Էկոսֆերա

Ինչո՞ւ գիտական հաստատությունների հետ չի քննարկվել կանաչապատման ծրագիրը․ «Էկոսֆերա»

Որքանո՞վ է գիտականորեն հիմնավորված Երևանում ծառերի փոխարինման ծրագիրը։ Շարունակվում են Երևանի կանաչապատման շուրջ քննարկումները։ Այս թողարկման ընթացքում կլսենք մասնագետների կարծիքներն ու «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի արձագանքը։

Երևան քաղաքում ծառերի փոխարինման աշխատանքները մեծ աղմուկ առաջացրեցին, հատվեցին Ալեք Մանուկյան, Թումանյան, Սայաթ-Նովա փողոցների ծառերը՝ փոխարենը տնկելով նոր տեսակի ծառեր։ Այս առիթով նաև բողոքի ակցիա տեղի ունեցավ Երևանի քաղաքապետարանի դիմաց, որի ժամանակ ցուցարարների հարցերին պատասխանեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Կային արդարացի բարձրացված հարցեր՝ ինչո՞ւ մաս-մաս չփոխարինվեցին ծառերը, արդյո՞ք բոլոր թեղիներն էին հիվանդ կամ չորացած և ինչո՞ւ գիտական հաստատությունների հետ չի քննարկվել կանաչապատման ծրագիրը՝ գիտականորեն հիմնավորված պատասխաններ ունենալու համար։

ՀՀ ԳԱԱ Ա.Լ. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք տեղյակ է Երևանի կանաչապատման ծրագրից, ասաց՝ ինստիտուտը չի կարող կարծիք հայտնել, քանի որ իրենց չեն դիմել:

ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի մասնագետներին նույնպես քաղաքապետարանից չեն դիմել՝ լսելու նրանց դիտարկումները կանաչապատման հարցով։

Կենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանի խոսքով՝ որոշումներն ընդունվում են անորոշության պայմաններում, չկա միասնական համակարգ՝ քաղաքապետարան-գիտություն-հասարակություն կապը ստեղծելու և սերտ աշխատելու համար։ Սահակյանի խոսքով՝ կանաչապատման ոլորտում նախ և առաջ պետք էր գույքագրում իրականացնել։ Յուրքանչյուր ծառ պետք է ունենա իր անձնագիրը, ըստ այդմ՝ հնարավոր է որոշում կայացնել՝ ծառերը հեռացնելու կամ բուժելու: Ամեն դեպքում, ինչպե՞ս է որոշվել թեղին հիվանդ է, թե՞ ոչ։ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի զարգացման գծով տնօրենի տեղակալ Արթուր Խալաթյանն է պարզաբանում։

Back to top button