ՀարցուԳԻՏԱփորձ

Ո՞րն է այն աշխատանքը, որը գեղեցկացնում է մարդուն. «ՀարցուԳԻՏԱփորձ»

«Բռնության տարբեր ձևեր կան։ Դրանցից ամենաանտանելին ու անհեթեթը այն բռնությունն է, որ մարդն ինքն իր հանդեպ է գործադրում։ Դա ինքդ քո կարիքների հանդեպ անկեղծ չլինելն է»։

Տուն պահելու կամ տուն սարքելու, մի փոր հացի կամ մի ամիս հանգստի, հասարակությունից դուրս չմնալու կամ ինքն իր աչքից չընկնելու համար մարդն անխուսափելիորեն դիմում է այս համընդհանուր ծեսին. աշխատանք, ու ըստ դրա հաճույք կամ տանջանք է ընտրում։

«Հայաստանում լինել բանաստեղծ. դա փոխհատուցում ակնկալելու տեսանկյունից չափազանց անհեթեթ ընտրություն է։ Բա էդ դեպքում ինչո՞ւ ենք զբաղվում»։

Բարև, եթերում «ՀարցուԳԻՏԱփորձ» հաղորդումն է, ես Արուսյակ Կապուկչյանն եմ։ Այսօր պարզելու ենք՝ ո՞րն է այն աշխատանքը, որը գեղեցկացնում է մարդուն։

***

«Մտավոր ու ֆիզիկական լարում պահանջող՝ մարդկային նպատակադիր գործողություն», «Իր դերի՝ իրեն հատուկ գործողության կատարում», «Ջանք, ճիգ». Մանուկ Աբեղյանը աշխատանք բառի 9 բացատրություն ուներ։ Եթե աշխատաշուկայում հարցուփորձ անենք, հավանաբար ամեն աշխատող նոր մի սահմանում կավելացնի հեղինակավոր լեզվաբանի ցանկին։ Ավելի զուսպ լինելու ու մակերեսային թվալու համարձակություն ունենալու դեպքում, կարելի է ավելի կոշտ՝ երկու խմբի բաժանում անել. աշխատանքը կա՛մ պարգև է, կա՛մ Աստծու պատիժ։

Ինչպիսինն էլ լինի մեր աշխատանքն ու մեր ընկալումը դրա նկատմամբ, մենք այն հիմնականում շարունակում ենք կատարել՝ շնորհակալությամբ կամ ինքնամխիթարանքով՝ հիշելով, որ աշխատանքը գեղեցկացնում է մարդուն։

Սակայն արդյո՞ք այս բերնեբերան փոխանցված պնդումը հավասարապես տարածվում է բոլոր աշխատանքների վրա, ինչո՞ւ է աշխատանքը երբեմն ոչ ավելին, քան 8-ժամյա ծառայությունը, ի՞նչ է ակնկանկալում աշխարհն աշխատող մարդուց, աշխատող մարդը՝ աշխատանքից։ Այդ ո՞ր աշխատանքն է, որ գեղեցկացնում է մարդուն. «ՀարցուԳԻՏԱփորձ»-ն այսօր այս հարցերի մասին է։

«Շատ հաճախ կարող է լինել աշխատանք, որը ոչ թե գեղեցկացնում է մարդուն, այլ կործանում է, կեղեքում է, մաշում է, անգամ դատապարտում է աղքատության։ Ցանկացած աշխատանքային գործունեություն պետք է իր հիմքում ունենա «ինչու»-ն. ես ինչո՞ւ եմ սա անում, ի՞նչ արդյունք եմ ակնկալում ու ի՞նչ արդյունք կունենամ»։

Կարեն Անտաշյանն այս հարցերը բազմաթիվ՝ իրար հետ գրեթե առնչություն չունեցող աշխատանքների է տվել, ստացել պատասխան ու արել դրանք։ Խոստովանում է՝ բոլորը՝ հանուն, իր ձևակերպմամբ, փոխհատուցում ակնկալելու տեսանկյունից աշխատանքներից ամենաանտրամաբանականի՝ բանաստեղծության:

«Ես շատ տարբեր բաներով եմ զբաղվում՝ տուրիստական բիզնես, գրականություն, վերջին մի քանի տարին շինարարություն էի անում, մի ժամանակ բոնսայներով էի հետաքրքրված, բոսնայ օնլայն հանրագիտարան սարքեցինք, հիմա սնկերով եմ հետաքրքրված, Հայաստանի սնկերի կատալոգ եմ կազմում։ Բայց վերջնարդյունքում, ինչ էլ անում եմ, ստացվում է բանաստեղծություն։ Իրականության մեջ կուրորեն՝ լրիվ խամ, անծանոթ ուղղություններով ճանապարններ բացելու փորձեր են էդ իմ սիրողական ձեռնարկները, բայց դրանց արդյունքում միշտ ինչ-որ իրականության շերտ է բացվում ինձ համար, որը, պարզվում է, լավ նյութ է բանաստեղծության համար»։

Աշխարհին ինչ-որ բան տալն աշխատանքի մի կողմն է։ Փոխարենը աշխատողն ինչ-որ բան պետք է ստանա՝ կարծում է Անտաշյանը. գումար, գնահատական ու մեդալ, գիտելիք կյանքի ու աշխարհի մասին, ինքնաբացահայտում, ցանկացած բան՝ բացի տառապանքից։

«Ժամանակակից աշխարհում մենք մեր ժամանակը ստպված ենք վաճառել ապրուստ և կենսապայմաններ գնելու համար, հիմա հարցն էն է, թե մենք էդ ժամանակը, որը մեր կյանքն է ըստ էության, ի՞նչ գնով ենք վաճառում։ Եթե էդ գինը չի ներառում հաճույքի ու ուրախության տարրեր, այլ միայն տառապանք, ստացվում է, որ մեր կյանքը մենք տառապանքի դիմաց վաճառեցինք։ Մի տեսակ անտրամաբանական ընտրություն է»։

Բայց գործը գլուխ չի գա, եթե աշխատանքը տառապանքից բացի ուրիշ որևէ բան էլ չտա։ Նա, ով իր բոլոր գործերից ամենակարևորը համարում է այն մեկը, որն աշխարհն ավելի լավը կդարձնի, ֆինանսական դրությունը՝ ոչ, բացատրում է՝ այս դեպքում գոնե ինքդ պետք է գտնես մի «հանուն», որին կհավատաս։ Կիսվում է իր ինքնաներշնչանքով. անաստեղծությունը ծառայություն է հայոց լեզվին:

«Եվ նաև մի տեսակ համերաշխություն բոլոր գրողների, վարդապետների, գրիչների, ծաղկողների, մատենագիրների, բոլոր այն մարդկանց, ովքեր հնագույն ժամանակներից՝ ինչ կա հայոց լեզուն ու հայ գիրը, ծառայում են դրան։ Երբեմն մտածում եմ ինչ-որ վանքի ինչ-որ մենախցում հոգևոր տեքստ գրող ճգնավորի մասին, որ որևէ վարձատրություն ու գնահատական չի ակնկալել իր արածի համար, բայց կենսունակ է պահել հայոց լեզվի ծառը, մինչև որ ես էլ դրա մի ճյուղը, մի պտուղը դառնամ մի օր։ Իմ համերաշխությունը, խոնարհումը և հարաբերությունն այդ մարդկանց հետ է։ Եվ դրանով եմ ես ինձ ուժ տալիս, որ շարունակեմ գրել, ստեղծագործել, այդպես մի տեսակ միստիկ ենթատեքստ եմ դնում ես իմ գործունեության մեջ։ Չեմ ասում, որ դա առհասարակ կա։ Բայց առնվազն ես իմ համար հավելյալ չափում եմ ավելացնում իմ էդ գործունեության, որ դրանով զբաղվելու իմաստը մի քիչ տեսանելի դառնա»։

***

«Ես վաղուց չէի լսել այս արտահայտությունը՝ աշխատանքը գեղեցկացնում է մարդուն, շատ վաղուց, երևի դպրոցական տարիներից հետո։ Որովհետև, երևի թե, մարդիկ այլևս դրան չեն հավատում ու հավատում են մի քիչ ավելի այնպիսի բաների, որոնք կբավարարեն իրենց սոցիալական կարգավիճակը»։

Բարձր արժեքները կարևոր են՝ բարձր աշխատավարձի պայմաններում։ Հայաստանի արհմիության կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասարյանը հստակ գիտի, որ աշխատանքը կգեղեցկացնի մարդուն։ Կարծում է՝ այն առաջին հերթին պետք է հաճելի ու սիրելի լինի, բայց եթե չի ենթադրում արժանապատիվ վարձատրություն, եթե մարդն օրն անցկացնում է նյարդային միջավայրում, տուն գնալիս երեխաներին ժպտալու ուժ չի ունենում, եթե առավոտյան ոչ թե մի բան ստեղծելու, այլ մի կերպ ավտոբուսի մեջ տեղավորվելու մասին է մտածում, ապա դժվար թե սա, մեծ հաշվով, գեղեցկության հետ որևէ կապ ունենա։

«Կան ինքնամոռաց իրենց մասնագիտությանը կամ իրենց զբաղմունքին սիրահարված մարդիկ, բայց արդյո՞ք դա իրենց միակ աշխատանքն է, արդյո՞ք դերասանը զբաղվում է միայն թատրոնով։ Ես հասկանում եմ՝ արվեստի բնագավառում աշխատողները մարդիկ են, որոնք բավարարաված են իրենց զգում ծափողջույններից, բայց դա չի նշանակում, որ դրանով կկարողանա իր ընտանիքի կարիքները հոգալ։ Հա, էդ բեմին աշխարհի ամենագեղեցիկ մարդն է ինքը, բայց երբ գալիս է տուն, բախվում է էն իրականության հետ, որը կոչվում է ծախս, որը կոչվում է ընտանիք, որը կոչվում է կենսաապահովում»։

Վերադառնալով մեր համարձակ ու մակերեսային բաժանմանը. աշխատանքը լինում է պարգև կամ պատիժ։ Էլեն Մանասարյանի աշխատանքը աշխատողների՝ այս երկու տարբեր ընկալումներն ունեցող մարդկանց հետ շփվելն է։

Սկսենք առաջինից. իրենց գործին սիրահարված մարդիկ մի կողմից նվիրվում են դրան՝ ոչ միշտ մտահոգվելով ֆինանսական փոխհատուցման մասին, մյուս կողմից անում են դա ինքնամոռաց ու գլխակորույս։ Նրանք կյանքի ու աշխատանքի միջև բարիերներ չեն կանգնեցնում։ Մանասարյանն իրեն այս խմբից է համարում, բայց, ասում է, նվիրումը պետք է զսպվի աշխատանքային օրենսգրքով. շատ աշխատել չի կարելի, ասում է ՝օրենքն ավելի լավ գիտի, թե ձեզ ինչ է պետք:

«Աշխատանքային օրենսգիրքը շատ ճիշտ է անում, որ չի կարծում, որ դուք պետք է օրական 16 ժամ աշխատեք, որովհետև երբ մենք երիտասարդ ենք, մեզ թվում է, որ ամեն ինչ վարդագույն է, մենք երբեք չենք հիվանդանալու, երբեք չենք հոգնելու։ Աշխատանքային օրենսգիրքը չի մտածում միայն ձեր այսօրվա մասին, ինքը մտածում է նաև ձեր վաղվա մասին, որովհետև, եթե աշխատանքային օրեսգիրքը չմտածի, դուք կլինեք բեռ պետության համար։ Որովհետև պետությունը ստիպված կլինի պահել հիվանդ մարդու»։

Իսկ ինչ կա հակառակ՝ Աշխատանքային օրենսգրքի ճաշակով կողմում. մարդիկ, որոնք գտել են բալանսն ու աշխատում են խնայողաբար, բայց արդյունավետ, և մարդիկ, որոնք գլորում են աշխատանքային օրը վստահ՝ ոչ մի նոր բան ստեղծելու կարիք չկա. ինչ էլ անեն՝ 2+2=4։ Նրանք երբեք նոր հեծանիվ չեն հորինելու։ Եվ նոր ուրիշ մի բան՝ ևս։

— 5։30-ից ժամին նայող, տուն գնալու համար ժամը 6-ին սպասողմարդը կարո՞ղ է պետության համար ստեղծել արժեք, որը իրենից հետո ինչ-որ բան կփոխի
-էդ էն մարդն է, որը գտնում ա՝ 2+2 ոնց էլ գումարի ստանալու է 4։
— Աշխատանքային օրենսգիրքն ուզում է, որ բոլորս այդպիսին լինենք։
— Ես չեմ կարծում, որովհետև 8 ժամի արդյունքում էլ, եթե դու նվիրված ես աշխատում, կարող ես ստեղծել էդ արդյունքը։
— Ուզում եմ պատկերացնել այն պահը, երբ, օրինակ, Միքելանջելով ժամը 6-ին թողնում է Դավիթին ու գնում է։
— Սա ստեղծագործական կամ կատարողական արվեստ ներկայացնող մարդկանց պարագայում է, բայց դուք դա չեք կարող ասել, օրինակ, գրասենյակում աշխատող չինովնիկին։

***

«Ես մի հոգեբույժ ընկեր ունեմ, անընդհատ ուզում եմ հասկանամ՝ ինչն է էդ մարդուն մոտիվացնում, իմ ընկալմամբ, տառապագին աշխատանք է, որովհետև դա ճակատագրի ընտրություն է, ցմահ դժվար ընտրյալի աշխատանք է անում, որը շատ հաճախ չի գնահատվելու, և իր պատասխանը, որ այ էդ ներքին զգացողությունը, որ էդ իր ճակատագիրն է ու սեփական ճակատագիր ընտրելը մի բարձր բան է, որ ամեն մարդ չի գիտակցում ու երջանկություն չի ունենում էդ ընտրությունը գիտակցաբար արած լինելու»։

Աշխատանքի՝ գեղեցկացնել-չգեղեցկացնելու  թեմայով բոլոր հարցուփորձերն ու գիտափորձերը միանգամից դառնում են անիմաստ, եթե խոսքը առաքելությունը գտած մարդու մասին է։ Նա կգտնի նաև ինքնաարդարացում կողքի հայացքով անբավարար թվացող վարձատրության պայմաններում գործը շարունակելու համար, կգտնի աշխատանքային օրենսգրքի որոշ դրույթներ շրջանցելու տարբերակը. օրենքը միտքը չի գրաքննում։ Նա, վստահաբար, ինքն իրեն այդ հարցը չի էլ տա։ Բայց աշխատանքը երբեմն լոկ աշխատանք է և ոչ առաքելություն։

Իսկ ինչ անեն մարդիկ, որոնց որոշմամբ կամ ճակատագրով աշխատում են դրամապանակը, ոչ թե հոգին սնուցելու համար։ Զրուցակիցներս ասում են՝ նրանց դժվար է գայթակղել իրենցից մեծ ու կարևոր մի բան ստեղծելու մտքով։

Մնում է միայն պատշաճ պայմաններ ապահովել՝ հույսով, որ այդ դեպքում մարդը ժամանակ կունենա մտածելու, որ գուցե իր ժամանակը, որ կյանքն է, որ կա, օգտագործի շատ ավելի կարևոր մի բան ստեղծելու վրա։ Քանի դեռ դա համատարած չէ, մարդիկ շարունակելու են աշխատել ինքնամխիթարանքով  և առանց որևէ հիմքի հիշելով. աշխատանքը գեղեցկացնում է մարդուն։

Մեր խոսույթում տեղ գտած հերթական հարցի հիմքերը բացահայտելու նպատակով մենք եթերում կլինենք արդեն հաջորդ շաբաթ։ Դուք լսում էիք «ՀարցուԳԻՏԱփորձ» հաղորդումը, այն ձեզ համար պատրաստեց Արուսյակ Կապուկչյանը։

Back to top button