ԿարևորՀասարակություն

Հայաստանում միջին մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի գնահատում կիրականցվի

Եվրոպական կրթական հիմնադրամի միջազգային փորձագետները Հայաստանում են՝ գնահատելու միջին մասնագիտական կրթության և ուսուցման համակարգը, վերհանելու բացերն ու մատնանշելու մարտահրավերները։ Միջազգային փորձագետները բավական հագեցած օրակարգով են Հայաստանում։

Նրանց հանդիպումների ու այցերի լայն շրջանակը հնարավորություն կտա գնահատելու միջին մասնագիտական կրթության համակարգի խնդիրները։ Հայաստանի կրթության ռազմավարության գլխավոր կետերից մեկն է մինչև 2030 թվականը հասնել շրջանավարտների 90 տոկոս զբաղվածության։

Կարևորելով միջազգային փորձագետների կողմից Հայաստանում միջին մասնագիտական կրթության և ուսուցման համակարգը գնահատելու գործընթացը, կրթության գերատեսչությունում համոզված են, որ գործընկերիների գնահատման միջոցով հստակ դուրս կբերվեն ուժեղ, թույլ կողմերը, տեսանելի կդառնան խնդիրներն ու առավելությունները։

Բուհերի բազմազանության, դրանց առաջարկած նոր մասնագիտություններին զուգահեռ գործում են քոլեջներ և ուսումնարաններ, որոնց պահանջարկը շուկայում ևս փոքր չէ։ Մասնագիտական շրջանակներում կարծում են, որ տարեցտարի մեծանում է հետաքրքրությունը միջին մասնագիտական կրթության հանդեպ, կոտրելով անպայման բարձրագույնի դիպլոմ ունենալու կարծրատիպը:

Կրթական այս ոլորտը, սակայն, առանձնահատկություն ունի․չի կարող կայանալ առանց գործատուի մասնակցության։ Տարբեր հետազոտություններ ցույց են տալիս, որ ՄԿՈՒ հաստատությունների շրջանավարտների միայն 41-43 տոկոսն է համարում, որ ձեռք բերված տեսական և գործնական գիտելիքները համապատասխանում են իրենց աշխատանքի պահանջներին, մինչդեռ կրթության ռազմավարությունում թիրախ է սահմանվել շրջանավարտների 90 տոկոսի զբաղվածության ապահովումը, նկատում է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը։

«Մինչև 2030 թվականը պետք է հասնենք այն կետին, որ շրջանավարտների 90 տոկոսը աշխատանք ունենան և աշխատեն գործատուների պահանջներին համապատասխան։ Կրթության որակը ոչ միայն ծնողների ու ուսանողների ուշադրության կենտրոնում է, այլև գործատուների»։

Ով և որտեղ է թերանում։ Համակարգը ուսումնասիրելու, գնահատելու, մարտահրավերները մատնանշելու նպատակով որակի ապահովման ազգային կենտրոնը հրավիրել է Եվրոպական կրթական հիմնադրամի փորձագետներին, որպեսզի նրանք ուսումնասիրեն մեր համակարգը, հանդիպեն շահառուների հետ։ 12 երկրից 15 փորձագետները կգնահատեն Հայաստանում միջին մասնագիտական կրթության համակարգը և կօգնեն իրականություն դարձնել մինչև 2030 թվակականը նախանշված ռազմավարական ծրագիրը։

«Մենք սպասում ենք հետադարձ կապ։ Փորձագետները մեզ կասեն իրենց դիտարկումները, այնուհետև ամբողջ միջին մասնագիտական համակարգը կանցնի գործի՝ ցույց տալով ավելի մեծ արդյունքներ։ Հույս ունեմ, որ մինչև 2030-ը մենք իրոք կմոտենանք այդ նշաձողին»։

Եվրոպական կրթական հիմնադրամը պատրաստ է աջակցել։ Եվրոպական կրթական հիմնադրամի ֆորումի ղեկավար Մունիր Բաատին խոստանում է հագեցած հանդիպումներ ոլորտի բոլոր շահառուների հետ։

«Մեր փորձագետները հանդիպելու են դպրոցների տնօրենների, ուսումնական հաստատությունների դասախոսների, հրահանգիչների հետ։ Մենք ունենք մասնագետներ Վրաստանից, Լիբանանից, Իսրայելից, Հորդանանից, Սերբիայից և այլն։ Ասեմ, որ հիմնականում բոլոր երկրները միևնույն մարտահրավերների են առերեսվում։ Գործընկերային այցի ավարտին նրանք տրամադրելու են հետադարձ կապ։ Մատնանշելու են մարտահրավերները և ցույց են տալու մեթոդներ աշխատելու այդ մարտահրավերների հետ»։

Կրթության որակի հարցը ոչ միայն կրթական հաստատությունների ուշադրության կենտրոնում է, այլև հենց գործատուների, որ կարողանան համապատասխան աշխատուժ ստանալ, կադրային որակավորումն էլ լինի գործատուների պահանջին համապատասխան։ Ուստի ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը առանձնակի կարևորում է նաև աշխատանքի վրա հիմնված կրթությունը՝ դուալ ուսուցումը, որը անմիջապես գործատուի մոտ է կազմակերպվում։ Սակայն դուալ ուսուցումը կրթական հաստատություն-գործատու կապի հաստատմանն ու ամրապնդմանը նպաստող ծրագրերից մեկն է միայն։

«Շատ ուզում եմ կարևորել աշխատանքի վրա հիմնված ուսուցումը, ինչը տարբեր մասնագիտությունների գծով մեր երկրում իրականացվում է, սակայն միևնույն ժամանակ մենք այս ոլորտում զարգացման, ընթացակարգերի հստակեցման լուրջ անելիքներ ունենք։ Ապացուցված է, որ աշխատանքի վրա հիմնված ուսուցումը կրթության որակի բարձրացման ամենակարևոր ձևերից մեկն է»։

Հաշվի առնելով, որ աշխատաշուկան այսօր միջին որակավորում ունեցող բազմաթիվ մասնագետների կարիք ունի, փոխնախարարը կարծում է, որ ժամանակի պահանջն է՝ վերանայել և նաև որոշակիորեն վերախմբագրել առկա մասնագիտությունները։

Back to top button