Էկոսֆերա

Կենդանի պատ՝ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում․ «Էկոսֆերա»

1500 հասմիկ թփատեսակով ու 40 արևմտյան թույաներով կենդանի պատ հիմնվեց «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում։ Շնորհիվ իրականացված ծառատունկի, տարածքի կանաչապատ հատվածն ընդլայնեց։ Մտահղացումն «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամն է և նվիրված է Երկրի օրվան։

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում եռուզեռ էր, մեծից փոքր, մշակութային գործիչներից մինչև դեսպան լծված էին կարևոր գործին՝ կանաչապատում էին «Զվարթնոց»-ի տարածքը։ Բնության կանչով այստեղ է եկել դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը՝ տնկելով առաջին թուփն ու ծառը։

Մեկ թույա և տասը հասմիկ տնկեց Հայաստանում Արգենտինայի դեսպանության առաջին քարտուղար և հյուպատոս Խուան Բ․ Սկարտասցինի դել Ռիոն` կնոջ և երեխաների հետ։ Ծառատունկին մասնակցում է ընտանիքիս անդամների հետ, ինչը ևս խորհրդանշական է համարում․ «Ես երջանիկ եմ, որ ընտանիքիս հետ եմ այստեղ։ Սա հատուկ օր է մեզ համար, քանի որ նպաստելու ենք ոչ միայն Հայաստանի կանաչ տարածքների ավելացմանը, այլև որպես Արգենտինայի ներկայացուցիչներ՝ Հայաստանի հետ կապերի ավելի ամրապնդմանը»։

Ծառատունկի նախաձեռնողն «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամն է։ Երկրի օրը նշելու համար ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը ևս հրավիրվածների շարքում է։ Առաջին անգամ է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում, խոստովանեց՝ տպավորված է․

«Այսօր մենք նշում ենք Երկիր մոլորակի օրը՝ Հայաստանի կարևորագույն հնավայրում՝ «Զվարթնոց»-ի տաճարում։ Պետք է նշեմ, որ առաջին անգամ էի այցելում «Զվարթնոց» և տպավորված եմ։ «Էյ Թի Փի» -ին միլիոնավոր ծառեր է տնկել և կարողացել է բնապահպանական այս կարևոր խնդիրն ուշադրության կենտրոնում պահել։ Սա առիթ է ևս մեկ անգամ ի ցույց դնել կանաչապատման կարևորությունը՝ տնտեսական ինքնաբավության և կայունության համատեքստում։ Ինչպես գիտեք, ապրելի 22-ին՝ Երկիր մոլորակի օրը, բնապահպաններն իրենց կարևոր ներդրումն են ունենում բնապահպանական հարցերի բարձրաձայնման և պահպանման առումով՝ երկիր մոլորակի ապագան հանուն բոլորիս երաշխավորելու համար»։

Պատմամշակութային վայրի ընտրությունը պատահական չէ։ «Էյ թի փի» հիմնադրամի տնօրեն Ռուզաննա Առուստամյանն ասաց, որ վայրը մշտապես ընդգրկվում է կանաչատման ծրագրերում, առհասարակ պատմամշակութային վայրերում, դպրոցների, մանկապարտեզների ու հիվանդանոցների տարածքներում հաճախ են կանաչապատման աշխատանքներ իրականացնում։

«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամն արդեն 30 տարի բնապահպանական գործունեություն է ծավալում Հայաստանում՝տնկելով շուրջ 8 միլիոն ծառ ավելի քան 1500 հեկտար անտառտնկման և 1500 համայնքապատման տեղամասերում։ 30-ամյակի շրջանակում ծառատնկման և անտառտնկման ծրագրեր դեռ կիրականացվեն։

Back to top button