Դպրություն

Ատեստավորված ուսուցիչների աշխատավարձը էապես կբարձրանա․ «Դպրություն»

Ուսուցչի բարձր վարկանիշը պայմանավորված է նաև բարձր աշխատավարձով։ Մենք անընդհատ խոսում ենք մեր երկրում ուսուցչի ցածր աշխատավարձի մասին, ուզում ենք ունենալ արժևորված ու գնահատված ուսուցիչ՝ բոլոր առումներով։ Գնում ենք որոշակի բարեփոխումների ճանապարհով․ ի՞նչ է տալիս դա կրթական համակարգին։

Սերոբ Խաչատրյան

Կրթության ոլորտի փորձագետ, փիլիսոփա Սերոբ Խաչատրյան․ Ուսուցչի աշխատավարձը ոչ թե ցածր է, այլ շատ ցածր է, որովհետև վերջին տարիներին կյանքը բավականին թանկացել է և մենք այս ընթացքում ընդամենը 10 տոկոս ենք բարձրացրել ուսուցչի աշխատավարձը։ Սա իսկապես շատ լուրջ խնդիր է, որովհետև, երբ աշխատավարձը ցածր է, մարդիկ այլ լուծումներ են փորձում գտնել։ Եթե մարդկանց պատշաճ չես վճարել, ապա մարդիկ չեն կարող քո ուզած արդյունքն ապահովել։

Իսկ ամենացավալին այն է, որ ուսուցիչ են մարդիկ, որոնք ուղղակի տնից դուրս գալու նպատակ են հետապնդում։ Մտահոգիչ է այն փաստը, որ ուսուցիչների շրջանում շատ քիչ են ամբիցիաները, շատ քիչ ուսուցիչներ կան, որոնք ձգտում են ինչ-որ բաների հասնել, կամավոր ատեստացիայի թվերն էլ են դա վկայում։

Պատճառները շատ տարբեր են։ Բայց խոշոր հաշվով ուսուցիչները շատ անտարբեր են դարձել, մասնագիտական տերմիններով դա կոչվում է վարժեցված անօգնականություն, դա նշանակում է, երբ մարդը երկար ժամանակ աջակցություն չի ստանում, նա հույսը կորցնում է, որ այլևս իրեն ուշադրություն կդարձնեն։ Այս փուլում ես կողմնակից եմ ուսուցիչների աշխատավարձի տոտալ բարձրացմանը։ Այն, ինչ հիմա տեղի է ունենում, կարող է բերել համակարգի ներսում բևեռացման։

Ուսուցչի աշխատանքը կոմպլեքս աշխատանք է և շատ դժվար է ասել ով է լավ ուսուցիչ, ով վատ։ Ես գիտեմ ուսուցիչներ, որոնք դպրոցներում բազմաթիվ կոնֆլիկտներ են կանխարգելում և լուծում։ Ինձ համար այս ուսուցիչը շատ մեծ գործ է անում, բայց հիմա մենք այս ուսուցչին ինչպես ենք խրախուսելու, որովհետև դա մեր երկրի համար շատ մեծ գործ է, որովհետև եթե այդպիսի ուսուցիչներ մենք շատ ունենանք՝ բանակում, մնացած տեղերում բռնությունները էապես կարող են նվազել։

Իմ մտահոգությունն այն է, որ մենք պետք է բոլոր ուսուցիչների աշխատավարձերը բարձրացնենք, որովհետև մենք դեռ չենք հասել այն աստիճանին, որ ասենք՝ շատ լավ, բոլորը արդեն արժանապատիվ վճարվում են, հիմա լավագույններին տարբերակված վճարենք։

Արսեն Բաղդասարյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյան. Միայն աշխատավարձի բարձրացումը բավարար չէ, որ համարժեք բարձրանան ուսուցիչների մասնագիտական գիտելիքները, կարողունակությունները, հմտությունները։ Մենք կարող էինք գնալ պոպուլյար քայլի և բարձրացնել ուսուցիչների աշխատավարձերը, բայց մեր խնդիրը դա չէ, այդ ձևով մենք չէնք լուծում ուսուցիչների մասնագիտական գիտելիքների, կարողությունների և հմտությունների զարգացման հարցը։ Սրանք պետք է զուգահեռ ընթանան։ «Հանրակրթության մասին» օրենքում կա տարակարգերի շնորհման գործընթաց, որը հնարավորություն է տալիս ուսուցիչներին մոտիվացնելու։ Իհարկե, տարակարգերի գործընթացը մի փոքր բարդ ընթացակարգով է գնում, այստեղ ևս կատարվելու են օրենսդրական փոփոխություններ՝ հօգուտ ուսուցչի։ Պետք է ասեմ նաև շատ կարևոր մի բան՝ կամավոր ատեստավորում անցած ուսուցչի մոտ դրույքաչափի էական փոփոխություն է լինելու, նրա աշատավարձը կարող է կրկնապատկվել և նույնիսկ ավելին։

Երևանի Գագիկ Ստեփանյանի անվան 135 հիմնական դպրոցի քիմիայի ուսուցչուհի Լիլիթ Պողոսյան. Իհարկե, շատ կցանկանայի, որ ուսուցիչը իսկապես գնահատված լիներ։ Ուսուցչի համար աշխատավարձը առաջնային չէ, բայց ապրելու միջոց է։ Շատ լավ կլիներ, որ ուսուցիչները վարձատրվեին այնքան, որ կարողանային կենցաղում իրենց խնդիրները լուծեին։ Մեր դպրոցը մենթոր դպրոց է։ Ես մասնակցեցի մի հեռավար ծրագրի, որը ինձ հնարավորություն տվեց կատարելագործվել և ինչ-որ չափով ունեցա նաև նյութական բարելավում։ Ուսուցիչը իր գործի նվիրյալն է։ Ես սիրով աշխատում եմ և կցանկանայի, որ բոլոր ուսուցիչներն էլ սիրով մտնեին դպրոց և ամենայն պատասխանատվությամբ կրթեին մեր մատաղ սերնդին։

Back to top button