Խոշորացույց

Ցեղասպանության 1.5 մլն զոհերը. ինչպես է պարզվել այս թիվը. «Խոշորացույց»

Ինչպե՞ս են պարզել, որ Հայոց ցեղասպանությանը զոհ է դարձել 1,5 մլն մարդ։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գլխավոր ֆոնդապահ Գոհար Խանումյանը նշում է, որ այս թիվը ոչ ցեղասպանագետները, ոչ Հայոց ցեղասպանության խնդրով զբաղվողները կասկածի տակ չեն առնում։ Առաջին աշխարհամարտից առաջ, ըստ Կ. Պոլսի հայոց պատրիարքության պաշտոնական տվյալների, Օսմանյան կայսրության հայաբնակ շրջաններում ապրել է 2 մլն. 400 հազար հայ։ Պատերազմից հետո պարզվել է, որ Մեծ եղեռնից փրկվել է մոտ 900 հազար մարդ։ Ուստի հասկանալի է, որ մոտ 1,5 մլն. հայ սպանվել է։

Ցեղասպանագետներն այսօր նշում են, որ Հայոց ցեղասպանության զոհեր հասկացությունը պետք է ընդլայնել։ Զոհեր են ոչ միայն սպանվածները, այլեւ փրկվածները, բոլոր օսմանահպատակ այն քաղաքացիները, որոնց նկատմամբ վարվել է ցեղասպան քաղաքականություն։

Վերջերս մեծ աղմուկ հանեց ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյան այն առաջարկը, որ անհրաժեշտ է ճշտել և արձանագրել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության բոլոր զոհերի անունները։

Գոհար Խանումյանը նշում է, որ զոհերի ցուցակները գիտահետազոտական նշանակություն ունեն, երբ որեւէ հետազոտող փորձում է ճշտել այդ տարածքում իրականացված ցեղասպանության հետեւանքները։ Այդ ցուցակները ոչ թե մարդկանց անունները պարզելու եւ համարակալելու նպատակ ունեն, այլ կորուստները հաշվարկելու։ Նման ցուցակներ, կամ, ինչպես մասնագետներն են ասում, անձնագրեր կազմվում են նաեւ Հոլոքոստի ուսումնասիրման ժամանակ։

Մեծ եղեռնը աշխարհում ամենաշատ ուսումնասիրված ցեղասպանությունն է, որովհետեւ դրան վերաբերող փաստեր ու փաստաթղթեր կան աշխարհի տարբեր երկրներում ու թանգարաններում։ Միաժամանակ, ի տարբերություն Հոլոքոստի, Հայոց ցեղասպանության թանգարան կա միայն Երեւանում։ Այն հիմնվել է 1995 թվականին, սակայն առաջին ֆոնդերը կազմել են 1996 թվականին։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հայոց ցեղասպանության նյութական ապացույցները. թեմայի շուրջ զրուցում ենք թանգարանի գլխավոր ֆոնդապահ Գոհար Խանումյանի հետ։

Back to top button