Էկոսֆերա

Երևանի Աղի լճում լողալն արգելված է, բայց քաղաքացիները շարունակում են լողալ․ «Էկոսֆերա»

Երևանի Աղի լճում լողալն արգելված է։ ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից այս հորդորը փակցված է լճին հարակից մի քանի վայրերում, բացի դրանից լճի շուրջբոլորն առկա են արգելող կարմիր ժապավենները։ Սակայն ո՛չ հորդորը, ո՛չ էլ կարմիր ժա;ավենը չեն խանգարում քաղաքացիներին մտնել Աղի լիճ և լողալ։

Ի՞նչ խնդիրներ է բացահայտել տեսչական մարմինը և ի՞նչ են պատրաստվում անել պատկան մարմինները՝ Աղի լիճը փրկելու համար։

Հանրային ռադիո ահազանգ ստացանք՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում գտնվող Ալի լիճը կամ Աղալիճն աղտոտվում է կոյուղաջրերով։ Ահազանգողը վարչական շրջանի բնակիչ Հակոբ Մազմանյանն է, որն ավելի քան 20 տարի իր ընկերների հետ օգտվում է լճից։

Սեզոնը բացվելուն պես, ավանդույթի համաձայն ընկերների հետ այցելել են Աղալիճ, սակայն նկատել են, որ ջրի որակն այն չէ, նույնիսկ տհաճ հոտ են առել։ Խնդրի մասին տեղեկացրել են համապատասխան մարմիններին, ավելին՝ իրենց նախաձեռնությամբ ջրից նմուշ է ուղարկվել լաբորատոր ուսումնասիրության և պարզվել են, որ ջրում վտանգավոր նյութերի քանակը մի քանի անգամ գերազանցում է նորման։ Այս տվյալները ևս ներկայացրել են համապատասխան մարմիններին։

Մայիսի 8-ին այցելեցինք լիճ, ակնհայտ էր, որ համապատասխան մարմինները տեղյակ են խնդրից, քանի որ լիճ մուտք գործելն արգելող ժապավեններ էին փակցված, ինչպես նաև՝ ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից հորդոր՝ առ այն, որ լճի ջրի որակի հետ կապված խնդիրներ կան և վտանգավոր է առողջության համար։

Սակայն ո՛չ հորդորը, ո՛չ էլ կարմիր ժամավենը չեն խանգարում քաղաքացիներին մտնել Աղի լիճ և լողալ: Տեսչական մարմինը, ապրիլի 4-ին ահազանգը ստանալուց հետո, հարուցել է վարչական վարույթ և կատարել ջրի որակական ուսումնասիրություններ, մանրամասնում է ԱԱՏՄ Երևան քաղաքի տարածքային կենտրոնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի պետ Նոնա Հայրապետյանը, ում խոսքով՝ հետազոտության արդյունքները տվյալներով կարող ենք ասել, որ հնարավոր է այնտեղ եղել է կոյուղաջրերով աղտոտում։ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանը տեղեկացրեց, որ «Վեոլիա ջուր» ընկերության հետ աշխատանքներ են տարվում։

Back to top button