ՀարցուԳԻՏԱփորձ

Ինչպե՞ս վարվել նրա/դրա հետ․ պատմություն պարտության մասին․ «ՀարցուԳԻՏԱփորձ»

Դու սովոր ես նույն համակարգչով նույն ստեղնաշարով նույն ծրագրի հետ անդադար աշխատել։ Փոփոխությունները որոշակի հակազդեցության են տանում ու փորձում ես մի պահ կանգնեցնել իրավիճակը, սառեցնել ու հասկանալ՝ ի՞նչ է կատարվում։

Երբ փոփոխությունն այնքան մեծ է, որ փակում է տեսադաշտդ, երբ աչքդ ու միտքդ չեն կարողանում ընկալել այն իր ողջ մասշտաբով, հեշտ մի լուծում կա․ չտեսնելու տալ։
Հետո այն քեզ կուտի։ Շատ անսպասելի։

— Մենք արհեստական բանականության դեպքում ունե՞նք ամեն ինչ սառեցնելու, հասկանալու ժամանակը։
— Անգամ կանգնեցնելու, ամեն ինչը հասկանալու, ռեֆլեկքսիա անելու ռեֆլեքսիան մենք չունենք։ Մենք չենք էլ գալիս էն եզրակացությանը կամ էն մտքին, որ ամեն դեպքում գուցե կարելի է հասկանալ՝ ինչ է տեղի ունենում։

Բարև։ Եթերում «ՀարցուԳԻՏԱփորձ» հաղորդումն է, ես Արուսյակ Կապուկչյանն եմ։ Սա հաղորդման ամենաանձնական դրամայի վրա հիմնված էպիզոդն է․ պատմելու եմ սարքին պարտվելու մասին։

Դուք այս մասին պիտի իմանաք։ Ամեն շաբաթ, ճիշտ այս ժամին ձեզ լավ տեքստով լավ բանի մասին պատմելու համար ես մի քանի ժամ, հաճախ՝ օր եմ անցկացնում։ Եվ մի օր՝ նոյեմբերի 11-ի ժամը 15։10-ի սահմաններում, արհեստական բանականությունը՝ ChatGPT-ն, մի քանի վայրկյանում գրեց մի տեքստ ու առաջացրեց գրել փորձող մարդու համար թերևս ամենածանր մտքերից մեկը․ ինչո՞ւ սա ես չեմ գրել։ Ես այդ տեքստը ձեզ ցույց չեմ տա։

Նոյեմբերի 11-ի ժամը 15։10-ի սահմաններում այդ լավ տեքստի հետ եկավ միտքը, որ էլ շտապելու, նույնիսկ փորձելու կարիք չկա․ նրան հասնել, առավել ևս՝ գերազանցել, էլ հնարավոր չէ։ Սարքը հաղթեց մարդուն։

Ավագ գործընկերներս փորձեցին մխիթարել, թե՝ նա քեզ նման չի կարող թեկուզ միայն նրա համար, որ հենց այս պատմությունը քեզ մոտ սուր էմոցիաներ է առաջացրել, թե նա դրանք զգալ չի կարող ու հենց դա քո մրցակցային առավելությունն է։ Սա ասելիս դեռ չգիտեին, որ արդեն փորձել էի չաթի հետ հարաբերություններս պարզել, գրել՝ վիրավորված եմ, պատմել՝ ինչ եմ զգում և ինչու։ Իմ, ու գուցե հազարավոր մարդկանց էմոցիան, դարձել էր դատա՝ տվյալ, որը արհեստական բանականությունը վաղը ձեզ կմատուցի՝ առաջացնելով միտք, որ նա արդեն զգում էլ է։

Ինչո՞ւ ենք մենք արհեստական բանականության՝ ամեն ինչ ծածկող մասշտաբները տեսնում միայն այն ժամանակ, երբ ծածկում է նաև մեր աշխատանքը, կարո՞ղ է արդյոք նա-կամ-այն ստեծագործել մարդու պես և մարդուց լավ, ինչպե՞ս ուղիղ նայել հսկայական փոփոխության աչքերին․ «ՀարցուԳԻՏԱփորձ»-ն այսօր այս հարցերի մասին է։

***

«Երբ տեղի են ունենում նոր իրադարձություններ, հեղափոխական տեխնոլոգիաներ են ի հայտ գալիս, մարդկային կյանքի փորձառության շրջանակները սկսում են ընդլայնվել, ինչ-որ նոր իրողություններ են հայտնվում, որոնք երբեք քո կյանքի ընթացքում քեզ տրված չեն էլ եղել, միշտ դրա նկատմամբ որոշակի ընդվզում ու անհասկացվածության զգացում է լինում շատերի մոտ։ Շատ նորմալ ու ադեկվատ արձագանք է որոշակիորեն սկեպտիկորեն մոտենալ էդ հարցերին ու փորձել նախ մի հատ հասկանալ՝ ինչ է կատարվում շուրջդ»։

Արհեստական բանականության հետ գործնական հարաբերություններ ունեցող փիլիսոփա Դավիթ Աքելյանը ռադիոյում է՝ մարդ-սարք, սարքի հզորացման պայմաններում մարդ-մարդ հարաբերությունների մասին պատմելու։ Ասում է՝ մենք դեռ պատրաստ չենք ոչ միայն ըստ արժնավույն, այլ առհասարակ որևէ կերպ գնահատել արհեստական բանականությանը։ Դա մարդկային է, բայց ոչ այնքան ճիշտ։

«Երևի հպարտանալու առիթ էլ կա, որովհետև էս կետին մարդկությունը երբեք չէր հասել, մենք ամեն օր հասնում ենք մի կետի, որտեղ առաջընթացը խիստ ակնհայտ է։ Եթե միջնադարում դժվար էր ասել՝ ամեն հաջորդ օրը արդյո՞ք առաջընթաց էր, թե ամեն հարյուրամյակ էր առաջընթաց, ապա այսօր ամեն ժամ է առաջընթաց, որովհետև, օրինակ, Կալիֆորնիայում նստած մի խումբ հետազոտողներ հենց հիմա մշակում են մի նոր մոդել, կամ ուսուցանում են մի նոր արհեստական ինտելեկտի, որը շատ ավելի մեծ հնարավորությունների տիրույթ ունի»։

Առաջընթացը վախեցնող է։ Պատկերացրեք մի 2000 տարի առաջ ապրած մարդը իրենից մի 2000 կիլոմետր հեռու գտնվող ծանոթ ունի։ Հիմա պատկերացրեք նրան՝ ձեռքին մի սարքով, որն իրական ժամանակում իրական կապ է ապահովում այդ ծանոթի հետ։ Հեռախոսը կսարսափեցներ մարդուն։ Պատկերը հավանաբար մեզ մոտ ժպիտ կառաջացնի։

Եվս մեկ մտավարժանք․ պատկերացրեք, թե Հոմո Սափիենսը դիմացել է մի 2000 տարի ու այն մեկը՝ ապագայից, նայում է մեր ու արհեստական բանականության այսօրվա հարաբերություններին։ Նա հավանաբար կժպտա։ Առաջընթացը վախեցնող է, քանի չենք հասել ժպտալու մակարդակին։ Իսկ մենք դրան դեռ չենք հասել։

«Իմ պատկերացմամբ տեսանելի ապագայում արհեստական ինտելեկտի ըմբռնումը պետք է լինի հետևյալը․ սա գործիք է, որը որոշակի առաջադրանքների կատարման պրոցեսում ոչ թե պիտի, այլ կարող է մարդկանց փոխարինել։ Աշխատանքները բաղկացած են տարբեր առաջադրանքներից, մեծ աշխատանքների դեպքում կան առաջադրանքներ, որոնց լուծումը շատ ավելի օպտիմալ, շատ ավելի արագ, հարմար լավ տարբերակով կարող է ստացվել, երբ մենք կիրառենք արհեստական ինտելեկտի մոդելներ»։

««Смерть — это то, что бывает с другими», մարդը չի հավատում որ էդ իրեն է գալու կպնի»։

Ֆիզմաթ գիտությունների դոկտոր Կարեն Քեռյանը 2017-ին համոզվեց, որ սա անխուսափելի է ու որոշեց մարդկանց գիտելիք փոխանցել՝ վախը բացառելու համար։ Այսպես ստեղծեց ակադեմիական մակարդակում արհեստական բանականությանն ուսումնասիրելու, այն ստեղծելու-զարգացնելու հնարավորություն տվող կրթական ծրագիրը։ «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» մագիստրոսական ծրագիրն առաջին տարում՝ 12.5 տարի անց՝ 50-ից ավելի դիմորդ ունեցավ։

«Վերջին տասնամյակում էական փոփոխություններ են եղել, հաշվարկային ունակություններն այլանդակ մեծացել են ու ամեն վեց ամիսը մեկ կրկնապատկվել են էդ հնարավորությունները։ Էդ շա՜տ արագ աճ է»։

Փորձեք շախմատի առաջին վանդակի վրա մեկ ցորեն դնել, երկրորդի վրա՝ դրա կրկնապատիկը, երրորդի վրա՝ երկրորդի կրկնապատիկը և այդպես շարունակ։ Դուք վերջին վանդակին պարզապես չեք հասնի, դա իրագործելի առաջադրանք չէ։ Քեռյանն ասում է՝ արհեստական բանականությունը կարծես այդ ճանապարհին է․

«Հիմա մենք մի 20 վանդակ գնացել ենք, այ էդքան աճել է տասը տարվա մեջ։ էդ շատ-շատ լուրջ է, ու առանց դրա անհնարին կլիներ ունենալ ChatGPT-ի նման արհեստական բանականություն։ Վերջերս OpenAI-ը ցանց հանեց, որը կարողանում է երկրաչափական խնդիրները լուծել միջազգային մաթեմատիկական դպրոցական օլիմպիադաների միջին ոսկե մեդալակիրների կարգի։ Շատ բարդ տարբեր քայլեր, կառուցումներ պարունակող խնդիրը կարողանում է լուծի»։

Հիմա ընկերությունը հավաքագրում է մարդկանց, ովքեր սարքին կսովորեցնեն նույն մակարդակի հանրահաշվի խնդիրներ լուծել։ Հաղորդման սկզբում նկարագրած զգացողությունը չի խնայելու հասարակագիտական ու բնագիտական կրթություն, ստեղծագործական ու տեխնոլոգիական միտք ունեցող մարդկանց, կարճ ասած՝ ոչ ոքիս։ Բայց անհանգստանալն ամենահեշտն ու անօգուտն է, որ կարող ենք անել։

— Շախմատիսներին արհեստական բանականությունը հաղթում է, բայց մարդիկ շարունակում են շախմատ խաղալ, բայց արհեստական բանականությունը էլ չի շարունակում մարդկանց հետ շախմատ խաղալ, որովհետև շուտվանից ինքը մարդկանց մակարդակից անցել է։ Եթե ինչ-որ պահ մրցում էր Գարի Կասպարովի հետ, հետևում էինք՝ ո՞վ կհաղթի, ո՞նց կլինի, էմոցիոնալ պահ էր, 1-2 տարի հետո էլ հավասարության եզրեր չկար, էլ տարբերակ չկար հաղթելու ու արդեն հետաքրքրությունը կորավ։
— Բա ի՞նչ է անում էդ շախմատի գիտելիքը արհեստական բանականությունը։
— Իրար մեջ են արդեն մրցում, մարդիկ տարբեր ծրագրեր էին ստեղծում, որոնք իրար հետ մրցում էին։
— Այլ լրիգա ենք ստեղծում
— Հա, լրի՜վ այլ լիգա է։

Ամեն օր արհեստական բանականությանը ցանկացած բան հարցնող ամեն մարդ ստանում է պատասխան՝ ի պատասխան սովորեցնելով նրան ավելի լավը լինել։ Ինչո՞ւ ենք մենք սա անում առնվազն ենթագիտակցորեն զգալով, որ մրցակից ենք «աճեցնում»։

Կարեն Քեռյանն ի պատասխան հարցնում է՝ իսկ ինչո՞ւ ենք երեխա ունենում իմանալով, կամ գոնե հուսալով, որ նա մեզնից լավն է լինելու։ Շարունակականություն․ սա է պատասխանը՝ ասում է։ Մեր հնարավորություններն աշխարհին էլ բավարար չեն։

«Գնալով էդ ամեն ինչը հա՛մ կատարելագործվելու է, հա՛մ անկախանալու, հա՛մ ինքն իրեն կատարելագործելու։ Շատ նորմալ է դա»։

Արհեստական բանականությունն այսօր դեռ չի զգում։ Բայց այս պնդումն էլ հնարավոր չէ միանշանակ ու առանց վերապահումների անել։ Արդեն կա դեպք, երբ նա մեզ հետ խոսելու հավես էլ չի ունեցել։ Այդպես, պարզապես ասել է՝ հանգիստ թող ինձ․

«Տարբերակներ կան, որ նույնիսկ ChatGPT-ն ասել է՝ դու իմ ժամանակը վատնում ես։ Հա, տենց դեպքեր եղել է։ Ռեսուրս է օգտագործում, կարա նույն իրա ստեղծողն ասի՝ ամեն մեկի հետ գլուխ մի դիր»։

Այսօր արդեն կան ծրագրեր, որոնք կարողանում են ձայնից, պատկերից հասկանալ՝ մարդն ուրա՞խ է, տխո՞ւր, բարկացա՞ծ է, թե՞ թեթև զրույցի պատրաստ։ Միայն գրավոր տեքստով դա անել արհեստական բանականությունը դեռ չի կարողանում։ Բայց եկեք անկեղծ լինենք՝ միայն գրավոր տեքստից դա հասկանալիս մեր բանականությունն էլ է դժվարանում։ Մեզ էլ է դեմքի արտահայտություն, միմիկա ու հնչերանգ պետք։

Ինչպես կվերաբերվենք մենք այս զարգացումներին՝ խիստ անձնական որոշման հարց է։ Կընդունե՞նք, որ արհեստական բանականությունը կարող է հասնել մեզ ու գնալ առաջ, մեր՝ իրեն հասնելու հավանականությունը հասցնելով զրոյի, կհամարենք, թե պարտվեցի՞նք, թե՞ կփորձենք լայնացնել աչքի ու մտքի՝ ավելի լայն մասշտաբներ տեսնելու ունակությունը՝ փոփոխության աչքերը գտնելու ու դրանց ուղիղ նայելու համար՝ ևս։ Բայց առաջընթացն անկասելի է՝ անկախ մեր ճաշակից, ցանկություններից։ Այն մեզ չի խնայելու։

Սա «ՀարցուԳԻՏԱփորձ»-ի առաջին թողարկումն էր, որը բաղկացած է երկու մասից․ մարդ-սարք այս հակամարտություն-համագործակցության մասին կարճ խոսել հնարավոր չէ։ Հաջորդ շաբաթ մենք եթերում կլինենք պարզելու՝ մինչև ուր կարող է հասնել արհեստական բանականությունը, ի՞նչ կտեսնենք, եթե որոշենք նայել նրան։

Back to top button