Դեպի անհունը

Հովհաննես Թումանյան-155․ «Դեպի անհունը»

Մահվանից երկու ամիս առաջ իր մասին հանճարեղ Թումանյանն ասել է․ «Ես գիտեմ՝ մի օր, իհարկե, ոչ շուտ, իմ կյանքը մեծ հետաքրքրություն և աղմուկ է հանելու։ Շատ բան է պարզվելու, տեսնելու են բոլորովին ուրիշ բան։ Գրվածքներս դեռ լավ չեն կարդացել, տեսել»։

Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականին Լոռվա Դսեղ գյուղում։ Ապրել է 54 տարի։ Թողել է հարուստ գրական-մշակութային ժառանգություն։ Մենք՝ ի դեմս Հայաստանի հանրային ռադիոյի և Երևանի «Հովհաննես Թումանյան թանգարան» ՊՈԱԿ-ի, սկսում ենք նոր «Դեպի անհունը» հաղորդումների շարք՝ նվիրված Ամենայն հայոց բանաստեղծի 155-ամյակին։ Մեր տաղավարում կհյուրընկալվեն թումանյանագետներ ու թումանյանասերներ, գրականագետներ ու գրաքննադատներ, հմուտ ընթերցողներ։ Կլինեն հարցազրույցներ, արխիվային ձայներ, ռեպորտաժներ, ընթերցումներ։ Կփորձենք հանճարի գրվածքները լավ կարդալ, տեսնել բոլորովին ուրիշ բան։

«Որպես հարուստ և լավագույն ավանդույթներով օժտված մշակութային, գիտակրթական կենտրոն` Թումանյանի թանգարանը շարունակելու է Ամենայն հայոց բանաստեղծին ու նրա ստեղծագործությունները քարոզելու, հանրահռչակելու ծրագրերը։ Հիմնանորոգման գործընթացով պայմանավորված՝ թանգարանն իր գործունեությունը ծավալում է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն- թանգարանում։ Թումանյանական տարին, իհարկե, հարուստ է լինելու տարաբնույթ միջոցառումներով։ Մենք հավատարիմ ենք մնալու նաև թանգարանային նորարություններին»,- ասում է «Դեպի անհունը» հաղորդաշարի անդրանիկ թողարկման հյուրը՝ Թումանյանի թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Ղարախանյանը։

Back to top button