Մտքի ուժը

Ինչպես օգտվի կացարանի, սննդի և առաջին անհրաժեշտության պարագաների կարիք ունեցող բռնի տեղահանվածը պետական աջակցությունից․ «Մտքի ուժը․ նոր ձևաչափ»

Արցախահայության բռնի տեղահանությունից,  Հայաստանում նրանց հաստատվելուց հետո առաջանում են հարցեր, որոնց պատասխանները կփորձի տալ «Մտքի ուժը» հաղորդումն՝  իր նոր ձևաչափով։

Հարցեր ու պատասխաններ․  արցախցիներին այս պահին ամենաշատը հուզող սոցիալական, առողջապահական, կրթական ու այլ հարցերի պատասխանները առաջիկա  րոպեներին։ Չկա հարց, որը չունենա պատասխան։ 

Հարցերին պատասխանում է  ՀՀ ՏԿԵՆ վարչական վերահսկողության վարչության պետ Արկադի Չերչինյանը։

Ո՞ր մարմնին պետք է դիմի բռնի տեղահանվածը, եթե սահմանը հատելուց մի քանի օր հետո է որոշում օգտվել պետության առաջարկած կացարանից։

ԼՂ–ից տեղահանված անձանց համար կառավարության կողմից տրամադրվող աջակցության ստացման ուղեցույցները հասանելի են պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակում՝ irazekum.am , որտեղ ըստ մարզերի տեղադրված են տարածքային հումանիտար կենտրոնների և միասնական սոցիալական ծառայության կենտրոնների պատասխանատու անձանց կոնտակտային տվյալները։ Նաև սոցիալական հարթակներում է հրապարակված պատասխանատու անձանց համարները, նրանք ներգրավված են աշխատանքային խմբերում, զբաղվում են կոնկրետ անձանց կացարանով ապահովելով։

Ի՞նչ սկզբունքով են ընտրվում առաջարկվող կացարանները՝ հյուրանոց- հյուրատուն, մանկապարտեզ, արդյո՞ք հաշվի առնվում է ընտանիքի անդամների թիվը, կա՞ն արդյոք հատուկ կարիք ունեցողներ, թե՞ ոչ։

ԼՂ–ից տեղահանված անձանց կողմից տարածքային հումանիտար կենտրոններ և միասնական  սոցիալական ծառայության կենտրոններ դիմելու դեպքում պատասխանատու անձանց կողմից առաջարկվում են ժամանակավոր կեցավայրեր՝ հաշվի առնելով ընտանիքի անդամների թիվը։

Եթե ընտանիքը մեկ անգամ հրաժարվում է պետության առաջարկած կացարաններից, կարո՞ղ է արդյոք կրկին դիմել։

Այո, կարող է կրկին դիմել։ Պատասխանատու անձանց կողմից առաջարկված ժամանակավոր կեցավայրերից հրաժարվելու դեպքում ԼՂ–ից տեղահանված անձինք կարող են դիմել այլ մարզերի պատասխանատու անձանց, նաև՝ համայնքապետարաններին։ Այս ընթացքում նման ներքին տեղաշարժեր եղել են։ 

Կա՞ արդյոք սահմանված ժամանակ՝ որքա՞ն են մնալու բռնի տեղահանվածները պետության առաջարկած ժամանակավոր կացարաններում։

Այս պահին ժամկետներ սահմանված չեն։ Սակայն շատ ընտանիքներ արդեն իսկ տեղափոխվում են բնակելի տներ, որպեսզի կարողանան օգտվել կառավարության կողմից յուրաքանչյուր անձի համար բնակարանի վարձի ու կոմունալ ծախսի համար նախատեսվող 50 հազար դրամ գումարի աջակցությունից։

Արդյո՞ք պետությունը հոգում է բռնի տեղահանվածների սննդի ու առաջին անհրաժեշտության պարագաների հարցը։

Իհարկե հոգում է։ Կառավարությունը ԼՂ–ից տեղահանված այն անձանց սննդի ու առաջին անհրաժեշտության ապրանքների հարցն է հոգում, որոնք դիմել են մարզպետարաններին, համայնքապետարաններին ու իրենց կարիքները գնահատվել են։ Սննդի բաշխումը  իրականացվում է ամենօրյա ռեժիմով՝ մարզետարանների ու համայնքապետարանների միջոցով։

Այս շաբաթ կառավարությունը սկսեց միանվագ 100 հազար դրամ ֆինանսական աջակցության հատկացումը։ Այս օրերին մենք շարունակում ենք հարցեր ստանալ,  որոնց պատասխաններն այս պահին կտա ԱՍՀՆ կենսաթոշակային եւ այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը։

Եթե երեխան ծնվել է Արցախում, բաց չունի փաստաթուղթ, արդյո՞ք նրան հասնում է միանվագ աջակցություն

Երեխայի պարագայում կարևոր է մեկ հանգամանք՝ ծնողը լինի շահառու։ Տվյալները պետք է լինեն միգրացիայի ծառայության հաշվառման բազայում, ծնողը գտնվի ՀՀ–ում։

Արդյոք կարո՞ղ են օգտվել այն ընտանիքները, որոնք շրջափակման պատճառով մնացել էին Հայաստանում

Շահառու են բացառապես այն անձինք, ովքեր միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից հաշվառվել են որպես բռնի տեղահանված։ Այն անձինք, որոնք Հայաստանում էին 2020 կամ 2021թ․-ից հետո, նրանք ֆիզիկապես չէին կարող տեղահանվել։ Հետևաբար, նրանց տվյալները չի կարող լինել միգրացիայի բազայում, չեն կարող լինել շահառու։ Նախկինում տեղափոխված ընտանիքները այս միջոցառման շահառու չեն։

Եթե բռնի տեղահանված ընտանիքները ՀՀ–ում ունեն ուսանողներ, արդյո՞ք նրանք կարող են օգտվել աջակցության ծրագրերից։

Ուսանողները չափահաս անձինք են, նրանց համար կգործի չափահաս անձանց ընդհանուր կանոնը։ Եթե ուսանողները հաշվառված են միգրացիայի ու քաղաքացիության ծառայության բազայում, ուրեմն կստանան աջակցությունը, եթե ոչ՝ չեն ստանա։

Աջակցություն ստանալու համար պարտադիր է քաղաքացիության և միգրացիայի ծառայությունում գրանցվելը։ Եթե  կատարվել է քաղաքացու առաջնային կարիքի գնահատում, ապա դա բավարար չէ, որպեսզի ստանա աջակցությունը։

Բռնի տեղահանված անձանց 100 հազ․ դրամ միանվագ աջակցության տրամադրման գործընթացին կարելի է հետևել առցանց եղանակով։ Համապատասխան պատուհանում լրացնելով Ձեր անուն-ազգանունը և անձը հաստատող փաստաթղթի տվյալները՝ հնարավոր է  տեսնել տրամադրվող աջակցության կարգավիճակը․ այդ թվում՝ արդյո՞ք այն հաստատվել է, ո՞ր բանկի միջոցով է վճարվել, ե՞րբ է վճարվել։   

Անհրաժեշտ է https://dimum.ssa.am/ հարթակում ընտրել «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցության միջոցառումներ» պատուհանը, այնուհետև՝ «Տեղեկատվություն՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց 100 հազ․ դրամ միանվագ աջակցության շահառուների վերաբերյալ» էջը և լրացնել պահանջվող տվյալները։

Back to top button