Բացվող ծրարներ

Իր տեղում, իր դիրքում մարտնչող, սեր երգող գրիչը․ «Բացվող ծրարներ»

Արմեն Ավոն բառն ու տողը, հին զգացումներն ու հազար տարվա ծանոթ պատկերները թարմությամբ է մատուցում, մեկնում նորովի։ Կարդում ես երիտասարդ բանաստեղծին, դառնում-նորից ես կարդում և հայտնաբերում, որ հանիրավի ես փնտրում նմանություն ու աղերսներ այլ բանաստեղծների այլ տողերի հետ։

Բանաստեղծությանը նվիրված մարդն իր գրով փոխանցում է խոհեր, որոնք մերն են, մեր սեփականը, մեր սրտից պոկվածը։ Գրիչը, որով գրում է, իր հավատարիմ զենքն է, երբեմն զենքից առավել։ Մտածում է, բնավ, համոզված է՝ գրիչը կարող է լռեցնել զենքին, եթե իր տեղում է, իր դիրքում։ Ճի՛շտ շարժել է պետք գրիչը, այլապես մելանով փոխարինած փամփուշտը վերքեր լիզելու փոխարեն վերքեր կառաջացնի։

Արմեն Ավոյի՝ հոգու բալասան բանաստեղծությունները զետեղվել են նրա՝ «Քեզ ճանաչելով՝ ես ինձ իմանամ» առայժմ միակ գրքում, որը տպագրվել է Երևանում, շրջափակման ժամանակ։ Գրքի հետ հեղինակի հանդիպումն անընդհատ ուշանում էր։ Հեղինակն ու գիրքը, ի վերջո, հանդիպեցին մեկ տարի անց Երևանում՝ շատ ծանր զգացողություններով։ Զինվոր-բանաստեղծը գրում է, ռազմի և պայքարի տողերին զուգահեռ դրվագում նաև սիրո տողեր։ Սեր, առանց որի կյանքն անիմաստ է․․․

Back to top button