Սփյուռքի ձայնը

Հայրենադարձությունը՝ էմոցիոնա՞լ, թե՞ ռացիոնալ որոշում․ «Սփյուռքի ձայնը»

Ո՞ր ժամանակաշրջանն է հայրենադարձության համար առավել նպաստավոր և ի՞նչ ուղղություններ պետք է մշակվեն այսօրվա սփյուռքի հետ աշխատելու համար։

«Վերադարձ Հայաստան» հիմնադրամի համահիմնադիր և տնօրեն Վարդան Մարաշլյանը նշում է, որ թեև հայրենադարձության գործընթաց կա, սակայն դա այնքան էլ մեծ ծավալով չի արվում։

«Մենք արդեն 10 տարի է գործում ենք։ Հիմնադիրները 12 հոգի են, որոնց մի մասը սփյուռքահայեր, մյուս մասը հայրենադարձներ են։ Այսինքն, մենք խնդիրների մասին խոսում ենք ոչ թե հեռավար, այլ ծանոթ լինելով և տարբեր ժամանակների առնչվելով»,- ասում է Վարդան Մարաշլյանը։

ՀՀ օրենսդրական դաշտը հստակորեն չի սահմանում Սփյուռքի դերը և չի առանձնացնում հայրենադարձությունը միգրացիոն քաղաքականության մեջ:

Այսպես, «ՀՀ միգրացիայի քաղաքականության 2017-2021 թվականների ռազմավարությունը» փաստաթղթում Սփյուռք եզրը կիրառվում է երեք անգամ. երկու անգամ՝ որպես արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանության համար սփյուռքյան կազմակերպությունների հետ համագործակցություն, մեկ անգամ՝ ներածության մեջ շեշտելով Սփյուռքի կարողությունների արդյունավետ օգտագործման կարևորությունը:

Իսկ միգրացիայի քաղաքականության՝ ինտեգրման և վերաինտեգրման խնդիրների կարգավորման 2021-2031 թվականների ռազմավարության մեջ ընդհանրապես չկա հայրենադարձություն եզրույթը:

«Հայրենադարձներին պետք է բաժանել երեք խմբի․այն հայերը, որոնք երբևէ չեն ապրել Հայաստանում (դասական Սփյուռքի մասին է խոսքը), այն հայերը, որոնք վերջին տարիներին են գնացել Հայաստանից (սա էլ պետք է տարանջատել` մեկ տարի, կես տարի, թե տասնամյակներ առաջ են տեղափոխվել) և որտեղ է անցնում այդ շեմը»։

Մարաշլյանի պատկերացմամբ` եթե մարդը 8-10 տարի ապրում է որևէ երկրում, դառնում է սփյուռքահայ, և արդեն վերադարձը ենթադրում է ինտեգրման խնդիրներ։ Եվ երրորդ խումբը որոշ ժամանակ Հայաստանում ապրած այլազգիներն են` հույներ, եզդիներ, ռուսներ, քրդեր, ուկրաինացիներ և այլն։

Պետության կողմից լայնածավալ հայրենադարձության կազմակերպումը պահանջում է զգալի միջոցներ: Սակայն ուղղորդված և թիրախային քաղաքականության մշակումը հնարավորություն կտա ոչ միայն խուսափել հսկայական ռեսուրսներ ծախսելուց, այլև, հակառակը, երկրին հնարավորություն կտա ներգրավել անհրաժեշտ ներուժ:

Այդ նպատակով Հայաստանը կարող է դիտարկել այլ երկրների ներգաղթի, հայրենադարձության, ինչպես նաև սփյուռքի հայրենակիցներին վերադարձնելու կամ նրանց ներուժը ներառելու փորձը, նրանց հետ աշխատանքի մեխանիզմները, քաղաքականությունը:

Back to top button