Էկոսֆերա

Երբ կրճատում ենք կանաչ գոտիները, կրճատում ենք նաև թռչունների թիվը․ թռչնաբան․ «Էկոսֆերա»

Երբ կրճատում ենք կանաչ գոտիները, կրճատում ենք նաև մեզ օգնողների թիվը։ Խոսքը՝ Երևանում բնադրող թռչունների մասին է։

Թռչնաբանը ներկայացրել է ծառերի փոխարինման աշխատանքների ռիսկային կողմերը կենսաբազմազանության համար, իսկ ահա արբորիստը, որը ծառերի խնամքի ու պահպանության փորձագետ է, առաջարկում է ձեռք բերել սարքավորումներ, որոնք կօգնեն գնահատել ծառերի առողջական վիճակը։ Սա էլ թույլ կտա որոշում կայացելուն, արդյոք ծառը հատման ենթակա է, թե՝ ոչ։

100 տարվա ընթացքում Երևան քաղաքը մեծացել է 8 անգամ և 18 անգամ մեծացել է քաղաքի բնակչության թիվը, սակայն նույնը չենք կարող ասել կանաչ տարածքների մասին։

Երևանի քաղաքապետարանում կայացած savetreesyerevan քաղաքացիական շարժման անդամների հանդիպմանը, Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդյանյանը նշեց, որ սանիտարական նորմատիվի պահանջ է՝ քաղաքի տարածքի 20 տոկոսը պետք է լինի ընդհանուր օգտագործման կանաչ տարածք, սակայն Երևանում ունենք ընդամենը 4 տոկոս։

Հանդիպմանը ներկա մյուս փորձագետները ևս իրենց դիրքորոշումը հայտնեցին Երևանում ընթացող ծառերի փոխարինման աշխատանքների մասով։

Մասնավորապես, կենսաբազմազանության մասնագետ, թռչնաբան Կարեն Աղաբաբյանը մտահոգություն հայտնեց հատկապես քաղաքի թռչունների մասով, որոնք բնադրում են ծառերին։

«Քաղաքը բավականին հետաքրքիր միջավայր է կենսաբազմազանության տեսանկյունից։ Երևանում կա բնադրող առնվազն 60 տեսակի թռչուն, իսկ, եթե հաշվի առնենք նաև չուի ժամանակաշրջանը, ապա 100-ից ավելի թռչնի տեսակ ունենք։ Այս կանաչ գոտիները հանդիսանում են և՛ բնադրավայր, և՛ հանգստի վայր այն տեսակների համար, որոնք չուի ժամանակ կանգ են առնում քաղաքում։ Երբ մենք կրճատում ենք կանաչ գոտիները, կրճատում ենք նաև մեզ օգնողների թիվը։ Կա մի փոքրիկ թռչնակ, որը կոչվում է մեծ երաշտահավ, տարածված է քաղաքում, գրեթե ամեն տեղ, որտեղ կան ծառեր։ Բնադրում է ծառերի փչակներում և մեծ դեր է խաղում միջատներից մաքրման գործում։ Հետազոտությունները ցույց են տվել, որ մեկ զույգ մեծ երաշտահավ մաքրում է միջատներից մոտ 40 ծառ։ Մենք, ոչնչացնելով ծառերը, ոչնչացնում ենք նաև այդ տեսակների միջավայրը։ Բացի դրանից, քաղաքում կան բնադրող կարմիրգրքյան տեսակներ, որոնց մենք կրկին հաշվի չենք առել»։

Back to top button