
«Եթե մարդը ապրում է, ուրեմն ինքը ինչ֊որ ձևերով, ինչ֊որ մի կերպ, ինչ֊որ բաների վստահում է»։
Օրվան վստահելով մենք արթնանում ենք, աշխարհին վստահելով՝ դուրս գալիս տնից, մարդկանց վստահելով հայտնվում բանուկ հատվածներում։ Մենք վստահ ենք, որ սուրճ պատրաստողը շաքարի հետ թույն չի ավելացնի, ավոտբուսի վարորդը չի շեղվի երթուղուց։ Վստահությունը մեզ օգնում է ապրել։ Հետո այն ջախջախվում է, ու ապրելը թվում է անհնար։
«Ասել, որ վստահությունը բացառապես հոգեկան և ճանաչողական գործընթաց է՝ ոչ։ Վստահությունը կենսաբանական, հոգեհուզական, ճանաչողական, վարքային․․․մի հատ ա՜յ սենց բազային կոնցեպտ է»։
Բարև։ Եթերում «ՀարցուԳԻՏԱփորձ» հաղորդումն է, ես Արուսյակ Կապուկչյանն եմ։ Այսօր փորձելու ենք հասկանալ՝ ո՞ւր է կորում վստահությունը։
***
Եթե ունենայինք միանգամից երկու գերբնական ուժ՝ հետ գնայինք մի քանի հազարամյակ և կարողանայինք կարդալ այնտեղ ապրող մարդու մտքերը, մեծ հավանականությամբ այսպիսի մի պատկեր կտեսնեինք․ շարժվող ցանկացած բան տեսնելիս նա կմտածեր՝ սա ինձ կուտի՞, թե՞ կարող եմ հետը մամոնտի որսի գնալ։ Գոյաբանական այսպիսի հարցերի պատասխաններ փնտրելիս մարդը դժվար թե մտածեր «վստահություն» հասկացության մասին, բայց դժվար չէ գլխի ընկնել, որ հենց սա է ընկած մարդ-մարդ, մարդ-աշխարհ հարաբերությունների հիմքում։
Կանխատեսելիություն․ ահա ամբողջ գաղտնիքը․ եթե գիտես, որ ուրբաթ երեկոյան ընկերդ չարաշահելու է ալկոհոլը ու քեզ համոզի լսել հերթական անեկդոտը, ապա սկսում ես վստահել այդ գործողության լինելիությանը, անգամ եթե շատ չես սիրում այն։ Եվ վստահությունը քանդվում է հենց այս սպասման փլուզումից։ Երբ մարդը դադարում է լինել այնպիսին, ինչպիսին, ըստ մեր ուղեղի, էր, մենք մեզ մի փոքր հիմար ենք զգում։ Իսկ դա ամենահաճելի զգացողությունը չէ։ Ու մենք սկսում ենք պաշտպանվել հետագայում նման զգացողություն ունենալու հեռանկարից։
Ամեն անգամ այդ պաշտպանական գործողությունը սկսելիս մենք ասում ենք՝ դե ես վստահության խնդիր ունեմ, չեմ վստահում։
Արդյո՞ք հնարավոր է ապրել ու չվստահել, ի՞նչ է վստահությունը, ինչպե՞ս է ծնվում, ինչպե՞ս է մահանում, մահանո՞ւմ է արդյոք․ «ՀարցուԳԻՏԱփորձ»-ն այսօր այս հարցերի մասին է։

«Երբ մենք մարդկանց հարցնում ենք, թե ինչ ես զգում վստահելիս, ասում է` հավատում եմ՝ վստահում եմ։ Բայց վստահությունը միայն հավատի հիմքի վրա չի ձևավորվում, վստահությունը միայն հույսի հիման վրա չի ձևավորվում, այլ հսկայական վերլուծահամադրական գործընթացի արդյունք է, երբ մարդը փաստերի և հանգամանքների վերլուծության արդյունքում կատարում է եզրահանգում»։
Այս բարդ գործընթացից գլուխ հանելու փորձն այսօր անելու ենք ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի դասախոս Դիանա Սարգսյանի հետ։ Ասում է՝ վստահությունը եռաշերտ է, առաջինի հիմքում կանխատեսելիությունն է, ենթադրությունը․ եթե գնամ հիվանդանոց, առողջական խնդիրներս կլուծեն։ Երկրորդի հիմքում՝ հույզը․ես սիրում եմ իմ մայրիկին, ուստի վստահում եմ նրան, երրորդի հիմքում՝ հավատը փաստի նկատմամբ՝ աչքովս տեսնում եմ մարդու կրթության հավաստագիրը, վստահ եմ, որ նա ունի կրթություն։ Սրանցից որևէ մեկը առաջնային չէ, որևէ մեկը միանշանակ չէ․
«Օրինակ` դուք տեսնում եք ինչ֊որ մի մասնագետի, ենթադրենք՝ իրավաբան։ Ունեք խնդիրներ օրենքի հետ, դիմում եք իրավաբանին, գնում եք գրասենյակ, տեսնում եք` դե գրասենյակը կա, ինքը՝ կոկիկ-պաշտոնական, սերտիֆիկատներ կան, գրագետ խոսում է և այլն, և այլն, և այլն։ Կարծես թե իմ ասած 3-րդ տարբերակն է․ մենք վերլուծելով փաստերը գալիս ենք եզրակացության, որ դե ի՞նչ ունենք կասկածելու։ Բայց հաջորդ օրը գնում եք, տենում եք՝ էդ օֆիսը չկա, ինքը չկա, թղթեր չկան, էդ մարդը չկա։ Միայն փաստի վրա հիմնված վստահությունն էլ ճիշտ չէ, այսինքն՝ վստահությունը խորը, հոգեբանական բարդ կառույց է, որն իր մեջ պարունակում է և՛ հույզեր, և՛ կանխատեսում, և՛ վերլուծահամադրական հատված»։
Եվ եթե կան բոլոր կետերն անգամ, դուք կարող եք խաբվել ու ասել ականջին խիստ սովորական դարձած խոսքերը՝ ես էլ չեմ վստահում։ Բայց մինչ վստահության ենթադրյալ վախճանին անդրադառնալը խոսենք այն մասին, թե ինչպես է այն ծնվում։ Ըստ հոգեբանի՝ այդ ծնունդը տեղի է ունենում մեր ծնունդից էլ առաջ։ Երեխան ծնված պահին իրեն անվտանգ է զգում կոնկրետ մարդկանց միջավայրում և ահասարսուռ բղավում՝ այդ մարդկանցից բացակայության պահերին։ Այն ավելի գիտակցական է դառնում փոքր-ինչ ավելի ուշ․
«Վստահությունը բազային զգացողություն է, այն մինչև կոգնիտիվ հասնելն արդեն ձևավորված է։ Ե՞րբ է ձևավորվում վստահություն` ներարգանդային կյանքից սկսած։ Շատ գիտնականներ ասում են, որ երեխայի ծնունդն առաջին քայլն է, երբ երեխան պատրաստ է դուրս գալ լույս աշխարհ, կտրվել մորից, այդ օրգան-համակարգից առանձնանալ, երբ նա արդեն վստահ է, որ ինքնուրույն ապրել կարող է։ Սա, իհարկե, բարդ հոգեկան զարգացման էտապ է։ Բայց մարդկանց համար ակնառու է, որ վստահությունը սկսվում է առաջին իսկ ամիսներից։ Օրինակ, երբ երեխան անհանգստություն ունի, բղավում է այնքան, մինչև իրեն գրկեն։ Գրկելուց առաջանում է վստահություն, որ ես ապահով ձեռքերում եմ։ Հաջորդը, երբ երեխան ոտքը դնում է գետնին, վստահ է, որ ինքը կքայլի, երբ ձեռքը մեկնում է ծնողին վստահ է, որ ծնողն իրան օգնելու է»։

Այսպես, ըստ հոգեբանի, վստահությունը կա ի սկզբանե և շարունակում է գոյություն ունենալ՝ մինչև վերջին պահը։ Հակառակ դեպքում մենք պարզապես չենք ապրի, քանի որ չենք վստահի հողին, որի վրա դնում ենք ոտքը, օդին, որը շնչում ենք, դռանը, որը բացում ենք ու ներս մտնում մի փակ տարածք, ասենք՝ խանութ։ Այդ դեպքում ինչպե՞ս է ստացվում, որ մեր վստահությունը խալխլվում է․
— Վստահությունը տուժման խնդիր չէ։ Հուզականության տուժման խնդիր է․ կա տագնապ, կա վախ, կա անհանգստություն կա մտորում, կա կասկած․․․
— Եվ չկա վստահություն․․․
— Եվ վստահությունը քողարկվում է դրանց տակ։ Մարդը չի կարող առանց վստահության, լա՞վ։ Վստահությունը կա, ուղղակի այն լավ շղարշվում է, օրինակ` վախերով, տագնապով, անհանգստությամբ կամ համոզմունքներով, դիրքորոշումներով։ Օրինակ` բոլոր տղամարդիկ դավաճան են ու վերջ։ Եթե դրա վրա էլ ձևավորվում է համոզմունքը, ուրեմն այո, դու կարող ես էլ ամբողջ կյանքում անձնական հարաբերություններ չունենալ այն խորին համոզմամբ, որ վատ է լինելու։ Բայց սա վստահության հետ, գիտեք, կապ չունի։ Սրա վրա մի հատ մեծ տագնապ կա դրված, և երբ մենք ասում ենք մարդկանց՝ ձեր հոգեբանական խնդիրների հետ պետք է զրուցել, հենց ամբողջ զրույցների հոգեբանական իմաստն այն է, որ մարդիկ տարանջատում տան իրենց հոգեկան ապրումներին։ Ես չեմ վստահո՞ւմ, թե՞ վախենում եմ վստահել։ Սա է խնդիրը։
Վստահությունը երբեք անհետ չի կորում և չի հասնում զրոյական կետի՝ վստահ է հոգեբանը։ Մենք պարզապես փորձում ենք պաշտապնել մեզ այն վտանգներից, որոնք, մեր կամ մեր հարազատների կենսափորձը դիտարկելով կարծում ենք, թե կարող են լինել։ Ուստի ջանում ենք, որ այն վստահությունը, որն ունենք ի սկզբանե, գոնե թաքցնենք, չարտահայտենք լիովին ու դրանով իսկ ապահովագրվենք ապագա վտանգներից։
Այսպես ստացվում է, որ վստահելը լավ է, քանի որ առանց դրա չենք կարող ապրել, և լավ է նաև չվստահելը, քանի որ այդ միջոցով կարող ենք պաշտպանվել, լինել անվտանգ։
Ի՞նչ անել այն դեպքում, երբ նախկին փորձը ահազանգում է՝ «եթե վստահես՝ կցավի»։
Մարդու գոյության առաջին պահանջմունքներից մեկը անվտանգությունն է և ինքնապաշտպանության բոլոր գործիքակազմները բնական են ու անքննելի։ Ոչ թե անհրաժեշտ է այնպես անել, որ մարդը դադարի պաշտպանվել, այլ օբյեկտիվորեն գնահատի հնարավոր վտանգներն ու ինքն իր տագնապների զոհը չդառնա՝ ասում է հոգեբանը։

«Դրանք նախկին փորձառությունից մնացած վախի, տագնապի և հուզմունքի հետքերն են, որոնք գալիս են, պատում են վստահությունը, և եթե դու քո նախկին տրավման չհաղթահարես, ինքը տեղափոխվում է մեկ այլ դաշտ։ Իսկ որտե՞ղ է ողջամտությունդ, որ սա նույնը չի, դու նույնը չես, դու առաջվանը չես․ բա էս փաստե՞րը։ Դու 10 տարի առաջ խաբվել ես, ենթադրենք՝ փորձառություն չի եղել, բայց դու հիմա հո 10 տարվա առաջվանը չե՞ս, էս ամուսինը հո քո նախկին ամուսինը չէ՞, այս կինը հո քո նախկին կինը չէ՞։ Իրավիճակ է փոխվել, դերեր են փոխվել, տարիք է փոխվել, ժամանակ է փոխվել։ Եթե դու էս նոր իրողությունում չես կարողանում գործի դնել քո հոգեկան կառույցները, նշանակում է` դու տրավմաներով ես ապրում, որոնց մեծ մասը հույզեր են»։
«Եթե մենք վախենանք ապրել ու ոչ մեկի չվստահենք, ոչ մեկի չհավատանք, ոչ մեկի հետ հարաբերություններ չկառուցենք, էդ էլ է անվտանգային խնդիր դառնում։ Մարդը հայտնվում է փակուղու մեջ։ Բայց շատ չսահմանափակենք․ եթե ես շատ վստահելի հարաբերություններ ունեմ բոլորի հետ՝ ընկերների, կոլեգաների և այլն, բայց միայն հակառակ սեռի հետ ունեմ էդ խնդիրը, դա դեռ էդքան սարսափելի չի, որովհետև իմ վստահությունը գործի դրվում է կյանքում։ Հա, էս մի տեղով տրավմա ունեմ, էս մի տեղով ես շատ զգուշավոր եմ»։
Եթե կա սեր, ապա կա վստահություն, եթե կա ապրելու պահանջ, ապա կա վստահություն։ Երկուսն էլ կան անխուսափելիորեն՝ ասում է Դիանա Սարգսյանը և հորդորում գտնել սեփական վախերի հետ լեզու գտնելու ճանապարհը։ Իսկ այժմ՝ վատ հետևանքների մասին․
«Դրանով դու չես վնասում ուրիշին, դրանով դու չես պատժում դիմացինին, դու չես ասում` այ ես քո հետ չշփվեցի, դու կուղղվես։ Չէ, տենց բան չկա։ Այսինքն` եթե մենք մարդկանց չենք վստահում, նրանց հետ չենք շփվում և գերկասկածամիտ ենք, դա արդեն դառնում է պարանոյալ ակցենտացված վարք․ տեսնես խի՞ սենց ինձ ասեց, ժպտաց, բարևեց՝ տեսնես դրա տակ ի՞նչ կա։ Տենց ապրել ուղղակի հնարավոր չէ»։
Վստահությունը մի բան է, ինչի շուրջ կառուցվում է մեր կյանքը ու մի բան, որը մենք սովորաբար չենք նկատում։ Այն սկսում է աչքի ընկնել այն ժամանակ, երբ խոցվում է, երբ թվում է՝ սեփական կյանքը դարձավ անվերահսկելի, երբ կոտրվեց մեր սպասումն ու պատկերացումը ու երբ առաջացավ «ինձ, կարծես, փոքր-ինչ հիմարի տեղ դրեցին» միտքը։ Բայց, ըստ մասնագետների, ավելի հեշտ ու ապահով է մտածել ու աշխատել տեղի ունեցածի հետ, քան տագնապները փոխանցել մի օրվանից մյուսը, մի դեպքից մյուսը, մի մարդուց մյուսը։




