Էկոսֆերա

Թթենին հարմարությո՞ւն, թե՞ անհարմարություն է ստեղծում երևանցիների համար․ «Էկոսֆերա»

Երևանում հատվել են կոտրված և շուռ եկած թթենիներ։ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ղեկավարը մեզ հետ զրույցում, անդրադառնալով թթենիների հատմանը վերաբերող մտահոգություններին, ասաց` թթենիների հատելու նպատակ և ծրագիր չունեն։ Կսպասեն այնքան, մինչև ծառերն իրենց կյանքը կապրեն։

Թթենին Երևանի համար լոկ ծառ չէ, ունի պատմություն ու շատ ու շատ բակերում բնակիչնեն ունեն իրենց թթենու հետ կապված հիշողություններ։ Նույնիսկ ֆիլմներ են նկարահանվել։

Հայտնի «Թթենի» ֆիլմում արտացոլված է հին Երևանի բակային կոլորիտը՝ հարևաններին, այսպես ասած, միավորող ծառի՝ թթենու բերքը հավաքելն իսկական արարարողկարգ։

Այսօր արդեն, զարգացող Երևանում թթենին նույն «պատվին» կամ «ուշադրությանը» չի արժանանում։ Բնակիչների մի մասին նույնիսկ անհարմարություն է պատճառում, մյուսները՝ դեռ ունեն թթենու հետ կապված հիշողություններ կամ մատնանշում են քաղաքի կանաչ տարածքների սակավության խնդիրը։

Վերջերս քաղաքային իշխանությունների կողմից թթենիների հատման մասին տեղեկություն շրջանառվեց։ Մասնավորապես՝ բժշկան գիտությունների թեկնածու, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նախկին փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանը համացանցում գրառում կատարեց, տեղեկացնելով՝ քաղաքային իշխանությունների թթենիները հատելու մտադրության մասին։ Վարդանյանն ասում է, որ քաղաքային պայմաններում թթենին կարևոր դեր ու նշանակություն ունի՝ կլանում է փոշու մեծ քանակություն, ինչն այժմն Երևանին խիստ անհրաժեշտ է․ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ղեկավար Արմեն Բեգոյանը, սակայն նշեց, որ թթենիների հատման ծրագիր չունեն։ Ըստ նրա՝ աղմուկը թյուրըմբռման արդյունք է․ «Մենք դեմ ենք փողոցի մայթեզրերին լինեն պտղատու ծառեր, բայց մեր ձեռքն էլ չի գնում եղածները կտրել։ Մենք ուղղակի նորերը չենք տեղադրի մինչև եղածներն ապրեն իրենց կյանքը։ Իսկ թթենու հատման ծրագիր կամ նպատակ չունենք»,- ասաց Բեգոյանը։

Երևանն առանց թթենիների դժվար է պատկերացնել, քաղաքին բնորոշ ծառատեսակ է։ Ժամանակին շատ են եղել Նորքի անտառներում, քաղաքի կենտրոնական և ծայրամասային հատվածներում, Երևանյան լճի հատվածում։ Չնայած հասկանալի է, որ ժամանակները փոխվում են, միաժամանակ նաև՝ կարիքները։ Բայց և այնպես, Երևանը դժվար է պատկերացնել առանց թթենու հոտի ու բակային տարածքներում թթենու խոշոր սաղարթի տակ նստած երևանցիների։

Back to top button