Երաժշտական եռանկյունի

Աննա Միքայելյան․ դաշնակահարից մինչև դպրոցի հիմնադիր․ «Երաժշտական եռանկյունի»

Քիչ առիթներ են լինում զրուցելու երաժշտի հետ, ով բացի երաժշտական փայլուն կատարողից նաև դրսևորվում է որպես կրթության կազմակերպիչ և դպրոցի հիմնադիր:

Մեր հաղորդման հերոսն իր սկզբնական երաժշտական կրթությունը ստացել է ծնողներից և մինչև Միացյալ Նահանգներ մեկնելը սովորել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում: Այնուհետև տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, շարունակել է ուսումը և մասնակցելով բազմաթիվ մրցույթների՝ ունեցել է հաղթանակներ:

«Իմ առաջին Գրան պրին ստացա Լոնգի դպրոցի երաժշտական մրցույթի ժամանակ և դա կանխորոշեց իմ ուսման հետագա ընթացքը»,-ասում է Աննա Միքայելյանը:

Այստեղ հարկ է նշել, որ Միացյալ Նահանգներում ուսումնական համակարգն այնպիսին է, որ եթե տաղանդավոր երիտասարդը մասնակցելով տարբեր մրցույթների ցուցաբերում է փայլուն արդյունքներ, կա՜մ ուսումնական հաստատության կողմից, կա՜մ բազմաթիվ հիմնադրամների կողմից կարող է ստանալ խրախուսական թոշակ և փաստորեն անվճար կրթություն ստանալ:

Մեր հաղորդման հերոսուհին անցել է հենց այդ ճանապարհով՝ 1999 թ.-ին մասնակցելով Առլինգտոնի ֆիլհարմոնիկ միության երիտասարդ արտիստների մրցույթին՝ արժանանանում է Գրան պրիի և նույն տարում դառնում Հարվարդի երաժշտական ասոցիացիայի շահառու: Դա թույլ է տալիս նրան ընդունվել Միացյալ Նահանգների Նյու Ինգլանդ կոնսերվատորիա՝ կրթաթոշակով:

Ուսման տարիներին նա մասնակցում է Ռամոն Ռիվիերայի դաշնամուրային մրցույթին, ինչպես նաև «Նյու Ինգլանդ» դաշնամուրային ուսուցիչների մրցույթին՝ արժանանալով գլխավոր մրցանակի: Այնուհետև 2007 թ.-ին արժանանում է Բոստոնի համալսարանի մրցույթի առաջին մրցանակի:

Զուգահեռաբար 2000-2005թթ. դեռևս ուսանողի կարգավիճակում զուգահեռաբար աշխատում է որպես դաշնամուրի պրոֆեսորի ասիստենտ՝ Նյու Ինգլանդ կոնսերվատորիայում: Մանկավարժական գործունեությունը նա շարունակում է մինչև 2013 թ.-ը՝ աշխատելով որպես դաշնամուրի ուսուցիչ՝ տարբեր մասնավոր դպրոցներում:

Այնուհետև շարունակում է իր մասնագիտացումը Բոստոնի համալսարանում: Այնուհետև որոշում է վերադառնալ Հայաստան և 2013 թ.-ին հիմնում է «Սիստեմա Արմենիա» մշակութային հիմնադրամը, որի նպատակն էր Հայաստանում ներմուծել «Էլ սիստեմա» երաժշտական մանկավարժական ալտերնատիվ համակարգը, նաև՝ համերգների, միջոցառումների և փառատոների կազմակերպում:

Այնուհետև 2016 թ.-ին նա հանդիսանում է Դիլիջանի միջազգային դպրոցի երաժշտության դասատու և երաժշտական միջոցառումների կազմակերպիչ:

Կատարողական և կազմակերպչական փորձը հանգեցնում են երաժշտական դպրոցի ստեղծման գաղափարին, և 2016թ.-ին Աննա Միքայելյանը հիմնում է  «Նեքսուս» արվեստների կենտրոնը, որի նպատակն է նոր կրթական մոդելներով ապահովել երաժշտական սկզբնական կրթությունը՝ ամենատարբեր երաժշտական մասնագիտություններով:

Այսօր Աննա Միքայելյանն իր դպրոցի շրջանակում կազմակերպում է ամենատարբեր կրթական ծրագրերի և նախագծերի իրականացում, ստեղծում միջազգային կապեր, հաստատում միջկրթական լայն համագործակցություն:

Ինչպես ասում է երաժիշտը, մանկավարժությունն իր տարերքներից մեկն է, որը, բնականաբար, պահանջում է մեծ նվիրում և ժամանակ: Բայց երաժիշտը վերհաստատում է իր ներկայությունը հայկական բեմում, և մեր հաղորդման ընթացքում հնչում են Բախի և Կոմիտասի ստեղծագործությունները՝ Աննա Միքայելյանի կատարմամբ, որոնք ձայնագրվել են «Արդեան» ցուցասրահում վերջերս կայացած նրա համերգի ընթացքում:

Back to top button