ Դուք ուզում եք ինչ-որ պատասխան գտնել, ես հասկանում եմ։ Հիմա կարող եմ ինչ-որ բան ասել, օրինակ՝ չէ, ուժ չի․ ոչ նաֆթը, ոչ էներգոռեսուրսը կամ մտավոր պոտենցիալ, որ ունի մենակ էդ երկիրը ու որը սպասարկում է, օրինակ, գերտերություններին։
— Կարծում եք՝ ուժ չի՞։
— Հակաիրավական քայլեր անելու համար ուժ չի։ Դա ուժ չի, պոտենցիալ է։ Պոտնետցիալը հզորությունն է, ներուժը։ Բայց ներուժին տիրապետողին չի տալիս իրավունք՝ գործելու իր հայեցողությամբ՝ ոնց կուզի։
— Բայց նա ավելի հեշտ կներվի։
— Կներվի՞, ո՞վ է ասում։ Դուք գիտե՞ք՝ ժամանակի ընթացքում էդ ներումը ինչի է վերածվելու։ Էս պահի մասին ենք խոսում, բայց կան ժամկետներ, կա պատմություն, կան դարեր, և մենք չգիտենք՝ դա ներվելո՞ւ է արդյոք։

***

Կան ժամկետներ, կա պատմություն, կան դարեր և դրանք ուսումնասիրող պատմաբան Միքայել Մալխասյանը վստահ պնդում է՝ «ՀարցուԳԻՏԱփորձ»-ի հարցի պատասխանը «այո»-ն է։ Ասում է՝ համաշխարհային պատմության ընթացքը նախադեպն է սահմանում․

«Տարածքային ամբողջականությունը որպես սկզբունք ենք ձևակերպում, ազգերի ինքնորոշումը՝ որպես իրավունք և այս տերմինները եկել են դաշտ համաշխարհային պատմության ընթացքի արդյունքում։ Մեզ ծանոթ առաջին աշխարհակարգը, որ ինչ-որ սկզբունքներով ֆիքսել ենք գոնե՝ եվրոցենտրիկ սկզբունքով աշխարհակարգը, Վեստֆայլան համակարգն է, որը ինքնին պատերազմի ծնունդ է»։

Ուժը ստեղծեց աշխարհակարգ, կանոններ, որոնք, եթե որպես մեկնարկային կետ ընդունենք միջազգային իրավունքի սրբազման պահպանման լեգենդը, պիտի անսասան մնային։ Բայց հետո տեղի ունեցավ շրջադարձ․ ավելի ուժեղը հայտնվեց։

«Պատմությունը անընդհատ նոր նախադեպեր է ստեղծում և խնդրեմ՝ համակարգը կա, հետո ճգնաժամեր են ի հայտ գալիս և հանկարծ 18-րդ դարի վերջին տեղի է ունենում ֆրանսական մեծ հեղափոխությունը, Եվրոպան հանկարծ փոթորկվում է և դրա ազդեցությունը նաև Եվրոպայի սահմաններից է դուրս գալիս, և հանկարծ այս գործուղությունների արդյունքում ի հայտ են գալիս նապոլիոնյան պատերազմները։ Նապոլիոնյան պատերազմից հետո նա ինքն էր ուժով փորձում փոխել խաղի կանոնները Եվրոպայում, նրան ուժով պարտադրեցին այլ խաղի կանոններ»։

Ինչ տեղի կունենար, եթե կարգերը հաստատվեին մեկ անգամ և ընդմիշտ։ Այս հարցի պատասխանը գտնելու դեպքում անգամ այն միայն ենթադրությունների վրա էր հիմնված լինելու․ սա երբեք կյանքի չկոչված մտապատկեր է։

«Գնանք հարյուր տարի հետ․ Վերսալ-վաշինգտոնյան համակարգը չի ձևավորվել, առաջին աշխարհամարտը ավարտական փուլում է․ արարատյան դաշտ, թուրքական բանակը ներխուժել է, օսմանյան կայսրությունը փորձում է գրավել Սուրբ էջմիածին, Երևան, ու վերջ՝ հայկական պրոյետը փակել։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ Հայաստանում այդ ժամանակ սկսեին բանավիճել՝ միջազգային իրավունքը ո՞ւմ կողմից է։ Դուք հասկանո՞ւմ եք՝ դա ինչի կարող էր բերել»։

Սարդարապատում կանգնած մարտիկը Հանրապետության կարգուկանոնին չէր ենթարկվում, քանի որ ոչ Հանրապետություն կար, ոչ կարգուկանոն։ Բայց նա իրեն իրավունք էր վերապահել պաշտպանել արժեքներն ու կյանքերը։ Եվ բնավ կարևոր չէր՝ ինչ էին գրել այդ մասին աշխարհի մեծամեծերը կոնվենցիաներում ու համաձայնագրերում․ ապրել էր պետք։

«Դուք պատկերացնո՞ւմ եք՝ միջազգային իրավունքի տեսակյունից․․․զրույցը ներկայացնեմ՝ Արամ Մանուկյանի թիմը և Գևորգ 5-րդ կաթողիկոսը․ մտածում են էվակուացիա պիտի անեն, կաթողիկոսին համոզեք՝ էվակուացիան տեղի ունենա և կաթողիկոսը դնի մտածի՝ միջազգային իրավունքով ճի՞շտ է իմ էվակուացիան այստեղից, թե՞ ոչ։ Գևորգ 5-րդ լրիվ ուրիշ տեսանկյունից է հարցին նայել։ Հարցը դրվել է առաջին հերթին արժեքային և ֆիզիկական տեսանկյունից․ որպես սրբազան հայրենիք, որը տանում է նորից պետության վերականգնամ ճանապահով, տարածք։ Իսկ ինքիշխանության թիվ մեկ բնորոշումը տարածքն է»։

Գոլանի բարձունք․ Սիրիական տարածք Մերձավոր Արևելքում, որը ՄԱԿ-ը համարում է Իսրայելի կողմից բռնագրավված։ Մինչև 1967 թվականը Սիրիայի 14 մարզերից մեկի մարզի մասն էր։ 1967 թվականին Վեցօրյա պատերազմի ժամանակ անցել է Իսրայելի վերահսկողության տակ։ Ո՞ւմն է Գոլանի բարձունքն այժմ։ Հավանաբար՝ ուժեղինը։ Ինչքա՞ն ժամանակով։ Հավանաբար՝ մինչ նոր ուժեր հայտնվի։

Սա եզրակացություն է՝ հիմնված դարերի վրա։ Գուցե պատմությունը, որը սիրում է անակնկալներ, նոր նախադեպ սահմանի և փոխվի կարգը։ Բայց այժմ հարցուգիտափորձերը մի արդյունք են տալիս՝ իրավունքն ուժեղինն է։

Back to top button