Սփյուռքի ձայնը

«Ի գործ». սփյուռքահայ մասնագետները շարունակում են աշխատել Հայաստանում. «Սփյուռքի ձայնը»

«Ի գործ» ծրագիրը, որն արդեն մի քանի տարվա պատմություն ունի, շարունակում է իր հարկի տակ ընդունել սփյուռքահայ մասնագետներին, նրանց հմտությունները փորձում օգտագործել պետական գերատեսչությունների աշխատանքներում։ Այն նաև նպաստում է հայրենադարձությանը։

«Ի գործ»-ի ու իգործականների աշխատանքների, հայրենադարձության նախադրյալների ու փոխգործակցության մասին պատմում են Կանադայից Սյուզաննա Վարդանյանն ու ՌԴ-ից Արամ Հարությունյանը։

Սյուզաննա Վարդանյանը քաղաքագետ է, միջազգային հարաբերությունների  ու  հասարակայնության հետ կապերի մասնագետ։ Թե՛ Կանադայում, թե՛  ԱՄՆ-ում աշխատել է բարձրակարգ ընկերություններում։ Մի քանի տարի առաջ ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան՝ վստահ լինելով, որ իր երեխաները հայրենիքում կստանան լավ կրթություն, կունենան լավ մանկություն և ապագա։

«Հայաստանյան գերատեսչություններում աշխատում են բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող մասնագետներ։ Նրանք, սակայն, չեն թերագնահատում և ժխտում  իմ փորձը, այլ լսում և հաշվի են նստում իմ գիտելիքների հետ։ Թեև ես աշխատել եմ շատ հայտնի ընկերություններում և ունեմ աշխատանքային փորձ,  սակայն հայաստանյան  կառավարման ոլորտում   շատ բան սովորեցի իմ հայաստանցի գործընկերներից»,- ասում է Սյուզաննան։

Սյուզաննա Վարդանյանն այսօր աշխատում է Հայաստանի վերափոխման ռազմավարական  ծրագրի վրա։ «Շատ բան փոխել հարկավոր չէ․ պետք է պարզապես համախմբվել, միասնական լինել, շատ խնդիրներ կլուծվեն հենց այդ միասնության շնորհիվ»,- կարծում է նա։

Արամ Հարությունյանը ՌԴ-ից մեկ տարի առաջ  է եկել Հայաստան։ Նա «Ի գործ»-ի շրջանակներում աշխատում է ՀՀ արդարադատության նախարարության միջազգային  վարչությունում։

Գնահատելով հայ իրավաբանների՝ միջազգային տարբեր հարթակներում իրականացրած աշխատանքները՝ նշում է. «Կարևոր է, որ այդ աշխատանքներն իրագործվեն ՀՀ հետ համատեղ։ Մեր արտերկրում ապրող իրավաբանները մի քիչ այլ են պատկերացնում իրավիճակը։  Գուցե, այդ իրավիճակը երկրի ներսից այլ պատկեր ունի, դրսից՝ այլ, ինչն էլ հաճախ միասնական աշխատանքին խոչընդոտում է։ Բայց պետք է նշեմ, որ հայաստանցի իրավաբանները միջազգային ատյաններում մեծ գործ են անում՝ ներկայացնելով, թե ՛ Հայաստանի, թե՛ արցախցիների  խնդիրները»։

Արամ Հարությունյանն արտերկրում ապրող իրավաբաններին կոչ է անում միջազգային կառույցներում հայության շահերի պաշտպանության համար ոչ թե գնալ զուգահեռ ճանապարհներով, այլ պետական գործառույթ իրականացնող իրավաբաններին միանալով՝ փորձել օգտակար լինել ընդհանուր գործին։

Back to top button