Դեպի անհունը

Հայոց ցեղասպանության թեման՝ Թումանյանի ստեղծագործություններում․ «Դեպի անհունը»

Հայոց ցեղասպանության թեման Թումանյանի ստեղծագործության մի ստվար բաժին է կազմում։ Որպես ազգային բանաստեղծ նա իր ստեղծագործություններում, հոդվածներում, գրառումներում, նամակներում, հուշերում հայոց «անհուն ծով» վշտի ու անդարման ցավի սարսափն է պարզում՝ բացառելու համամարդկային նմանատիպ աղետների հնարավոր փորձերն ու դրանց տխուր հետևանքները։

«Հովհաննես Թումանյանը՝ մեծ եղեռնի հորձանուտում» հոդվածում բանասիրական գիտությունների դոկտոր, թումանյանագետ Սուսաննա Հովհաննիսյանը գրում է․ «Եղեռնի տարիներին մեր գրականության մեծերից ոչ մեկն իր ուսերին չի վերցրել հայոց վշտի ու հոգսերի այնպիսի բեռ, չի դրսևորել այնքան անձնազոհություն, որքան Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը»։

Ազգակործան այդ օրերին Թումանյանն Էջմիածնում հուզված ու գլխիկոր, կարծես, ինքն իրեն հարցնում էր. «Խեղճ, թշվառ ժողովուրդ, ո՞ր մեղքիդ համար»։ Բայց միաժամանակ ուժ գտնելով ցավը, կսկիծը, համազգային ողբերգությունը հաղթահարելու համար, բանաստեղծն ասում է․ «Փորձությունն ինչքան էլ մեծ լինի, պետք է տանենք արիությամբ ու վեր կենանք միասին, միահամուռ ուժերով դիմագրավելու մեր վատթար թշնամիներին և դարման տանենք ընդհանուր ազգային աղետին հանգիստ ու լիքը՝ մոտիկ լավագույն ապագայի անսասան հավատով»։

Back to top button