Էկոսֆերա

Ինչպե՞ս ստեղծել շրջանաձև տնտեսության էկոհամակարգ․ «Էկոսֆերա»

Շրջանաձև տնտեսությանն անցնելը շահավետ է և՛ բիզնեսի, և՛ շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից։

Նպատակն է՝ ունենալ հնարավորինս քիչ թափոնաստեղծ արդյունաբերություն։ Այս թողարկման ընթացքում կխոսենք Հայաստանում այս նոր մոդելի ներդրման մասին, հատկապես՝ գյուղատնտեսության բնագավառում։

Գյուղատնտեսության մեջ տարբեր տեսակի թափոնների առաջացումն անխուսափելի է։ Դրանք տարբեր են ծավալով, տեսակով և վտանգավորությամբ: Ինչը ստեղծում է ռիսկեր շրջակա միջավայրի և մարդու առողջության համար։ Որքան քիչ թափոն, այդքան քիչ արտանետում։

Այսպես օրինակ՝ ջերմոցային գազերի արտանետումների առումով էներգետիկ ոլորտից հետո երկրորդ տեղում գյուղատնտեսության, անտառային օգտագործման և հողօգտագործման ոլորտն է՝ 18․8 % արտանետում, որից հետո միայն գալիս է արդյունաբերության ոլորտը։ Ահա թե ինչու կարևոր են բարեփոխումները նաև գյուղատնտեսության ոլորտում։

Արմավիրի մարզի «Լուկաշինի» գյուղատնտեսության ասոցիացիայի նախագահ Վարդգես Դավթյանը, խոսելով ոլորտի խնդիրներից, ընդգծեց՝ գյուղատնտեսները մեծ դժվարությամբ են ընդունում նորարարությունները, այդ թվում՝ նոր տեխնոլոգիաների ներդրումը:

Դավթյանի ընտանիքը զբաղվում է գյուղատնտեսական մթերքների աճեցմամբ, վերամշակմամբ, սառնարանային պահպանմամբ և իրացմամբ։ Այս ծավալուն գործունեության արդյունքում թվում է, թե հնարավորինս քիչ թափոն պետք է առաջանա, քանի որ պտուղներից ստանում են նաև չրերի տեսականի։ Վարդգես Դավթյանը պատմեց, որ չրերի պատրաստումից հետո առաջանում է երկրորդական հումք, որն անվանում են թափոն։ Խոսքը՝ կորիզների և մրգերի կեղևների մասին է։ Այժմ պատրաստվում է վերամշակել նաև այդ հումքը և ստանալ բարձրորակ արտադրանք։ Նոր գաղափարներն էլ ծագել են դասընթացի ընթացքում, որին մասնակցել է գյուղատնտեսը։

«CirculUP» ծրագրի շրջանակում ծանոթանում են շրջանաձև տնտեսության մոդելին։ Այն իրականացվում է Եվրամիության ֆինանսավորմամբ։ «Impacthub» Երևանի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանն ասում է՝ դասընթացների միջոցով փորձում են օգնել փոքր բիզնեսին՝ անցում կատարելու շրջանաձև տնտեսության։

Back to top button