Մոռացված ֆիլմերի ստվերները

Իրականի և անիրականի սահմանին ստեղծագործող կինոռեժիսորը՝ Սուրեն Բաբայան. «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Իրականի և անիրական սահմանին ստեղծագործող կինոռեժիսոր Սուրեն Բաբայանին մշտապես հետաքրքրում էին մարդկային կեցության, գոյի հարցերը, որոնք նա սիրում էր համեմել երևակայության անսպասելի խաղերով, մտապատկերներով ու փիլիսոփայությամբ։ Կարճ ասած, նա իր ստեղծագործական գործունեության ընթացքում կինոյից կինոարվեստ էր ստեղծում։

Դեկտեմբերի 4-ին 73 տարեկան հասակում կյանքից հեռացավ հայկական կինոյի ամենայուրահատուկ ստեղծագործողներից մեկը՝ կինոռեժիսոր Սուրեն Բաբայանը։ Նա իր ֆիլմերով վստահաբար նոր մոտեցում է բերել հայկական կինո, առանձնանալով իր՝ բաբայանական պատկերով ու մտածողությամբ։

 ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սուրեն Բաբայանը կինեմատոգրաֆիական գործունեությունը սկսել է 1973 թվականից, նկարահանվելով Հենրիկ Մալյանի «Հայրիկ» ֆիլմում։  

Շատերը կհիշեն ֆիլմի այն  տեսարանը, երբ  գլխավոր հերոսը՝ Հովսեփը, որդու հարսնացուին՝ Մայային փնտրելիս հայտնվում է ուսանողական հանրակացարանում, որտեղ հիպիական հովերով տարված  երիտասարդները  ինքնամոռաց  պարում էին։

Այդ երիտասարդներից ամենաազատ ու անկաշկանդ պարողի դերում Հենրիկ Մալյանը հաստատում է Գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետի ավարտական կուրսի ուսանող Սուրեն Բաբայանին։ Էպիզոդիկ մի դեր, որը գուցե չհիշեր հանդիսատեսը, եթե այդ կերպարը վարպետորեն չմարմնավորեր Սուրեն Բաբայանը։

Այդ դերակատարումը գրավեց ոչ միայն հանդիսատեսի, այլև բազմաթիվ ռեժիսորների ուշադրությունը։ «Հայրիկ» ֆիլմի էկրան բարձրանալուց հետո Սուրեն Բաբայանը հեռուսատատեսային ներկայացումներում մարմնավորեց բազմաթիվ կերպարներ։

Հեռուստաթատրոնում իրեն բնորոշ անկաշկանդ դերասանկան խաղով աչքի ընկնող Սուրեն Բաբայանը որոշ ժամանակ անց որոշում է գործունեությունը կինոյում շարունակել միայն ռեժիսորական դիրքերում։

1978 թվականին նա «Հայֆիլմում» նկարահանում է նախադիպլոմային՝  «Չեզոք իրավիճակ»  ֆիլմը։ Պրեմիերայի օրը իրար հետ ծանոթանում, հետագայում էլ մտերմանում են կինոռեժիսոր, դերասան, պրոդյուսեր Միքայել Դովլաթյանն ու Սուրեն Բաբայանը։

Միքայել Դովլաթյան

Այսօր Սուրեն Բաբայանի մասին անցյալով խոսելը Միքայել Դովլաթյանի համար շատ դժվար է, որովհետև նա կորցրեց գաղափարակից, մեծ ու վաստակավոր ընկերոջը ։

«Նրա բոլոր ֆիլմերն էլ մարդու մասին են՝ պարզ, հասարակ մահկանացուների մասին,  ներկայացված յուրովի՝ բաբայանական ոճով։ Նրա հայացքները մշտապես ժամանակից առաջ էին»,-ասում է Միքայել Դովլաթյանը։

Բարձրագույն ռեժիսորական կուրսերում ուսումն ավարտելուց հետո Սուրեն Բաբայանը վերադառնում է  Հայաստան և  գործունեությունը շարունակում «Հայֆիլմ» կինոստուդիայում։  Ֆանտաստիկ կինոսյուժեներ նախընտրող ռեժիսորն իր ֆիլմերում մշտապես ներկայացնում էր կյանքի թաքնված շերտերը, բացահայտում մարդու գիտակցության գաղտնարանները։ Կինոգետ Դավիթ Մուրադյանը նշում է, որ Սուրեն Բաբայանի մուտքը կինոաշխարհ հետարքիքր և ինքնատիպ է եղել։

Դավիթ Մուրադյան

«Սուրենը հայկական կինոյում շատ նկատելի անուն էր։ Մեր կինոյում «ֆանտաստիկ կինո» ասվածը դեռևս դրսևորված չէր։ Սուրեն Բաբայանը 1980 թվականին ներկայացրեց իր նոր՝ «Արարման ութերորդ օրը» ֆիլմը, որը հիմք դրեց հայկական կինոֆանտաստիկային, բայց ֆանտաստիկա ասելով նկատի չունենք տիեզերական արկածներ ասվածը։ Նրա նկարահանած ֆիլմերում հանդիսատեսին ներակայացվում է բոլորովին ուրիշ, եթե կուզեք՝ փիլիսոփայական ֆանտաստիկա»,-նշում է Դավիթ Մուրադյանը։ 

Անցյալ դարի 80-ականների սկիզբին Մոսկվայում ուսանող Միքայել Դովլաթյանն ու Սուրեն Բաբայանը ուսումնական առօրյայից բացի հաճախ հանդիպում և միասին քննարկում էին  կինոյում իրենց հետագա անելիքները։ Այդպիսի մի քննարկման ժամանակ ծնվում է համատեղ լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ նկարահանելու գաղափար։ Նրանց ընտրությունը կանգ է առնում այլախոհ գրող Լեոնիդ Ժուխովիցկու «Ճամփորդեք ինքնաթիռներով» պատմվածքի վրա։

«Աղաբաբովը լավ գիտեր մեզանից յուրաքանչյուրի մտածելակերպը, հետաքրքություններն ու նախըտրած թեմաները։ Նա մեզ առաջարկեց ընթերցել ռուս այլախոհ գրող Ժուխավիցկու գործերը։ Մենք կարդացինք, հավանեցինք, ու հետո մեկնեցինք Մոսկվա նրա հետ ծանոթանալու։ Մեր ընտրությունը կանգ առավ հենց այդ պատմվածքի վրա, որի թեման մեզ հետաքրքրեց։ Հետագայում հայրս ու Առնոլդ Աղաբաբովը պատմվածքը վերածեցին կինոսցենարի»,-ասում է Միքայել Դովլաթյանը։

Սուրեն Բաբայանի հաջորդ՝ «13-րդ առաքյալը» ֆիլմի պրեմիերան Կինոյի տան  դահլիճում տեղի ունեցավ 1988 թվականի թեժ ամռանը։ Չնայած կինոբեմադրիչը միշտ էլ հեռու է եղել քաղաքական հարցադրումներից և էկրանին իր անսովոր, առեղծվային կինոաշխարհն է ստեղծել, սակայն «13-րդ առաքյալը» իր, այսպես ասած, գաղտնագրերով ու խորհրդանիշներով, բարդ, երբեմն անհասկանալի կինոդարձվածներով զարմանալիորեն համահունչ էր տարածաշրջանում ու հատկապես Հայաստանում մոլեգնող կրքերին։

1988-յան համահայկական շարժմանը հաջորդած 90-ականների անհանգիստ տարիներին Սուրեն Բաբայանը սկսում է նկարահանել զանգվածային տեսարաններով՝ «Խենթ հրեշտակ» վերնագրով լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը, որի նկարահանումները մեկնարկում են 1993 թվականին, ավարտվում՝ 1998-ին։

«Դա այն հատուկենտ ֆիլմերից է, որոնք նկարահանվեցին 90-ականների դժվար շրջանում, երբ և՛ տեխնիկական,և՛ ֆինանսական պատճառներով շատ դժվար էր նկարահանումներ իրականացնել։ Ես այդ ժամանակ «Հայֆիլմ» կինոստուդիայի գլխավոր խմբագիրն էի և եթե չեմ սխալվում այդ տարիներին երեք թե չորս ֆիլմ նկարահանվեց։ Եվ ընդյհանրապես, ես պետք է ասեմ, որ այդ սերնդի բախտը միչ քիչ չբերեց, որովհետև այդ անցման ժամանակահատվածի ամբողջ ծանրությունն ընկավ այդ սերնդի կինեմատոգրաֆիստների ուսերին։ Նրանք հայտնի պատճառներով ավելի քիչ ֆիլմեր նկարեցին, քան կարող էին։ Բայց հանուն ճշմարտության պետք է ասել, որ այն ինչ նրանք արեցին, պատվով արեցին, որովհետև երբ դիտում ենք այդ տարիներին լույս աշխարհ եկած ֆիլմերը հասկանում ենք, որ այդ սերունդը և Սուրեն Բաբայանը իրենց պրոֆեսիոնալ պարտքը կատարեցին»,-նշում է Դավիթ Մուրադյանը։

OLYMPUS DIGITAL CAMERA

Սուրեն Բաբայանը կինոյում իր ճանապարհը հարթելու համար ստիպված եղավ անցնել բազում փորձությունների միջով։ Չընկրկեց, չշրջանցեց ժամանակն ու ժամանակի բարքերը՝ պաշտպանելով իր դավանած սկզբունքներն ու հավատամքը։  

Նա պատվով ապրեց կյանքի իր բարդ ժամանակը, եկող սերունդներին թողեց իր ուրույն ժառանգությունը կինոյում, ընկերներին ու հարազատներին՝ բացառիկ կերպարը, մարդու, արվեստագետի իր յուրահատուկ տեսակը։ Կինոն կյանքում նրա շարժիչ ուժն էր, և նա մեծ պատրաստակամությամբ կյանքը նվիրեց արվեստի այդ տեսակին, իսկ իր հեղինակած ֆիլմերը սերնդակիցների կինեմատոգրաֆում առանձին ուղի ունեն, որոնք շփոթելի չեն ուրիշների կինեմատոգրաֆիական մտածողության ու ձեռագրի հետ:

Back to top button