Էկոսֆերա

Սոճիներն ու հաճարենիները՝ վերացման վտանգի տակ․ ինչպե՞ս փրկել անտառները․ «Էկոսֆերա»

Հայաստանում սոճիների անտառները չորացման սպառնալիքի տակ են։ Ռիսկային գոտում են այն տարածքները, որոնք ունեն թուլացած էկոհամակարգեր։ Ժամանակին չկատարված խնամքի աշխատանքներն այսօր թուլացրել են սոճուտների արմատային համակարգները։ Այս պայմաններում ծառերն ավելի խոցելի են դարձել հիվանդությունների նկատմամբ։ Ոչ միայն սոճիներն, այլև հաճարենիները նույնպես չորացման վտանգի տակ են։ Ի՞նչ են առաջարկում մասնագետները։  

Սևանա լճին հարակից տարածքով անցնելիս նկատվում են գորշ երանգ ստացած ծառերը։ Դրանք սոճիներն են, որոնք կա՛մ չորացել, կա՛մ էլ կանգնել են չորացման եզրին։

Անտառագետ, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Հասմիկ Խուրշուդյանն իր էջում տեսանյութ է հրապարակել, որում ճանապարհի երկայնքով չորացած տեսք ստացած ծառերն են։ Մասնագետը մտահոգություն ունի՝ խնդիրը գնալով կխորանա։

 «Բռնկումը կշարունակվի, դեռ ավելի շատ։ Այդ տնկարկները լոկ գեղեցկության համար չեն, ունեն կլիմայակարգավորիչ և ջրագոյացնող նշանակություն»։

«Սևան» ազգային պարկում սոճիների վիճակն ահագնացող է։ Հիվանդությամբ վարակված սոճու շուրջ 10 000 ծառ չորացման եզրին է։ Բնապահպանության ոլորտի փորձագետ, անտառագետ Այսեր Ղազարյանը նշում է, որ հիվանդությունը մեծ արագությամբ է տարածվում, և արդեն ազգային պարկի կողքով անցնելիս՝ տեսանելի է գորշ գունավորում ստացած ծառերի զգալի քանակություն։

Սոճիների չորացման վտանգ կար և այժմ էլ կա Լոռվա մարզում։ Դեռևս 2020 թ․-ին Լոռու մարզում ահազանգ եղավ՝ կիսաչորացած սոճիների անտառային տեղամասեր կան։ Լոռվա սոճիների դեպքում խնդրի լուծումը կարծես գտնվել է։ Լոռվա մարզից անտառագետ Դավիթ Ամիրյանն ասում է, որ համապատասխան միջոցառումներ իրականացնելուց հետո, խնդիրը որոշակիորեն բարելավել է, սակայն հիմնովին լուծված չէ։

Խնամքի հատման աշխատանքներ այժմ կատարվում են, սակայն ոչ բավարար քանակությամբ։ Կան վայրեր, որտեղ դժվարանցանելիության պատճառով, խնամքի աշխատանքներ չեն կատարվում, մինչդեռ, ըստ անտառագետի՝ սոճիների անտառներում այդ աշխատանքներն ուղղակի անհրաժեշտություն են։ Այսեր Ղազարյանն էլ նշում է՝ կորցնելու ժամանակ այլևս չունենք։ Հայաստանում անտառների գոյության մասով կան լուրջ խնդիրներ ոչ միայն սոճի տեսակի, այլև՝ հաճարենու:

Հրատապ քայլերի ձեռնարկման կարիք կա, խնդրի լուծման համար պետք է իրականացվեն կարանտինային միջոցառումներ՝ նախ կանխելով վարակի տարծումը, հետո՝ տեղում վերացնելով հիվանդությունը։ Առաջարկվում է նաև չորացածները նորով փոխարինելու ծրագիր։

Նոր «հեծանիվ հորինել» պետք չէ, արդեն խնդրին բախված երկրներն անցել են պայքարի ճանապարհով, բավական է վերցնել այդ երկրների (Ճապոնիա, Չինաստան) փորձը, և անցնել գործի` հրավիրելով մասնագետներ։

Back to top button