
«Մարդուն շարժման մեջ է դնում նրա կարիքները։ Մենք ամեն առավոտ արթնանում ենք և կանք, որովհետև կենսաբանական մակարդակով՝ մեր օրգանիզմում, և հոգեկան կառույցներում ի հայտ են գալիս կարիքներ, մղումներ, բնազդներ, ցանկություններ, որոնք ուժեղ են և խորը անգիտակցական խրված են մեր բջիջներում, գեներում»։
Մենք արթնանում ենք, որովհետև ունենք գոյությունը շարունակելու պահանջ և խոսքը բնավ կյանքը շատ սիրելու, դրա գեղեցկությունը նկատելու և դրանից հրաժարվելու անկարողության զգայական մղման մասին չէ։ Մեր օրգանիզմին վառելիք է պետք ու մենք ոտքի ենք կանգնում, որ ուտենք, խմենք, շարժվենք, խոսենք։ Եթե այս կարիքը չլիներ, մենք գուցե չվստահեինք այս աշխարհին (որն անորոշությունն ու վտանգն է, որ կա) և մնայիք մեր փափուկ հարմարավետության մեջ։
«Վերցնենք փոքրիկ երեխային․ երբ նա սննդի կարիք ունի, բղավում է, մարտահրավեր է նետում, որ ինձ բերեք, տվեք սնունդ։ Ու՞մ պիտի վստահի ինքը․ աչքերը փակ վստահում է, ուտում այն, ինչ տալիս են իրեն։ Որովհետև դա գոյության հարց է։ Եթե չուտի, կմահանա»
Բարև։ Եթերում «ՀարցուԳԻՏԱփորձ» հաղորդումն է, ես Արուսյակ Կապուկչյանն եմ։ Նախորդ շաբաթ փորձում էինք հասկանալ՝ ինչու ենք դադարում վստահել մեր սիրելիներին, այս շաբաթ փորձելու ենք հասկանալ՝ ինչու ենք վստահում բացարձակապես անծանոթ մարդկանց։
***
Համագործակցության հնարավոր օգուտն ավելի մեծ է, քան մեկուսացման վտանգը․ սոցիալական էակ մարդը այս պնդման համար հատուկ ապացույցներ փնտրելու կարիք չի տեսնում, բայց մենք դա էլ ենք փորձել անել նախկինում՝ հաղորդման «Ո՞վ է մարդն առանց մարդու» էպիզոդում։
Այժմ առանց այս կետին խորքային անդրադարձ կատարելու կարող ենք ասել՝ մարդուն ավելի ձեռնտու է վստահելն ու համագործակցելը, քան մեկուսանալը։ Բայց ինչպե՞ս և ինչո՞ւ է ձևավորվում այդ վստահությունը, մարդը, ով գությունը պահպանելու համար պատմականորեն միշտ կռվել է արտաքին վտանգի՝ վայրի գազանի, այլ ցեղախմբի առաջնորդի, իր նմանի հետ, ինչո՞ւ է հանկարծ կարողանում դուրս գալ փողոց միայնակ ու ունենալ ներքին համոզմունք, որ, առաջին հերթին, իր հետ ոչինչ չի պատահի, և երկրորդ՝ եթե նույնիսկ պատահի, իր մասին հոգ կտանեն, ուշադրություն, բոլորովին անծանոթ մարդիկ։
Ինչպե՞ս է աշխատում սոցիալական վստահությունը, ի՞նչ բացահայտումներ են արել գիտնականներն այս թեմայի վերաբերյալ և ինչո՞ւ ենք մենք վստահ, որ նրանք ճիշտ են․ «ՀարուԳԻՏԱփորձ»-ն այսօր այս հարցերի մասին է։

«Մարդու գոյության ամենաբազային պահանջմունքներից մեկը անվտանգությունն է։ Եթե մենք նայում ենք հայտնի Մասլոուի բուրգի մեխանիզմով, բացի նրանից, որ մենք ունենք կարիքներ, որոնք են ուտել-խմել-քնելը, որ ապրենք, գոյություն ունենանք, հաջորդ բազայինը անվտանգությունն է։ Մենք դա հատուկ չենք ձևավորում, հատուկ չենք մշակում, հատուկ չենք կիրառում։ Ինքը մեր մեջ կա, ինքը մեր մեջ կա այնպես, ինչպես մեր մեջ կա մտածելը, ինչպես մեր մեջ կա զգացմունքները»։
ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի դոցենտ Դիանա Սարգսյանն ասում է՝ անվտանգությունն ու վստահությունը խիստ սերտաճած երևույթներ են։ Աբրահամ Մասլոուի կարիքների հիերարխիայում վստահությունը թե՛ հիմք է, որի վրա կառուցվում է կարիքը, թե՛ արդյունք, որն առաջանում է կարիքի բավարարման պարագայում։ Մենք վստահությունը կարող ենք դիտարկել բոլոր հինգ մակարդակներում։ Առաջին՝ բազային ֆիզիոլոգիական կարիքներ՝ սնունդ, ջուր քուն․
«Եթե մենք մարդուն ապրեցնում ենք վախերի մեջ, որ քեզ ինչ տան, չվերցնես քեզ ինչ հյուրասիրեն, չվերցնես, չգնաս էս ինչ տեղը, չգնա, էն ինչ տեղը, էս մարդուն չբարևես, ապա մարդը դառնում է կործանված։ «Ես սիրում եմ մայրիկիս»․ դրա 70 և ավել տոկոսը վստահությունն է։ «Ես սիրում եմ խնձոր»․ դրա մեծ մասը այն վստահությունն է, որ էդ միրգն ինձ օգուտ է»։
Սիրո և այդպիսի բարձր երույթների մասին խոսելու համար բարձրանանք Մասլոուի բուրգի աստիճանով։ Կետ երկու՝ անվտանգություն։ Հնարավոր չէ պատկերացնել անվտանգություն առանց կանխատեսելիության։ Եթե մարդը չի վստահում իր շրջապատին կամ համակարգին, օրինակ, ոստիկանությանը, օրենքին, նրա անվտանգության կարիքը մնում է չբավարարված։

«Դուք էսօր ապրում եք, չէ՞, Երևան քաղաքում, Դուք ձեր ձեռքին ունեք հեռախոս, չէ՞, Դուք վստահ եք, չէ՞, որ ինչ֊որ մի բան լինի, Դուք գիտեք՝ ում եք զանգելու։ Վերջ։ Սա էլ հենց այն անկառավարելի վստահությունն է, որ մեր կյանքում կա։ Դուք հիմա էս ձայնագրությանը վստահու՞մ եք, որ տեխնիկական խափանում չի եղել։ Դուք գիտեի՞ք հիմա, որ մեզ խանգարելու են։ Բայց Դուք համագործակցում եք։ Դուք վստահում եք։ Դուք այս միկրոֆոնին վստահում եք։ Հիմա ձեր գործի 70 %–ն անում է այս միկրոֆոնը»։
Այո, վստահությունը կարող է խաբուսիկ լինել․ ձայնագրման պահին տեխնիկական մի խնդիր ընդհատեց մեր զրույցը չնայած նրան, որ ես (գաղափար անգամ չունեմ՝ ինչու) վստահ էի, որ դա չի լինի։ Միկորֆոնը կատարեց իր գործառույթն ամբողջությամբ ու դուք հիմա լսում եք իմ ու Դիանա Սարգսյանի ձայները։ Եթե այն որոշեր չաշխատել՝ ես մի լուծում կգտնեի։ Բայց մենք ամեն օր անգիտակցորեն ու լուռ համաձայնություն ենք տալիս, որ օտար մարդիկ մեզ համար լուծում գտնեն։ Ինչպե՞ս․
«Ասենք վաղուց հաց չեք կերել, փողոցում ուշաթափվել եք։ Անծանոթ մարդիկ շտապօգնություն են կանչում․էս 1 վստահություն։ Այսինքն` դուք վստա՞հ եք, չէ՞, որ քաղաքում քայլելիս, եթե ձեզ հետ մի բան պատահի, ոնց էլ չլինի՝ մեկը կլինի, որ շտապօգնություն կկանչի։ Էս վստահությունը որտեղի՞ց։ 2-րդ, դուք վստա՞հ եք, որ կգան մասնագետներ, կտանեն հիվանդանոց։ Դուք տեղյակ էլ չեք՝ ձեզ ոնց են հանվացրել, հագցրել, տարել MRT։ Ուշագնաց եք՝ ձեզ տանում են, հետազոտում են, աչքերը բացում եք, տեսնում եք մի գեղեցիկ պալատում պառկած եք և մի երիտասարդ բժիշկ ժպտում է ձեզ․Ողջույն, ինչպե՞ս եք ձեզ զգում։ Ո՞վ է էդ բժիշկը։ Անցնում են 2 տարի ու դու տեսնում ես, որ էդ բժշկին բռնեցին մեծ, խոշոր կոռուպցիայով։ Բայց նա փրկել է քո կյանքը։ Դուք ձեր կյանքն եք վստահել նրան»։
Քաղաքագետ Ռոբերտ Փաթնամը տարբերակում է վստահության երկու տեսակ. կապող վստահություն, որը մտերիմների, ընտանիքի անդամների միջև է և կամրջող վստահություն, որը անծանոթների և տարբեր խմբերի միջև է։ Երկրորդը թույլ է տալիս հասարակությանը գործել որպես մեկ ամբողջություն․ եթե մենք սպասեինք մի քանի տարի, կազմակերպեինք մի քանի փորձություն, հաղթահարեինք դրանք ու նոր միայն ասեինք, թե ճանաչում ենք իրար ու կարող ենք համագործակցել, ապա ժամանակակից աշխարհը կանգ կառներ։
Էվոլուցիոն կենսաբան Ռոբերտ Տրիվեսը ավելի ուշ առաջ քաշեց այն գաղափարը, որ վստահությունը զարգացել է որպես «ես քեզ՝ դու ինձ» սկզբունքի արդյունք․ ես չեմ ուզում քեզ տալ իմ ուտելիքի կեսը այսօր, բայց հավատում եմ, որ վաղը դու որս կանես ու ինձ կտաս քո ուտելիքի կեսը, ուստի ես սոված չեմ մնա։ Հետո մարդիկ շատացան ու ամեն ինչ մի քիչ ավելի բարդ դարձավ․ մարդաբան Ռոբին Դանբարը հայտնաբերեց, որ մարդու ուղեղի կեղևի չափը թույլ է տալիս կայուն սոցիալական կապեր պահպանել առավելագույնը 150 հոգու հետ։ Բայց 10-12 հազար տարի առաջ, երբ սկսվեց գյուղատնտեսական հեղափոխությունը, մարդիկ սկսեցին ապրել ավելի մեծ խմբերում ու առաջացավ նոր մարտահրավեր. ինչպե՞ս վստահել մեկին, ում չես ճանաչում։

Այստեղ էլ մարդաբան, էվոլուցիոն հոգեբան Ջոզեֆ Հենրիխը բացատրեց՝ հենց այս մարտահրավերը լուծելու համար առաջ եկան երկու «գործիքներ»։ Առաջինը կրոնն ու հավատալիքներն էին․ «Աստված տեսնում է ամեն ինչ» գաղափարը ստիպեց անծանոթներին պահպանել պայմանավորվածությունները՝ վախենալով գերբնական պատժից։ Երկրորդն արդեն սիմվոլիկ նշաններն էին․ ես բոլորին չեմ ճանաչում, բայց անծանոթի համազգեստը, տոհմային նշանը, ինձ ծանոթ լեզուն հուշում է, որ նա պատկանում է նույն «բարոյական կոդեքսին», ինչ ես։
Դիանա Սարգյանն ասում է՝ այս էտապում, երբ մենք վստահություն կառուցելու նոր գործիքակազմ ձեռք բերեցինք, սովորեցինք մեկ այլ բան ևս․ եթե մենք շատ ենք, ուրեմն կարիք չկա վստահությունը պահպանելու․ չի լինի մեկը, կլինի մեկ ուրիշը․
«Հաշվի առնելով այն, որ բնակչության թիվը զգալիորեն շատացել է, մարդկային հարաբերությունները խտացել են, հաշվի առնելով գլոբալիզացիան, որ էս երկրում լավ չի, ես կարամ գնամ ուրիշ երկրում ապրեմ, մարդն ասում է՝ ես այստեղ երջանիկ չեմ, ես կարող է գնամ ու ուրիշ տեղ ավելի երջանիկ լինեմ։ Միջանձնային հարաբերություններում ավելի շատ է առաջացել բազմաֆունկցիոնալ հարաբերություններ․ եթե առաջ 2 հոգի միավորվում էին, կազմում էին ընտանիք՝ «երրորդն ավելորդ է» սկզբունքն էր գործում։ Հիմա չես հավանում՝ մի հարմարվիր, հենց բռնություն եղավ՝ բաժանվիր, դավաճանեց, վերջ՝ ներել չի կարելի․էս գաղափարախոսությունները հաղթական են դառնում։ Չեմ կարող ասել` դա ճի՞շտ է, թե՞ սխալ։ Բայց ես գիտեմ, որ ինքնավստահություն է դառնում․ «ես գիտեմ, որ եթե ես ամուսնանում եմ կամ ինչ֊որ մեկի հետ սկսում եմ հարաբերություններ, դա կլինի միջանձնային, կոլեգիալ, գործնական, եթե դուրս չեկավ, ես թողելու եմ, գնամ»»։
Այսպես սկզբում ամեն ինչ պարզ էր․ քիչ էին մարդիկ, որոնց վստահել-չվստահելու որոշումը պիտի կայացնեինք։ Հետո մենք շատացանք ու ստիպված եղանք հորինել գործիքակազմ, որով կարող էինք տարանջատել՝ վստահելի է անծանոթը, թե ոչ։ Իսկ հիմա արդեն մի փուլում ենք, երբ չվստահելուց շատ բան չի փոխվի․ մենք այլևս ստիպված չենք վստահել կոնկրետ մարդու կամ խմբի, որ պահպանենք մեր գոյությունը։ Սա այլընտրանքների բազմազանության ժամանակահատված է։
Վերադառնալով սկզբին․ Մասլոուի բուրգ․

Աստիճան երրորդ․ սոցիալական պատկանելիություն՝ ընկերություն, ընտանիք, սեր․ Ըստ հետազոտող Բրենե Բրաունի, սոցիալական կապը պահանջում է խոցելիություն, իսկ խոցելիությունը հնարավոր է միայն վստահության առկայության դեպքում։
Աստիճան 4-րդ․ հարգանքի և ճանաչման կարիք՝ վստահություն սեփական ուժերին, ձեռքբերումներ․ որպեսզի մարդը զգա իր արժեքը, նա պետք է վստահի սեփական որոշումներին և կարողություններին։ Եթե կա ներքին անվստահություն, նույնիսկ արտաքին հաջողությունները չեն բերում բավարարվածություն։
Աստիճան վերին՝ հինգերորդ․ ինքնաիրացում․ բուրգի գագաթնակետին վստահությունը ձեռք է բերում առավելագույն ազատություն։ Ինքնաիրացվող մարդիկ, ըստ Մասլոուի, ունեն ավելի բարձր «կոգնիտիվ վստահություն»։ Նրանք չեն վախենում անորոշությունից, քանի որ վստահում են իրենց հարմարվողականությանը։
Մենք ընտրում ենք վստահելը, քանի որ դա մեզ պետք է ապրելու համար։ Վստահ եղեք, որ ապրելու համար անհրաժեշտ մեկ այլ երևույթի գիտական ու մասնագիտական հիմքերը բացահայտելու ակնկալիքով մենք եթերում կլինենք արդեն հաջորդ շաբաթ։




