Սփյուռքի ձայնը

Ամերիկաբնակ Վարդգես Դավթյանի գործերը՝ ժամանակակից հոգեբանական խնդիրների լուծման ուղեցույց. «Սփյուռքի ձայնը»

Նախորդ տարի լույս է տեսել ամերիկաբնակ հոգեբույժ, հոգեթերապևտ, գրող, հրապարակագիր, բանասիրական գիտությունների թեկնածու Վարդգես Դավթյանի ճեպանովելների ու մանրապատումների երկերի ժողովածուն, որը հայ մարդու՝ տարբեր միջավայրներում ու իրավիճակներում ապրելու կարողության, բայց նաև դժվարություններ ունենալու ու հաճախ դրանք չհաղթահարելու մասին է։

«Գրում եմ, որ չխելագարվեմ». այսպես է բնութագրել իր ստեղծագործական կյանքը բժիշկ-գրողը՝ ավելացնելով, որ իր իրական ու մտացածին կերպարները մշտապես հոգեպես հաղթանակած են ներկայանում ընթերցողին:

Գրքի խմբագրմամբ զբաղվել է սփյուռքագետ, գրականագետ Արթուր Անդրանիկյանը: «Բազմաթիվ բժիշկ-գրողների եմ ուսումնասիրել, սակայն Վարդգես Դավթյանի ստեղծագործությունները, որոնք վեցհատորյակ են լինելու, տարբերվում են իրենց մատչելիությամբ, խնդիրները հաղթահարելու լուծումներ առաջարկելով և թեմաների ու հերոսների ընտրությամբ», — ասում  է Անդրանիկյանը:

«Վտարանդիությունը մարդուն ստիպում է աշխարհին այլ հայացքով նայել, ոչ միայն արտաքին երևույթնորը քննարժան դարձնել, այլ նաև սեփական անձը և ներաշխարհը»,- հարազրույցներից մեկի ժամանակ ասել է Վարդգես Դավթյանը՝ Հայաստանում գեղարվեստական գրականության ստեղծմանն անդրադառնալով:  

Վարդգես Դավթյանը ծնունդով Հայաստանից է: Կրթությունը ստանալուց հետո տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ մասնագիտական վերելք է ապրել:

Սա նրա գործերի առաջին հատորն է: «Մյուս հատորների հրատարակությունները առջևում են», — ասում է բժիշկ-գրողի գործերի խմբագիրը, սփյուռքագետ Արթուր Անդրանիկյանը:

Back to top button