
— Բոլոր մարդիկ` անկախ իրենց ինտելեկտուալ և սոցիալական կարողություններից, կյանքի ընթացքում կարող են ունենալ նախանձի զգացողություն։
— Դա նորմա՞լ է։
— Նորմալ է։ Հարց է, թե ինչպես է դա դրսևորվում գործողությունների և վարքի մակարդակում։
Իսկ դուք ի՞նչ եք զգում «շնորհավորում եմ, ուրախ եմ քեզ համար» ասելիս, ի՞նչ է տեղի ունենում, երբ ցուցափեղկում փայլող հագուստը այլ մարդու ավելի է սազում, քան ձեզ, երբ աշխատավայրում բոլորի ներկայությամբ հնչում է պաշտոնի բարձացում ստացած աշխատակցի անունը և այն ձերը չէ, երբ հայրիկը ձեր քրոջը կարծես մի քիչ ավելի պինդ գրկեց, մայրիկն ամենահամեղ կտորը տվեց եղբորը։
Եթե այս բառերը լսելիս անհարմարության զգացում առաջացավ, ապա դուք մենակ չեք․
մարդիկ հաճախ են նախանձում։
«Այս զգացողությունն ունեցող անձի համար շատ ծանր է լինում, որովհետև ներսից կա ինքնաքննադատություն, դժգոհություն սեփական անձից, անարդարության զգացողություն և անկախ նրանից՝ արտաքուստ, վարքի մակարդակում ինչպես է դրսևորվում, անձը ներսից իրեն զգում է ոչ այնքան լավը»։
Բարև։ Եթերում «ՀարցուԳԻՏԱփորձ» հաղորդումն է, ես Արուսյակ Կապուկչյանն եմ։ Այսօրվա էպիզոդը մարդու հերթական մութ կողմի մասին է։
***
«Աչք մի՛ ունեցիր քո ընկերոջ տան վրա… նրա ծառայի վրա, նրա աղախնի վրա, նրա եզան վրա, նրա էշի վրա և այն ամենի վրա, ինչ քո ընկերոջն է»․ Աստվածաշունչ, հին կտակարան, Ելք գիրք։
Մեզ սովորեցրել են, որ նախանձը մարդու հոգու ամենակործանարար արատներից մեկն է, որը դրդում է չարիքի ու ողբերգության, սնուցում է ատելություն, ուրիշինը քոնը դարձնելու ցանկություն։
Այն վատ բան է։
Այս մեղք նաև հաճույք չի պատճառում՝ չունի որկրամոլության քաղցրությունը, ցանկասիրության կրակը։ Միայն անհարմարություններից բաղկացած այս զգացումը, սակայն, ծնվում է գրեթե բոլոր մարդկանց կյանքի ինչ-որ փուլում, մեկի մոտ՝ ակնթարթային անհետացման, մեկ ուրիշի մոտ՝ հավերժ մնալու ու սիրտ մաշելու հավակնությամբ։
Ինչպե՞ս է առաջանում նախանձը և ինչպե՞ս պայքարել դրա դեմ։ Պայքարե՞լ դրա դեմ։ Կա՞ իրավիճակ, երբ այն դրական ազդեցություն ունի։ Նախանձը բարի լինո՞ւմ է․ «ՀարցուԳԻՏԱփորձ»-ն այսօր այս հարցերի մասին է։

«Խնդիրների ժամանակ մտածողության 2 հիմնական մոդել է դրսևորվում․ մեկը՝ դեպի ներս, մեկը՝ դեպի դուրս այն իմաստով, թե խնդիրները ինչ պրիզմայով ենք մեկնաբանում։ Խնդիրների համար պատասխանատու եմ ես կամ մեղավոր եմ ես»։
Երբ խոսակցությունը սկսում ենք այս մեկնարկային կետից պարզ է դառնում, որ քննարկվող խնդրի՝ նախանձի հետ վարվելու ճանապարհները ևս երկուսն են։ Այդ ճանապարհները, դրանցով անցնելու դժվարությունները, հետևանքներն ու արդյունքները փորձել ենք հասկանալ հոգեբան Մարիամ Մելքումյանի հետ։ Նա ժողովրդական-խոսակացական «բարի և չար նախանձ» ձևակերպման համար «կառուցողական և ոչ կառուցողական նախանձ» այլընտրանքն է առաջարկում»
«Կառուցողականի դեպքում մարդը հակված է որոշ գործողություններ և ջանք ներդնելուն, որ ինքն էլ հաջողի։ Ոչ կառուցողականի դեպքում ունենում ենք բամբասանք, չարախոսություն, նախանձի օբյեկտին իջացնելու հակում, սկսում են արժեզրկել, քննադատել և այդ քննադատության միջոցով փորձում են կոմպենսացնել ներքին չբավարարվածությունը, որովհետև երբ համեմատվում են, կարծես թե նաև ինքնազգացողությունն է վատանում, ունենում ենք կոնֆլիկտներ, ընդհուպ մինչև ագրեսիայի դրսևորում և, իհարկե, հարաբերությունների վատթարացում»։
Ճապոնացի գիտնական Հիդեհիկո Տակահաշին և նրա թիմը 2009-ին Science ամսագրում մի հետազոտություն հրապարակեցին պնդելով՝ նախանձելիս մենք ֆիզիկական ցավ ենք զգում։ Ըստ հետազոտության՝ երբ մարդիկ կարդում են իրենցից ավելի հաջողակ, հարուստ կամ տաղանդավոր մարդկանց մասին, ակտիվանում է նրանց ուղեղի առաջնային գոտային կեղևը, որն ակտիվանում է ֆիզիակական ցավ զգալու դեպքում։ Պատճառաբանվում է, որ նախանձի «ցավը» սոցիալական վտանգի մասին հայտնող ահազանգ է․ եթե դիմացինը քեզնից լավն է, նշանակում է՝ քո սոցիալական կարգավիճակը վտանգված է, և ուղեղը ցավի միջոցով ստիպում է քեզ «արթնանալ» ու գործել։
Բանալի բառը հենց սա է․ դու արթնանում ես ու գործում, որ ավելի լա՞վը դառնաս, թե՞ որ չեզոքացնես «քեզնից լավին»․

«Մենք չենք կարող լինել իդեալական։ Մենք ունենք որոշակի առավելություններ և ունենք կողմեր, որոնք կուզեինք բարելավել։ Մենք անընդհատ զարգանում ենք, ձևափոխվում ենք, ունենում ենք առաջխաղացում և հակառակը։ Բայց կարևոր է, թե անձը ոնց է վերաբերվում իր իսկ ունեցած էմոցիային։ Ես տխրեցի, ես ինձ համեմատեցի, անհաջողություն ունեցա, միգուցե մրցութային իրավիճակ էր, ինձ չընտրեցին, աշխատանքի ընտրություն էր կամ համալսարանական կյանքում, դպրոց առօրյայ հարաբերություններում ինձ այդքան էլ ուշադրություն չտվեցին, ուրի՛շը ստացավ այդ «լուսապսակը», հաղթական ուշադրությունը։ Արդյունքում մենք ունենում ենք տարբեր էմոցիաներ` տխրում ենք, բարկանում ենք, ուրախանում ենք, հիասթափվում ենք։ Պարզվում է` ոչ թե իրավիճակն է ուղիղ պատասխանատու էմոցիայի համար, այլ իրավիճակի և իմ ունեցած էմոցիայի ու վարքի միջև կա վերաբերմունք՝ ընկալում, ու պարզվում է մեր ընկալումը, վերաբերմունքը պայմանավորում է մեր զգացածը, հետագա վարքը ու նաև մեզ օգնում է, որ ինքնակարգավորում անենք»։
Այսպիսով կա փաստ՝ մենք ունենք նախանձ զգալու բազմաթիվ առիթներ, ու կա երկու ճանապար՝ այդ զգացողությունը կարող է ծառայել ի օգուտ կամ ի վնաս մեզ։ Մեկ կարևոր շեշտադրում․ մարդը, ում նախանձում եք, այս պատմության հետ ընդհանրապես կապ չունի։
«Մի տարբերակ․ իմ վերաբերմունքը, ընկալումը, ինձ ասում է, որ անարդար է, անարժան էր, չպետք է լիներ, կամ չար էր, ուրիշ միջոցներով է հաջողել։ Մյուս տարբերակ, որ միտքս, վերաբերմունքս ասում է` հա, ես էլ կուզեի, շատ տխուր է էս պահին, հեչ լավ չէ, բայց ինչ արած, տենց պատահում է, մի հատ հասկանամ` ինչ կարամ անեմ հետոյի համար։ Էս վերաբերմունքի փոփոխությունը էնպես չի, որ քեզ երջանկություն է բերում էդ պահին, դու էլի տխրում ես, որ էդ իրավիճակում դու չեղար քո ուզած վայրում և դիրքում, բայց սպառման մակարդակը իջացնում է»։
Այսպես դու չես սպառում ռեսուրս՝ էներգիա ու ժամանակ, չես գեներացնում ատելություն, ստեղծում ես աճի հեռանկար։ Բայց խոսելը հեշտ է։
Ի՞նչ անել իրականում այս խնդրին բախվելիս, որ գործողություններն այս բառերի պես սիրուն լինեն․

«Շատ կարևոր է գիտակցել, թե այս պահին ինչու ես այս արձագանքը ունեցա։ Նախանձի տակ կան բարդ էմոցիաների, հնարավոր է ինչ֊որ մեկի մոտ նախանձի զգացողություն առաջանա, որովհետև իրեն համեմատեցին, որովհետև ինքը ունի դիրքորոշում, որ միշտ պետք է հաջողի և առաջինը լինի, որովհետև վերջին շրջանում միշտ ձախողում է ու ևս մեկ իրավիճակ եղավ, որ փաստեց իր «անկարողությունը»։ Լինում է, որ մարդիկ չեն գիտակցում նախանձի զգացողությունը, չեն էլ ընդունում, որովհետև այդ սոցիալական պիտակը կա, որ դե նախանձելը վատ բան է, ու եթե դու նախանձում ես, ուրեմն չար ես, վատն ես։ Վստահ են, որ դիմացինը անարդար վարվեց, վստահ են, որ դիմացինը արժանի չէր, չպետք է իրենը լիներ, բայց ուշադրությունը չեն ուղղում դեպի ներս ու հասկանան, թե ինչու այդպես արձագանքեցին»։
Սոցիալական մեդիան բացել է մեր աչքերն ու վերացրել հեռավորությունը։ Առաջ նախանձելն ավելի բարդ էր․ մարդը տեսնում էր միայն իր նեղ շրջապատի կյանքն ու կենսակերպը, իսկ հիմա՝ աշխատանքային օրվա աշխատանքային ժամին ոսկեգույն, փափուկ ավազով ծովափին շքեղ լողազգեստով կոկտեյլ խմող այն աղջիկը ազդում է աշխատավայրում վազվզելիս հոգնած ու մի պահ սոցցանց մտած մարդու նյարդերի վրա։
Մի փոքրիկ հիշեցում և անցնենք առաջ․
«Քեզ թվում է` ինքը ավելի երջանիկ է, ավելի բավարարված է և իր մոտ ամեն ինչ ավելի լավ է։ Բայց հաճախ մենք ցույց ենք տալիս բաներ, որոնք չենք զգում։ Շատ հնարավոր է երջանկության էմոցիաներ և կադրեր տեսնես, բայց իրականում այդ կադրերի հետևում թաքնված են տագնապներ, թաքնված են տարբեր հոգեբանական խնդիրներ, բայց մենք տեսնում ենք միայն վերևի հատվածը։ Ու մեդիան ինչքան շատ ենք փորփրում, էնքան շատ է լինում միտքը, որ ոնց որ թե իմ հետ մի բան էն չի»։

Այսպես, հոգեբանն ասում է՝ այս զգացման առաջացման համար պարարտ հող կար։ Եվ ահա մի քանի հարց, որ կարելի է տալ նախանձն ի օգուտ մեզ ծառայեցնելու համար․
«Եթե հոգեթերապիայի չենք գնում, ապա ահա կարևոր մի քանի հարցեր ինքնօգնության ու ռեֆլեքսիան շարունակելու համար․ առաջինը՝ Ի՞նչ իրավիճակներում եմ ես նախանձ զգում ու հատկապես ի՞նչ տեսակ մարդկանց եմ նախանձում, որովհետև երբեմն մենք այլոց մեջ չենք սիրում էն ինչի կարիքը մենք իրականում ունենք։ Այսինքն` ես էլ կուզեի լավ նախաձեռնող լինեի, անկաշկանդ լինեի, խոսեի, բայց իմ մոտ էդ մի տեսակ չի ստացվում, ու ես սկսում եմ լարվածություն զգալ ու կարող է էդ մարդու հանդեպ նախանձ զգամ, լրիվ ուրիշ կետերի կպնեմ, բայց դրա տակ լրիվ այլ բան թաքնված լինի։ Ուստի պետք է հարցնել` ի՞նչն է հատկապես, որ էդ մարդու մեջ կուզեի ես էլ ունենամ, ի՞նչն է, որ իմ մեջ չկա, ու ես չեմ ընդունում, կուզեի բարելավեմ և ի՞նչ է ինձ տալիս սա»։
Մենք կարող ենք փոխվել ու դառնալ մեզ համար ամենադուրեկան տարբերակը՝ վստահ է հոգեբանն, ով հենց սա անելու ավելի լայն հանարվորություններ ունենալու համար է խորհուրդ տալիս ուշադիր նայել այն ամենին, ինչին նախանձում ենք անգամ այն պարագայում, եթե նախանձը դարձել է սովորական, չնկատվող մի բան։ Այն ձեզ ձեր մասին շատ բան կպատմի։
Այդպես չնկատվող, բայց մեր կյանքի ընթացքը որոշող մեկ այլ երևույթի գիտական ու մասնագիտական հիմքերը պարզելու ակնկալիքով մեքն եթերում կլինենք արդեն հաջորդ շաբաթ։




