ՀարցուԳԻՏԱփորձ

Քաոսը ձև, ծավալ ունի՞․ «ՀարցուԳԻՏԱփորձ»

«Մեզ միշտ տանջել է այն հարցը, թե, վերջիվերջո, ի՞նչ են դրանք, չէ՞ որ մենք բնության մեջ մեծ մասամբ հանդիպում ենք անկանոն՝ քաոսային երևույթների»։

Մարդը հերթական անգամ անզոր գտնվելով սեփական հետաքրքրության առաջ որոշեց ուսումնասիրել այն, ինչը մեծ ու դուրս էր սեփական ընկալումներից, ինչն անտեսում էր կանոնները, բացում չպլանավորված ճանապարհներ։ Պարզվեց՝ ուսումնասիրած քաոսը հենց կյանքն է։

— Մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ անհրաժեշտ է որոշակի չափով քաոս ու որոշակի չափով կարգուկանոն։
— Չենք կարող առանց քաոսի և փորձում ենք կառավարել քաոսը։
— Այո, խնդիրը քաոսի կառավարման մեջ է։
— Իսկ «քաոս» բառն, ինքն իրենով, ենթադրում է անկառավարելիություն։

Բարև։ Եթերում «ՀարցուԳԻՏԱփորձ» հաղորդումն է, ես Արուսյակ Կապուկչյանն եմ։ Այսօր փորձելու ենք կանոնակարգել, տեքստի մեջ տեղավորել քաոսը։

***

Մենք այս հաղորդումն ինքնահոսի կթողնենք․ դա կլինի մեր շնորհակալությունը քաոսին ու գիտակցված պատրաստակամությունը` գնալ այնտեղ, ուր հասնելն ի սկզբանե մտքներովս էլ չէր անցել։ Բայց մինչ դրան տրվելը` կատարենք մասնագիտական պարտքը․ հաղորդման հարցն ու պատասխանը՝ հենց սկզբում։

Այսպես՝ ի՞նչ է քաոսն իրականում, ինչպե՞ս է այն կապվում մեր սովորական գործողությունների հետ, այն կառավարե՞լ է պետք, թե՞ վայելել։ «ՀարցուԳԻՏԱփորձ»-ի այսօրվա հարցը` քաոսը ձև, ծավալ ունի՞։ Պատասխանը՝ այո։

Մոտ մեկ տարի առաջ Կալաբրիայի համալսարանի իտալացի մաթեմատիկոսների խումբն սկսեց զարդեր պատրաստել։ Եվ խնդիրը ոչ թե թանկարժեք մետաղների, այլ քաոսի հետ աշխատելու նրանց կարողությունը ցուցադրելն էր։ Նրանք ֆիզիկական ձև տվեցին քաոսին։ Զարդերի հիմքում հավասարումներ ու մաթեմատիկական բարդ սկզբունքներ էին։ Armradio.am կայքում մեզ ունկընդրողները կարող են տեսնել քաոս-զարդերի նկարները։ Եթե լսում եք մեզ FM հաճախականությամբ՝ կա՛մ կայքում տեսեք, կա՛մ պարզապես հավատացեք․ դրանք գեղեցիկ են։

Մոտ կես դար առաջ էր, երբ գիտնականները նկատեցին անհայտության գեղեցկությունը ու սկսեցին ուսումնասիրել քաոսը։ Հիմա վստահ են՝ դա է մեր կյանքը շարունակական, իրադարձությունները՝ հետաքրքիր, մարդուն՝ մարդ դարձնում։

«2-րդ համաշխարհային պատերազմից հետո, երբ Երևանում կառուցվում էր «Հաղթանակ» կամուրջը, Մատենադարանը և ներգրավված էին գերմանացի գերիները, մի երիտասարդ՝ էդուարդ Լոուրենսը օգնում էր մեզ կառուցել մեր Մատենադարանը և աչքի էր ընկնում իր հետաքրքրասիրությամբ։ Դա էլ իրեն օգնեց, որ գերությունից ազատվի։ Վերադարձավ Ավստրիա, դարձավ կլիմայագետ և սկսեց ուսումնասիրել տարբեր կլիմայական օդերևութաբանական օրինաչափություններ»։

Մինչ Էդուարդ Լոուրենսի հետ ծանոթանալը՝ ծանոթացեք․ Արթուր Մկրտչյան, սոցիոլոգիայի պրոֆեսոր, ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան։ 97 թվականին Գերմանիայում գիտական սևեռուն հետաքրքրություն է զգացել քաոսի նկատմամբ և սկսել ուսումնասիրել այն՝ սոցիալական իրավիճակներն ավելի լավ հասկանալու համար։

«Եվ ահա այդ Էդուարդ Լորենսն է, որ հետագայում հայտնագործեց մի երևույթ, որը հայտնի է լայն շրջանակներին որպես թիթեռնիկի էֆֆեկտ։ Ասում է՝ երբ Ատլանտյան օվկիանոսի ինչ-որ մի կողմում թիթեռնիկը շարժում է իր թևերը, կարող է Ատլանտյան օվկիանոսի մեկ այլ կողմում այդ շարժումից առաջանալ փոթորիկ»։

Քաոսին օդերևութաբանական, ֆիզիկական դիտանկյունից մենք դեռ կնայենք։ Բայց նախ՝ կյանքին ավելի մոտ դրվագները։ 2008-ին Արթուր Մկրտչյանը պաշտպանեց իր ատենախոսությունը «Քաոսը՝ որպես սոցիումի ինքնակազմակերպման մեխանիզմ» թեմայով։ Պարզեց՝ քաոսը անհրաժեշտ է ու անխուսափելի։

— Կարծում եմ, որ ամեն մարդ իր անձնական կյանքում խուսափում է, որ ամեն ինչ լինի կարգավորված, կարգուկանոն լինի։ Եթե ամեն ինչ լինի հաշվարկված, կարգավորված, մարդկային կյանքում չի լինի ընկերություն, սեր․․․
— Մենք շատ կձանձրանանք։
— Այո, փոփոխություններ չեն լինի։ Մարդուն բնորոշ է մի քիչ արկածախնդրություն, դա չի լինի և մարդը, երևի, մարդ չի լինի։

Բայց քաոտիկ աշխարհն էլ իր գինն ունի․ մենք չենք կարող կազմակերպել համակեցությունը համատարած ապակողմնորոշվածության պայմաններում։

«18-րդ դարում անգլիացի մտածող Հոբսն է ձևակերպել, ասում էր՝ մարդը մարդուն գայլ է, այսինքն՝ իրավիճակը, երբ ամեն ինչ կարելի է, հանգեցնում է պատերազմ բոլորի՝ ընդդեմ բոլորի։ Իսկ դա, պարզ է, որ մարդկային գոյությանը ամենահիմնական սպառնալիքն է»։

Այսպիսով, Արթուր Մկրտչյանն ասում է, սոցիալական հարաբերությունների հիմքում քաոսն է, դրանց պահպանման հիմքում՝ քաոսի զսպումը։ Խոսենք պարզ օրինակով։

«Հաղորդակցությունն ունի բարդ կառուցվածք, առնվազն 3 տարր կարող ենք առանձնացնել՝ տեղեկատվությունը, այդ տեղեկատվությունը հաղորդումը որպես պրոցես, և այդ հաղորդակցության սելեկցիան կամ ըմբռնումը։ Տեղեկատվության առումով իրավիճակը քաոսային է․ մենք այսօր հանդիպել ենք ու, նախապես չգիտեինք՝ կոնկրետ ինչի մասին ենք խոսելու, կարող է ես, օրինակ, Լոուրենսին չհիշատակեի ընդհանրապես, ձեր մոտ էլ ինչ-որ հարցեր են առաջանում, և այդ հարցերը կարող էին լինել բոլորովին այլ հարցեր։ Եվ իմ պատասխաններն էլ կարող էին լինել բոլորովին այլ։ Անգամ երբ երկուսով հաղորդակցվում ենք, քաոսային իրավիճակում ենք գտնվում
— Եվ դա հրաշալի է։
— Եվ դա մեզ թույլ է տալիս այս հաղորդումը կազմակերպել, թե չէ ինչի՞ մասին կխոսեինք։

Բայց այստեղ ինչ-որ բան պիտի կանոնակարգված լինի։ Մենք անվերջ կարող էինք խոսել, եթե հաղորդումը ձեւաչափ չունենար, եթե նախապես չորոշեինք՝ ինչի մասին ենք խոսելու։ Մեր զրույցը քաոտիկ էր, բայց ինչ-որ նորմերի շրջանակում։ Այսպես, կարծում եմ, մենք չտապալեցինք այս հաղորդումը։ Բայց այս զրույցի ընթացքը կարող էր մեզ հուշել, որ, օրինակ, 10 րոպեն էլ բավարար չէ և «ՀարցուԳԻՏԱփորձ»-ի այս թողարկումը պետք է 30 րոպե լինի։ Համակարգը կփլվեր՝ ուրիշին տեղը զիջելով։ Մենք դա, իհարկե, չենք անի։ Բայց ճիշտ այսպես ավելի մեծ՝ հասարակական կարևորություն ունեցող դեպքերում նորմերով ճնշված՝ փոքր քաոսը զորեղ է գտնվում ու փոխում սովորական ընթացքը։

***

— Պարոն Հակոբյան, ուզում եք ասել՝ քաոսն օրինաչափ է ու կանոնակարգվա՞ծ։
— Այո, օրինաչափ է, բայց նրա օրինչափությունը մի քիչ բարդ օրինաչափություն է։

Ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի նախկին դեկան Ռաֆիկ Հակոբյանը 15 տարի ուսանողներին քաոսի մասին է պատմել։

«Քաոսի տեսությունը գիտության մեջ երրորդ հեղափոխությունն էր, առաջինը համարվում է քվանտային ֆիզիկայի ստեղծումը, երկրորդը հարաբերականության հատուկ տեսությունն էր, որտեղ էլի տարօրինակ առեղծվածային բաներ կան, իսկ երրորդը քաոսի տեսությունն էր»։

Հակոբյանը պատմում է՝ գիտնականները մի օր համարձակվեցին բարձրաձայնել, որ ոչինչ չեն հասկանում․ ֆիզիկայում, քիմիայում, կենսաբանության, բժշկության մեջ, եղանակային ու արժույթային տատանումներում, մարդու վարքում, ամենուր կա մի բան, ինչը դուրս է կանոններից։ Բայց հետո ավելի հետաքրքիր մի բան եղավ․

«Պարզվում է զարմանալի մի բան, որ այդ բոլոր երևույթները կարող են նկարագրվել միատեսակ, նույն մաթեմատիկական հավասարումներով և որ շատ ավելի կարևոր է՝ շատ պարզագույն հավասարումներով։ Կապ չունի դա կենսաբանական խնդիր է, բժշկական, թե ֆիզիկական, գրեթե նույն հավասարումներն են։ Թվում է՝ անկանոնոնությունն ու քաոսը նույնն են, բայց քաոսային վիճակը նախապես դետերմինացված՝ որոշակիացված համակարգի վիճակի փոփոխություն է դեպի անկանոն վիճակ։ Եթե մի քիչ գրագետ՝ համակարգը նկարագրվում է ինչ-որ մաթեմատիկական հավասարումներով, բայց ինչ-որ պարամետրերի արժեքների դեպքում տալիս է գծային լուծում, ինչ-որ պարամետրի արժեքի դեպքում տալիս է քաոտիկ լուծում, դա կոչվում է դետերմինացված քաոս»։

Ստացվում է՝ եթե ինչ-որ երևույթ մեզ ծանոթ մի բանի շեղում է, ապա գործ ունենք քաոսի հետ, եթե ի սկզբանե այդ երևույթի հիմքում որևէ օրինաչափություն չի եղել, ապա խոսքը անկանոնության մասին է։ Առաջինը ճշգրիտ գիտության տեսանկյունից ևս գրեթե ամենուր է, և արժե դրա համար շնորհակալ լինել։

— Տպավորություն է ստեղծվում, որ հիմա ապրում ենք մի կյանք, որը բաղկացած է 2 զարգացումներից՝ քաոտիկ, որից կարելի է օրինաչափություն հասկանալ, և անկանոն, որից օրինաչափություն անգամ չենք կարող հասկանալ։ Լավ, մեր կյանքում մի ստաբիլ բան չկա՞։
— Մեկ-մեկ էլ պատահում են այդպիսի բաներ (հեղ,- ծիծաղում է)։ Բայց քիչ են դրանք։ Ամենապայծառ օրինակ՝ մոլորակները պտտվում են իրենց կենտրոնի շուրջ, ոչ մի քաոտիկ վիճակ չկա, իրենք իրենց օմեգան ունեն, հեռավորություներն ունեն, սիրուն պտտվում են։ Երևի էլի օրինակներ կգտնվեն էլի։

Անվնաս պարզ փոփոխությունները կարող են շրջել ամեն բան։ Կանոնների այս շեղումը հստակ կանոն է կյանքի բոլոր ոլորտների համար՝ հասարակական հարաբերություններ, աշխարհաքաղաքական վիճակ, գիտություն ու բնություն։ Սրանց հիմքը հասկանալ հնարավոր է՝ ապագան կանխատեսել՝ ոչ․ քաոսն սկսվում է մի կետից ու գնում՝ առանց որևէ հստակ ճանապարհի։ Այդ պատճառով գիտնականներն այդպես էլ չկարողացան կանխատեսել, ասենք, եղանակային կանխատեսումները 100 տոկոսանոց ճշգրտությամբ։ Բայց որոշ կանխատեսումներ ունենալու համար անգամ դափնիները քաոսի տեսությանն են։

Քաոս ուսումնասիրող գիտնականները մեզ են ուսումնասիրում։ Սոցիոլոգ Արթուր Մկրտչյանը հարցի սոցիալական, գիտական կողմը ներկայացնելուց հետո ակնարկում է՝ հո ձեզ այս ամենից հեռու ինչ-որ մեկը չե՞ք համարում․

 «Այդ համընդհանուր քաոսի մեջ գտնվում է նաև մեր ուղեղը։ Ավելին ասեմ, պարզվում է, որ եթե մեր սիրտը խիստ կանոնակարգված աշխատի, մենք չենք ապրի, անպայման պետք է լինեն որոշակի փոքրիկ  շեղումներ։ Այդ շեղումներն են, որ կարող են կուտակվել, ինչպես թիթեռնիկի էֆֆեկտի դեպքում, կարող է առաջանալ ռեզոնանս և այդ ռեզոնանսն է, որ կարող է ինքն իր վրա անընդհատ շրջվելով, ինքն իրեն ուժեղացնելով Ատլանտյան օվկիանոսի մյուս կողմում առաջացնի փոթորիկ։ Մոտավորապես նույն մեխանիզմը գործում է մեր մարդկային հարաբերություններում»։

Ո՞րն է եղել այսօր կայացրած ձեր ամենակարևոր որոշումը։ Դուք տա՞ք եք հագնվել, առավոտյան սու՞րճ եք խմել, թե՞յ, ջու՞ր, ոչի՞նչ։ Ո՞ր ճանապարհով եք գնացել աշխատանքի, ո՞ր պայուսակում եք տեղավորել դասագրքերը։ Այս բոլորը, որ ընտրել եք՝ առանց զգալու, ձեր կյանքի ընթացքն է փոխել։ Ամենապարզ այս քայլերը ստեղծում են մի բան, ինչից մենք առերևույթ ամենաշատն ենք խուսափում, բայց ինչի մեջ ենք մշտապես․ քաոս։

Այս բառը, որն ինքն իրենով անկառավարելիություն է ենթադրում, կառավարում է մեզ ու հուշում՝ կյանքի մեջ օրինաչափություններ փնտրեք։

Գիտնականները դա անում ու հաջողում են։ Առօրյա կյանքում տեղ գտած մեկ այլ՝ պարզ հարցի գիտական հիմքերը բացահայտելու ակնկալիքով մենք եթերում կլինենք արդեն հաջորդ շաբաթ։ Դուք լսում էիք «հարցուԳԻՏԱփորձ» հաղորդւոմը։ Այն Ձեզ համար պատրաստեց Արուսյակ Կապուկչյանը։

Back to top button