Բացվող ծրարներ

Բանաստեղծական զգացումներ, որոնք վերափոխվեցին 44-օրյա պատերազմից հետո. «Բացվող ծրարներ»

Մարդու հոգին ու սիրտը, բնության տարերքը, դրանցից պրոյեկտվող ապրումներն ու զգացումները գովերգող բանաստեղծ, արձակագիր Արիս Արսենիի տողերը վերափոխվեցին հատկապես 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո։ Բանաստեղծի տողերում հետայդու ըմբոստանում էր 1990-ականներին ազատագրական պայքարում հաղթած կողմին պարտադրված պատերազմում դավադրաբար պարտության տարված հայ զինվորի անկոտրում ոգին, Հայրենիքի փրկության համար նոր կարողություններ ձեռք բերելու նրա վճռականությունը, արցախահայի՝ իր հայրենի բնօրրանում ապրելու կամքն ու տոկունությունը։

«Լուսաբերդ» հիմնադրամի աջակցությամբ 2023 թվականի մայիսին Երևանում լույսընծայված «Մի անուն էի սերտել դեռ վաղ մանկությունից» ժողովածուում է զետեղել հեղինակն իր հայրենասիրական, խոհական ու քնարական գործերը, որոնք գրվել են 2020-ից հետո։ Որպես վերջաբան Արիս Արսենին սահմանել է արդարության՝ իր բանաձևը, ընթերցողին պարզելով սեփական եսի ընդվզող ենթաշերտերը․

            ․․․ Եվ կյանքս համակ կյանքուկռիվ էր,

            Պայքար էր՝ հանուն արդարության,

            Բայց արդարությունն այնպես խռիվ էր,

            Բայց․․․ արդարություն վայ թե՝ չկար․․․

Back to top button