ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

ԱԺ նախագահն արտահերթ ընտրությունների գնալու միայն մեկ ճանապարհ է տեսնում

Խորհրդարանի լիագումար նիստի օրակարագին զուգահեռ ընդդիմությունն ու իշխանությունը շարունակել են պարզել հարաբերությունները, հետևել և արձագանքել են նաև խորհրդարանից դուրս տեղի ունեցող իրադարձություններին։ Ուշադրության կենտրոնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումն է և դրա մասնակիցները։ «Արտաքին հետքի մասին» ակնարկների պակաս նույնպես չի եղել։

Մայիսի 7-ին Մոսկվա մեկնելու և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալությանը մասնակցելու փոխարեն, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախընտրել է մնալ Երևանում և շփվել լրագրողների հետ՝ մեծ ասուլիսի ձևաչափով։ Հնարավոր է, որ հենց այդ ժամանակ էլ կբացահայտի Մոսկվա չմեկնելու որոշման պատճառները։



Մինչև վերջերս թե՛ պաշտոնական Երևանը և թե՛ Մոսկվան չէին բացառում հնարավոր շփումները։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը համոզված էր, որ հայ-ռուսական հարաբերություններում երկկողմ խնդիրները Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը քննարկելու հնարավորություն կունենան առաջիկայում, իսկ Փաշինյանը, իր հերթին, հայտարարում էր, որ Պուտինի հետ չհանդիպելու ծրագրեր չունի։



Դեռևս առկախված է մնում մայիսի 8-ին մոսկովյան մեկ այլ միջոցառմանը Հայաստանի վարչապետի մասնակցելու հարցը։ Խոսքը ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովի մասին է։ Այս դեպքում ճիշտը Մոսկվա գնալն է, կարծում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«ՀՀ-ն ԵԱՏՄ նախագահությունն է ստանձնել, և ես կարծում եմ, որ ճիշտը մասնակցելն է»։
Ի դեպ, Հայաստանը պատասխանել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակին, որը վերաբերում էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարություններին։ Դաշնային Խորհուրդը նամակն ուղարկել էր ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանին, նա էլ մեկ-երկու օր հետո պատասխանել է։ ԱԺ նախագահը տեղյակ է երկու նամակների բովանդակությանն էլ, բայց չի հանրայնացնում դրանք։

Փոխարենը Սիմոնյանը պնդում է․ «Ես իմ հայտարարությունների տերն եմ, ես ինչ որ ասել եմ, ճիշտ եմ ասել, ինչ որ ասել եմ, տեղին եմ ասել, ոչ մի նոր բան չեմ ասել։ Եվ նույն բաները պատրաստ եմ այսօր և մշտապես կրկնել»։

Այս համոզմունքներով է Ալեն Սիմոնյանը առաջնորդվում, երբ խոսում է Բագրատ սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման մեջ «արտաքին հետքի» մասին։ Նա միակը չէ «Քաղաքացիական պայմանագրում», որ շարժումը դիտարկում է այդ տեսանկյունից։

Պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հիշեցնում է նաև 2023-ի դեպքերը և մեջբերում ԱՄՆ պետքարտուղարության զեկույցից հատված, որ «ըստ հաղորդումների՝ ակցիաները կազմակերպված են եղել ագենտուրայի կողմից»։

Խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ անդրադառնում է արդեն բողոքի նոր ալիքին․ «Ստեղծում ենք պետական սահման, որտեղ մեր օկուպացված հողերը պետք է վերադարձվեն մեզ, և այդ հարցերը պետք է այդտեղ հասցեագրվեն։ Իսկ դո՞ւք ինչ եք առաջարկում։ Իմ ընկալումն այն է, որ դուք ասում եք՝ ոչ, եկեք սահման չունենանք, եկեք Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքները հետ չտանք, որ լինի պատերազմ, որովհետև դուք ունեք պատվեր, նոր տեղակայման վայր գտնելու ձեր տերերի համար»։

Իշխանական պատգամավորները խոսում են ռուս խաղաղապահներին հայ-ադրբեջանական սահմանին տեղակայելու՝ ընդդիմության ծրագրերի մասին։ Մինչդեռ ընդդիմություը ԱԺ ամբիոնից փոխադարձ մեղադրանքներ է ուղղում իշխանությանը։

«Հայաստան» խմբակցության անդամ Լիլիթ Գալստյան․ «Այն, ինչ այսօր տեղի է ունենում սահմանին սկզբունքորեն հակասում է ՀՀ Սահմանադրությանը։ Այն գործողություն է պետության տարածքային ամբողջականության դեմ։ Ի՞նչ լիազորություններ ունեն վարչապետը և նրա անհատական իրավական ակտով ստեղծված ինչ-որ խորհրդատվական հանձնաժողով, Սահմանադրության ո՞ր հոդվածով են հիմնավորված այդ հակապետական գործողությունները»։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է, որ Տավուշից սկսված բողոքի ակցիայի մասնակիցները քաղաքական ասելիք և պահանջ չեն ձևակերպել։

«Ի՞նչն է առաջարկը։ Քաղաքացին պետք է առաջարկ ունենա, երբ ինչ-որ մեկն ասում է՝ ես սրան դեմ եմ, ինքը առաջարկ պետք է ներկայացնի։ Բայց ես վստահ եմ, որ ՀՀ ժողովուրդը ամեն ինչ շատ լավ հասկանում է, ես վստահ եմ, որ ՀՀ ժողովուրդը վստահում է սահմանազատման և սահմանագծման գործընթացին, գիտի, որ ՀՀ-ն պետք է խաղաղության մեջ ապրի, պատերազմ չի ուզում, չի պատրաստվում հներին վերադարձնել իշխանությունը, չի պատրաստվում կրոնապետության գնալ, չի պատրաստվում եկեղեցու որոշ անդամներին դիտարկել որպես քաղաքական գործիչ, որը ըստ իս՝ անընդունելի է։ Եվ հասկանում է, որ եկեղեցին, Աստվածը, հույզերը, այն էմոցիաները, որ մենք ունենք որպես քրիստոնյաներ, և անհատները, որոնք այսօր քաղաքական շահ են սպասարկում, դրանք տարբեր բաներ են։ Դրա համար ես չեմ հավատում, որ ՀՀ ժողովուրդը իր իմաստությունը կորցրել է»։

«Կասեցնել սահմանազատումը և միակողմանի զիջումները» ձևակերպումը Սիմոնյանը չի ընկալում որպես պահանջ։ ԱԺ նախագահը պնդում է՝ սահմանազատումն իրականացվում է միջազգային նորմերին համապատասխան։ Ինչ վերաբերում է «Խաղաղության պայմանագրի» տեքստի 9-րդ խմբագրմանը, ապա դա ևս ապացույց է, ըստ Սիմոնյանի, որ համաձայնագրի հիմքում միայն Ադրբեջանի առաջարկները չեն, ինչպես դա պնդում է Ալիևը․

«Պայմանագիրը արդեն որերորդ անգամ գնում-գալիս է, բա ինչո՞ւ է գնում-գալիս, որովհետև իրենք իրենց առաջարկներն ուղարկում են, մենք էլ ասում ենք սա էլ մեր առաջարկն է։ Դրա համար այդ պրոցեսը այսպես երկարում է։ Հիմնական տարաձայնություն չկա, հերթով կետերով գնում ենք։ Շատ կարևոր է, որպեսզի երկակի մեկնաբանության տեղ չթողնենք։ Նոյեմբերի 9-ի հայտարարության հետ կապված նման սակարկումներ որոշ երկրներ ու որոշ քաղաքական գործիչներ փորձեցին անել, և դա լավ դաս է բոլորիս համար, որ բոլոր ձևակերպումները երկու կողմի համար հասկանալի լինեն, թե ինչի մասին է այդ ձևակերպումը, որ մեկը չասի՝ դու այստեղ ինձ այսպիսի բան ես խոստացել, էն մյուսն էլ ասի՝ սա ես խոստացել։ Դրա համար պայմանագիրը իրար ենք փոխանցում»։

ԱԺ նախագահը նորմալ է համարում դժգոհություն արտահայտելը, բայց հստակեցնում է, որ իշխանափոխությունը հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով, ժամկետը՝ 2026-թ։ Արտահերթ ընտրությունների գնալու միակ ճանապարհը համարում է ընդդիմադիր պատգամավորների մանդատները վայր դնելը և հորդորում է ընդդիմադիր գործընկերներին դիմել այդ քայլին։

Back to top button