Խոշորացույց

«Էժանով պրծնել չի ստացվի» կամ աշխարհաքաղաքական մարտեր Արցախի շուրջը. «Խոշորացույց»

Այսօր մենք մտադիր էինք պարզել, թե ինչ են ցույց տալիս Երեւանի ավագանու ընտրությունները հասարակական ընկալումների տեսանկյունից, սակայն որոշեցինք դրան անդրադառնալ մեկ շաբաթ հետո, քանի որ այսօր արցախյան ճակատում ակտիվ աշխարհաքաղաքական մարտեր են ընթանում։

Հայաստանը մտնում է առեւտրային հարաբերությունների մեջ, որտեղ առեւտրի առարկան դառնում է ինքը` իր շահերով։

Հ. Միքայելյան

Մի կողմից տեսնում ենք, որ պատերազմի վտանգը մեծ է, տեսնում ենք զորքերի տեղաշարժ, մյուս կողմից տեսնում ենք, որ Ադրբեջանը պատերազմ չսկսեց։ Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը կարծում է, որ դրան խանգարել է երկու հանգամանք` հայ ամերիկյան զորավարժությունները եւ իրանական զորքերի կուտակումը Ադրբեջանի հետ սահմանին։

Պատերազմի վտանգն այս պահին նվազել է, սակայն չի նշանակում, որ այն բացառվում է։ Այստեղ կարեւորը Բաքվի մտադրությունն է, որը չի փոխվել, ասում է քաղաքագետը։

Այս իրավիճակում դիվանագիտությունը կարող է երկու ուղղություն ունենալ.

ա. պայմանավորվել Ադրբեջանի հետ. այս ուղղությամբ Հայաստանը լուրջ աշխատանք է արել եւ մինչեւ 2020 թվականը եւ դրանից հետո։ Ադրբեջանը չի գնացել պայմանավորվածությունների եւ չի գնալու, որովհետեւ նրա նպատակն այն չէ, որ պայմանավորվենք եւ հանգիստ ապրենք։

Աշխարհում խաղաղապահ առաքելությունների հաջող փորձը շատ քիչ է։

Հ. Միքայելյան

բ. դիվանագիտական զսպման մեխանիզմները. այստեղ Հայաստանը ժամանակի մեծ կորուստ է ունեցել։ Դիվանագիտականին պետք է զուգորդվել ռազմական զսպման կոմպոնենտը։ Քանի դեռ Ադրբեջանի համար լավագույն այլընտրանքը պատերազմն է եւ նրա համար պատերազմի գինը ցածր է, դրանից չի հրաժարվելու։ Այսինքն` միայն բանակցությունների միջոցով հարցը լուծել չի ստացվելու, ասում է Հրանտ Միքայելյանը։

Վարչապետ Փաշինյանի` Բաքու-Ստեփանակերտ երկխոսության վստահելի միջազգային մեխանիզմ ստեղծելու մասին առաջարկությունն ի՞նչ է նշանակում եւ ի՞նչ միջազգային մեխանիզմ կարող է ստեղծվել։

Հայաստանն ուզում է հանգիստ ապրել, Ադրբեջանը` առաջ ընթանալ. այս նպատակները համադրելի չեն։

Հ. Միքայելյան

Դա որքանո՞վ է հնարավոր, եթե, նախեւառաջ, Ալիեւը դա չի ցանկանում, ասւում է քաղաքագետը։

Հայաստանը պետք է իր շահերին տեր կանգնի։ Հույս ունենալ, թե դա կանի Ռուսաստանը, ԱՄՆ, Ֆրանսիան, կամ հույս ունենալ, որ եթե հրաժարվենք մեր շահերից, ապա լավ կապրենք, չի ստացվի։ Այս տարածաշրջանը դա չի ներելու։ Միջազգային լարվածությունը շարունակելու է աճել, դա ապակայունացնելու է մեր տարածաշրջանը։ Մեր շահերին մենք պետք է տեր կանգնենք։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Աշխարհաքաղաքական մարտեր Արցախի շուրջը. թեմայի մասին զրուցում ենք քաղաքագետ Հրանտ Միքայելյանի հետ։

Back to top button