ՀարցուԳԻՏԱփորձ

Հոգեբանություն․ սա իսկապե՞ս գիտություն է․ «ՀարցուԳԻՏԱփորձ»

«Մեր մտածողությունը, երևակայությունը, հիշողությունը ունեն բնագիտական բացատրություն, որը տալիս են նեյրոգիտությունները, ֆիզիոլոգիան, հոգեֆիզիոլոգիան՝ հիմնարար գիտությունները»։

19-րդ դարի վերջն էր, երբ մարդու մտքով անցավ հաշվել մեկ այլ մարդու տրամադրությունը, չափել վիշտը, կշռել երջանկությունը, մի խոսքով՝ աշխատել հոգեկան աշխարհի հետ։

«Հոգեկանը մենք օգտագործում ենք, հոգին չենք օգտագործում։ Սա արդեն մեր թեման չի»։

Բարև։ Եթերում «ՀարցուԳԻՏԱփորձ» հաղորդումն է, ես Արուսյակ Կապուկչյանն եմ։ Այսօր պարզելու ենք՝ ո՞րն է գիտություն համարվող հոգեբանության ուսումնասիրության առարկան։

***

Մեզնից դուրս ամեն բանի վերաբերյալ դատողություններ անելը եթե ոչ շատ հեշտ, ապա գոնե ավելի անվտանգ մի բան է․ անձրևի, ծառ ու ծաղկի, ձգողականության ուժի, մրջյունի, քամու մասին ամենավատ բանն էլ, եթե բացահայտենք, դրանից այնքան փայփայվող մեր էգոն դժվար թե վնասվի։ Մյուս կողմից էլ անձրևի, ծառ ու ծաղիկի, ձգողականության ուժի ու քամու բացատրելի լինելը մեզ ավելի ուժեղ՝ արարչագործության պսակ զգալու ևս մեկ հնարավորություն է տալիս։ Բայց մենք հո չե՞նք կարող մեզ կանխատեսելի թվալու վտանգին ենթարկել ու կարծել, թե գիտությունը կարող է չափել մեր ապրումը, հույզն ու ցանկությունը։ Գուցե հենց այս պատճառներով հաճախ կարելի է լսել, որ դա անել փորձող հոգեբանությունը գիտություն չէ։ Մենք կասկածի տակ կդնենք դրա չափելիությունը, ճշգրտությունը, միանշանականությունը։ Այդպես ավելի հեշտ է։

Բայց այս խիստ մարդկային մեր մղումների ֆոնին աստիճանաբար ավելի ուժգին հնչում է այն մասնագետների ձայնը, որոնք ասում են՝ մենք ձեր ցավն ուսումնասիրել ենք ու գիտենք՝ ինչ է կատարվում։

Արդյո՞ք հոգեկան աշխարհն ուսումնասիրող այս մարդիկ՝ հոգեբանները, գիտնական են բառի դասագրքային իմաստով, հնարավո՞ր է արդյոք չափելի դարձնել էմոցիոնալ աշխարհը, ճշգրիտ բանաձևերի մեջ դնել խիստ անհատական հույզերը։ Հոգեբանությո՞ւնը գիտություն է։ «ՀարցուԳԻՏԱփորձ»-ի հարցն այսօր սա է։

«Հոգեբանությունը գիտություն է, ունի չափման գործիքներ, ունի սեփական տերմինների, եզրույթների ընդունված համակարգ, մասնագիտական բառապաշար, որն արդեն ճշգրտություն է մտցնում։ Երկու հոգեբան կարողանում են հասկանալ՝ այս պահին իրենք խոսում են ագրեսիայի՞ մասին, թե՞ տագնապի մասին, աստենի՞կ, թե՞ ստենիկ հույզ է, դրակա՞ն, թե՞ բացասական հույզ է, ո՞րն է դրականը, ո՞րը՝ բացասականը»։

Եվ որ ավելի կարևոր է՝ հիմնվում է գիտական մեթոդի՝ էքսպերիմենտի առաջ քաշած տվյալների վրա։ Այս մասին պատմողը հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ, Հայաստանի հոգեբանների միության նախագահ, մի խոսքով՝ հոգեբան-գիտնական Հրանտ Ավանեսյանն է։ Հենց նրա հետ ենք փորձում հոգեբանության գիտականությունը փաստող ապացույցներ գտնել։ Նախ՝ գիտությանը տրվող առաջին հարցը. ո՞րն է հոգեբանության ուսումնասիրության առարկան.

«Հոգեբանության ուսումնասիրության առարկան մարդու հոգեկան գործընթացներն են, դրանք մեր այն հատկություններն են, որոնց միջոցով մենք արտացոլում ենք օբյեկտիվ իրականությունը՝ տեսնում ենք, լսում ենք, համ ենք զգում և այլն։ Մեր մտածողությունն է, մեր երևակայությունն է, հիշողությունը, և այս գործընթացները շատ մեծ հատվածով ունեն բնագիտական բացատրություն, որը տալիս են նեյրոգիտությունները, ֆիզիոլոգիան, հոգեֆիզիոլոգիան՝ այն ոլորտները, որոնք հիմնարար գիտություններ են։ Ուսումնասիրության 2-րդ խումբը հոգեբանական վիճակներն են, մեր հույզերը, ապրումները, զգացմունքները, տրամադրությունը, որոնք ևս ունեն բնագիտական դրսևորում, հնարավոր է չափել»։

Այս չափումը ևս տեղի է ունենում երկու մակարդակում՝ հոգեֆիզիոլոգիա և փսիխոմետրիա՝ հոգեախտորոշում։ Առաջին մակարդակում մեծ անելիք ունեն բնագիտական գիտելիքները՝ ասում է հոգեբանը։

«Ֆիզիոլոգիական ռեակցիաները խոսում են հոգեկանի դրսևորման մասին։ Կապ ունի մեր կենտրոնական նյարդային համակարգի գործունեության հետ։ Օրինակ՝ հուզվելու ժամանակ փոխվում է մեր մաշկի գույնը, լինում է քրտնարտադրություն, աչքերի բիբն է փոխվում, այսինքն՝ վեգետատիվ նյարդային համակարգը արտահայտում է մեր հույզը։ Մենք հուզվում ենք և դա եղավ ոչ թե մեր մենտալ մակարդակում՝ մենք դրա մասին մտածում ենք և դա մեր հույզն է, այլ նաև մեր մարմինն է արձագանքում այդ ժամանակ»։

Իսկ այ երկրորդ մակարդակում՝ փսիխոմետրիայի դեպքում, մարդուն հասկանալու համար մարմնի օգնությունը չի ակնկալվում։ Այս դեպքում օգտագործվում են զրույցի, դիտման և պրոյեկտիվ թեստերի մեթոդները։

«Հատուկ ուղղվածության, հատուկ մշակված հարցերի միջոցով խոսում ենք կոնկրետ երևույթի մասին և ունենք արդեն նախորդ հետազոտությունների ընթացքում կուտակված արձագանքի գնահատման չափանիշը։ Զրույցի մեթոդը ավելի զարգացած տարբերակով ներառվել է շատ ճանաչված հոգեբանական թեստերի մեջ։ Հիմնված են ամեն տվյալների հավաքագրման ու մաթեմատիկական հավանականության վրա և միջինացված գնահատականով կարող են այս կամ այն հատկությունը գնահատել»։

Երկրորդ՝ դիտման դեպքում հոգեբանի աշխատանքային գործիքը մարդու դեմքի միմիկան է, մարմնի դիրքը, շարժումները։ Իսկ երրորդը՝ պրոյեկտիվ թեստերը, ենթադրում են, ասենք, շարունակել հոգեբանի կիսատ նկարած նկարը, ավարտել առաջարկված կիսատ նախադասությունը։

Այս բոլոր մեթոդները զարգանում են, ունենում համալրումներ, մասնագետին առաջարկում առավել ճշգրիտ տվյալներ․

— Օրինակ՝ ունենք այսօր շատ տարածված մեթոդ, որը կոչվում է Էլեկտրոէնցեֆալոգրամա։ Չափում է գլխուղեղի էլեկտրական պոտենցիները։ ժամանակակից տեխնոլոգիաները այս մեթոդն ավելի կատարելագործեցին, առաջ 6, 12 կանալային գրառումներ էին, այսօր՝ 36, 72, այսինքն՝ այդքան կենտրոններից ստանում են գլխուղեղի պոտենցիալները։ Ինչպես մարդիկ լավ գիտեն սրտագրությունը, այդպիսի սրտագրություն կամ ուղեղագրություն ենք մենք ստանում։
— Կարծում էի՝ հոգեգրություն պիտի ստանաք։
— Այ հոգեգրությունը մի քիչ այլ կատեգորիա է։ Հոգեկանը մենք օգտագործում ենք, հոգին չենք օգտագործում։ Սա արդեն մեր թեման չի։

«Հոգևորականի դերը մարդու կյանքում և հոգեբանի դերը մարդու կյանքում կարող է ինչ-որ չափով նույնանում են, բայց նույնը չեն մեծ հաշվով։ Իրենք տարբեր գործառույթներ ու առաքելություն ունեն մարդու կյանքում»։

Հոգու և հոգեկանի հետ գործ ունեցողները իրար հետ ոչ մի հակասություն չունեն՝ վստահեցնում է Տեր Եսայի քահանա Արթենյանը։ Ասում է՝ հոգեբանությունը եկեղեցու «սև ցուցակում» չէ՝ ինչպես որևէ այլ գիտություն։ Միակ հարցն այն է, որ երբեմն առաջին հայացքից հոգեբանի ու հոգևորականի դերերն իսկապես նույնանում են ու մարդն ընտրելու հնարավորություն է ունենում։

«Եթե հոգեբանները կարող են մարդկանց լսել ու որոշակի խորհուրդներ տալ, հոգևորականի պարագային միայն լսելը քիչ է և հոգևորականը պատասխանատվություն է ստանձնում մարդու հոգևոր կյանքի համար։ Շատ հաճախ մարդիկ գալիս են եկեղեցի ասելով, որ ուզում ենք խոստովանություն կատարել։ Ես նման դեպքերում ասում եմ՝ եկեք նախ զրուցենք, գուցե ձեզ խոստովանություն պետք չէ, պարզապես զրուցել է պետք և մեծ մասամբ էդպես էլ լինում է»։

Հոգեբանները հոգեկան աշխարհը բուժելու մաթեմատիկական բաղադրատոմսեր են առաջարկում, հոգևորականները՝ հոգին բուժելու խոստովանության հնարավորություն։

«Զրույցը ենթադրում է պարզ զրույց՝ առանց որևէ ձևական կանոնների։ Խոստովանությունը ենթադրում է, որ մարդը պետք է գա եկեղեցի, և անհատական խոստովանության պարագային թվարկել բոլոր այն մեղքերը, որ ինքը հիշում է, որ գործել է։ Պարզապես թվարկում է և պարտադիր չի անպայման մանրամասներով, դա ըստ իր հայեցողության։ Շատ կարևոր է, որ մեղքը կոնկրետ խոստովանվի։ Շատ հաճախ մարդիկ գալիս, ասում են՝ դե բոլոր մեղքերն էլ գործել եմ։ էդ գիտեմ, անկախ նրանից դուք ասեք, թե չէ, բոլորս էլ բոլոր մեղքերը գործել ենք, գործում ենք։ Բայց չէ՞ որ մեղքը գործում ես կոնկրետ իրավիճակում, կոնկրետ ժամանակում ու կոնկրետ տեղում։ Նույնքան կոնկրետ պետք է  խոստովանել մեղքը, եթե մեղքի գիտակցումը կա և զղջումն անկեղծ է»։

Սա հեշտ բան չէ՝ ասում է քահանան, ինքն էլ խոստովանում է, դեռ երբեք անհատական խոստովանություն չի ունեցել։ Մեղքի գիտակցումը, ընդունումն ու զղջումը հոգին ապաքինելու եկեղեցու բաղադրատոմսն է։ Հոգեկան աշխարհն ապաքինելու հետ նմանությունը միայն հնչողությունն է։

Մարդուն առաջարկվում է կիսաշրջանից պատկեր ստանալ, մարդը փախցնում է հայացքը կամ սևեռում մի կետի, մարդը խոսում է երկար կամ լռում՝ ավելի շատ, մարդն ինչ-որ բան է անում և մեկ ուրիշ մարդ թուղթ ու գրիչով հստակ կամ որոշակի ճշգրտությամբ ձևակերպում է՝ որն է խնդիրը, եթե այն կա։ Հավատա՞լ, որ գործ ունենք գիտության, ոչ թե թուղթ ու գրիչով այդ մասնագետի՝ հոգեբանի, անձնական, բնականաբար նաև սխալական պատկերացումների հետ։ 

Երբ ցավողը ոչ թե ձեռքը, ոտքը, գլուխն է, այլ հոգին, երբ սիրտն անհանգիստ է, բայց սրտաբանն անելիք չունի և երբ ամեն բան մշուշոտ է՝ անկախ եղանակային պայմաններից, երբ բուժման օբյեկտին ոչ տեսնել է կարելի, ոչ ձեռք տալ և, առավել ևս, երբ չես ուզում կասկածի տալ դնել սեփական բացառիկությունն ու առեղծվածայնությունը, կարող է և հարց առաջանալ՝ սա իսկապե՞ս գիտություն է։

Back to top button