Էկոսֆերա

Ալեք Մանուկյան, Թումանյան փողոցների ծառերի փոխարինման աշխատանքներն ու դրանց շուրջ ծավալված քննադատությունները․ «Էկոսֆերա»

Ալեք Մանուկյան փողոցում կենսունակությունը կորցրած թեղիները փոխարինվում են գեղազարդ ծառատեսակներով։ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի գլխավոր դենդրոլոգ Արծվի Գրիգորյանը պարզաբանում է, որ հիվանդ թեղիները փոխարինվել են ալբիցիաներով և դեկորատիվ այլ ծառատեսակներով։ Ըստ նրա՝ թյուր կարծիք է, թե նորատունկ ծառերը չեն ապահովելու ստվերով։ Սակայն Ալեք Մանուկյան փողոցի լայնամասշտաբ ծառերի ամբողջական հեռացումը քաղաքացիների վրդովմունքն առաջացրեց։

Համացանցում շատ եղան հրապարակումներ, այդ թվում ՝ մասնագետներն իրենց գնահատականը տվեցին։ Երևանի ավագանու անդամ, Երևանի պետական բժշկական համալսարանի Հիգիենա և էկոլոգիա ամբիոնի դոցենտ, բ.գ.թ., «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նախկին փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանն այն համոզմունքին է, որ ծառերի փոխարինման աշխատանքները գրագետ չեն կատարվել։

«Օրինակ՝ բարձահասակ թեղիները հանվեցին և նրանց փոխարեն տնկվում են հուդայածառեր, սա նշանակում է, որ թռչունները չեն իջնելու ցածրահասակ ծառերի վրա բնադրելու։ Բացի դրանից, միատեսակ ծառատեսակներ տնկելը սխալ է,քանի որ առաջանում են միատեսակ խնդիրներ։ Օրինակ՝ թեղու կեղևակերը գրոհեց թեղիները և մենք կորցրեցինք ողջ փողոցը։ Հիմա պետք էր տարբեր ծառատեսակներ տնկել, որպեսզի նման խնդիրներ չլինեն։ Որպես առողջապահության ներկայացուցիչ նաև ասեմ, որ Երևանում փոխարինող ծառատեսակները նախատեսված չեն կիսաանապատային քաղաքի փողոցների կանաչապատման համար, սրանք այգեպուրակային տարածքների ծառեր են։

Մեր բնակչությանն առաջին հերթին պետք է պաշտպանել ուլտրամանուշակագույն ճառագայթներից՝ լայն սաղարթներով և բարձրահասակ ծառերով։ Մեզ նաև պետք է պայքարել շենքերի ճակատների և ասֆալտի ջերմացման հետ, որովհետև ասֆալտը բարձրանում է մինչև 70 աստիճան, իսկ շենքի ճակատները՝ մինչև 50-60։ Սրանք ստացվել են իրականացված գիտական աշխատանքների արդյունքում։ Ծառերի փոխարինման աշխատանքներն արվում են զանգվածային բնույթով, ինչն անթույլատրելի է, քանի որ հաջորդող 15-20 տարիների ընթացքում այդ փողոցները մնացել են առանց ռիսկերի կառավարման։ Զանգվածային այս գործընթացն ուղղակի դատավճիռ է բնակչության, նաև կենսաբազմազանության համար»։

Back to top button