Բացվող ծրարներ

Բանաստեղծինը գրելն է, ընթերցելը՝ ընթերցողի հոգու պարտքը. «Բացվող ծրարներ»

Բանաստեղծուհի Անահիտ Քոչարյան ն իր տողերում ներկայանում է մերթ որպես լորենի, մերթ որպես բզկտված վարդ ու խելագար թռչնակ։ Իր մի ստեղծագործության մեջ հայտարարում է՝ սատանուհի է, որ կարող է ուզած մեկին ուղարկել ․․․դրախտ, մի ուրիշ գործում՝ հայկյան երազի դիցուհին է։

Ես Անահիտն եմ, բայց ոչ դիցուհին,

Ես աղջիկ եմ մի շատ սովորական։

Ես աղջիկ եմ մի շատ սովորական,

Բայց Անահիտն եմ,

Ոսկեծղին եմ, Ոսկեմատն եմ ես,

Եվ Տիկինը մեծ․․․

Նրա տողերը մոգական ուժով աղեղ են կապում ընթերցողի հոգու լարերի հետ։ Նրա տողերում Արցախյան տարեգրության ճշգրիտ պատկերներն են, որոնք ընթերցողին են հասել տարեգրողի չափածոյում՝ «Խնձորը՝ արնափոսում» պոեմում։ Պոեմը գրվել է 1993 թվականին, երբ նրա հարազատ գյուղը՝ Աշանը, դարձել էր հրեղեն ճակատ, իսկ Ստեփանակերտի կենտրոնական փողոցով քայլում էր ձին՝ խուրջինում գյուղից քաղաք բերած խնձորներով։ Քաղաքում արյան շիթեր են, որ հոսում են արցունքի պես, խուրջինից ընկած խնձորն էլ արցունք է արնափոսում։ Արցախյան առաջին պատերազմի տարեգրությունը բանաստեղծագրած հեղինակը շատ համեստ, բայց անբռնազբոս է։ Նա 5 գրքի հեղինակ է։ Հեռու է հարցազրույցներից, գովազդներից ու ինքնագովազդներից։ Նրանը գրելն է, ընթերցելը՝ ընթերցողի հոգու պարտքը:

Back to top button