ԿարևորՌեպորտաժներՎերլուծական

Ոչ թե կշտամբել Բաքվին ու սրել իրավիճակը, այլ սիրաշահելով հանդարտեցնել․ ԵՄ նպատակը` ըստ փորձագետների

Բրյուսելում կայացած ԱՄՆ-ՀՀ-ԵՄ հանդիպումից երեք օր անց Հայաստան են ժամանում  և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը և Եվրամիության խորհրդի անվտանգության և քաղաքական հարցերի հանձնաժողովի անդամները։

ՀՀ արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նախարար Միրզոյանը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Բուրիչի հետ խոսել է նախորդ տարվա սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական հարձակումից և ԼՂ էթնիկ զտումների մասին, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար հայերի՝ խոցելի խմբերի իրավունքների միջնաժամկետ ու երկարաժամկետ կարիքների հասցեագրման թեմայով։ Չեն շրջանցվել մարդու իրավունքներին վբերաբերող հարցերը։ Նրանք անդրադարձել են  ՀՀ-ԵԽ 2023-2026 թվականների Գործողությունների ծրագրի իրականացմանը։  Փորձագետների  համոզմամբ ԵՄ այցերը տարածաշրջանում վիճակը հանդարտեցնելու նպատակ ունեն։

ԵՄ նպատակը տարածաշրջանում ոչ թե իրավիճակի սրումն է, այլ հանդարտության, կայունության հաստատումը, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է քաղաքական վերլուծաբան Մանվել Ղումաշյանը, մեկնաբանելով Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի և տարածաշրջանային այցով Եվրամիության խորհրդի անվտանգության և քաղաքական հարցերի հանձնաժողովի անդամների Հայաստան այցերը։ Վերջինները կլինեն նաև Ադրբեջանում ու Վրաստանում՝  նպատակ ունենալով պատկերացում կազմելու տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների և Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերաբերյալ։

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ՀՀ վարչապետ Փաշինյանի հետ հանդիպումից հետո X-ում գրել է ընդամենը, որ «հիանալի հանդիպում» է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և որ «Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Հայաստանին՝ բարեփոխումների գործընթացում»։

ՀՀ արտգործնախարարությունն էլ Մարիա Պեյչինովիչ Բուրիչի ու Արարատ Միրզոյանի հանդիպումից հետո տեղեկացնում է, որ նրանք քննարկել են Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև գործընկերության, ինչպես նաև տարածաշրջանային կայունության հարցեր։

Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի հանձնառությունը՝  թշնամանքից զերծ մթնոլորտի ձևավորման գործում, մասնավորապես ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում երկու առանցքային հարցեր՝ տարածքային ամբողջականության ճանաչման վերահաստատումը, սահմանների անքակտելության և տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցերում ՀՀ մոտեցումները: Նաև շեշտել է գործընթացում 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի, ինչպես նաև միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքներին հավատարմության կարևորությունը:

Քաղաքական մեկնաբան Մանվել Ղումաշյան. «Հիմա խաղ է գնում ԵՄ կողմից, որին մերոնք համաձայն են, որպեսզի Ադրբեջանին բերեն հունի մեջ և դուրս պոկեն ռուսական ազդեցությունից և խաղաղություն հաստատեն։ Կարծում եմ այդ հարցում Եվրոպան ունի նաև Թուրքիայի աջակցությունը, չնայած Չավուշօղլուի հայտարարությանը։ Թուրքիայի աջակցությունն էլ կա խաղաղության հաստատման հարցում։ Մնացածը զարգացումների մեջ կերևա, ու կերևա թե Ռուսաստանը ինչպես է արձագանքում, ոչ միայն Զախարովայի կամ Լավրովի հայտարարություններով այլ կոնկրետ գործողություններով»։

Վերլուծաբանը պատահական չի համարում, որ Բրյուսելից առաջ և ԱՄՆ պետքարտուղարը և ԵՄ հանձնակատարը հեռախոսազրույց ունեցան  Ալիևի հետ, նրանք փորձում են հանդարտեցնել իրավիճակը, կարծում է Ղումաշյանը։

Արևմուտքը Ադրբեջանի նախագահին ասելիք ունի,  մասնավորապես այն, որ Ալիևը ԵՄ հարթակներում հանդիպումները չեղարկել է մի քանի անգամ, բայցի այդ հայ-ադրբեջանական սահմանագոտում փորձում է սրել իրավիճակը։ Այս հիմնավորումներով ըստ վերլուծաբան Ղումաշյանի Արևմուտքը կկարողանա այսպես ասած համոզել Բաքվին  տարածաշրջանում կայունություն կհաստատելու հարցում, ինչին էլ կհաջորդի արդեն Ադրբեջանի մասնակցությամբ եռակողմ հանդիպումը։

Մանվել Ղումաշյանը նաև ուշադրություն է դարձնում Ադրբեջանում տիրող տրամադրություններին և վստահեցնում՝ լայնամաշտաբ ռազմական գործողությունների հավանականությունը այս պահին  զրոյական է. «ԵՄ 270 մլ և ԱՄՆ հատկացումները, որ գնալու են ՓՄԲ զարգացմանը, նաև կուղղվեն մեր ռազմական վիճակի ուժեղացման ուղղությամբ, որպեսզի մեր բանակի վիճակը բերեն այն մակարդակին, որ Ադրբեջանի համար հասկանալի լինի, որ Ադրբեջանը այսպես ասած փոքր զոհերով չի կարող ինչ-որ նպատակի հասնել Հայաստանի նկատմամբ, ինչը բնական է, իրենց ժողովուրդը չի ընդունի։ Այսօր արդեն տեսնում ենք, որ Ադրբեջանի ժողովրդի մոտ դժգոհություն կա, ասում են լավ Ղարբաղը վերցրեցինք, էլ Հայաստանի հետ մենք ինչու ենք շարունակում սրել հարաբերությունները»։

Քաղաքագետ Արա Պողոսյանի կարծքով ուշագրավ են Եվրամիության խորհրդի անվտանգության և քաղաքական հարցերի հանձնաժողովի անդամների ու ԵԽ գլ քարտուղար Բուրիչի Հայաստան այցերըհատկապես Բրյուսելում կայացած՝ ԱՄՆ-ՀՀ-ԵՄ հանդիպումից հետո։  Նա ևս կարծում է, որ նպատակը՝ տարածաշրջանային  համագործակցության հարթակի ձևավորումն է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների զարգացումից հետո։

«Ակնհայտ է, որ առանց Ադրբեջանի տարածաշրջանը բավականին թերի կլինի և իր ռազմավարական նշանակությունը կկորի Արևմուտքի համար։ Հետևաբար իրենց բոլոր գործողություններն ու գործընթացները փորձում են դասավորել այնպես, որ ապագայում տարածաշրջանը լինի ամբողջական, առանց մասնատման։ Կարծում եմ նաև սա է Ադրբեջանի հաղթաթղթերից մեկը, որ Ադրբեջանի բռնապետը կոշտ դիրք է որդեգրել, այնքան, որ Արևմուտքը զանգում է բացատրություններ է տալիս երրորդ երկրի հետ իրենց հանդիպման մասին»։

Արևմուտքը այսպիսով փորձում է անվտանգային բարձիկներ ստեղծել դիվանագիտության միջոցով, քանի որ Ադրբեջանին համոզելու խնդիր կա կարծում է Արա Պողոսյանը։ Նա իհարկե կասկածում է, որ այս փուլում հնարավոր կլինի Բաքվին համոզել ու ներգրավել տարածաշրջանի ամբողջության մեջ, այս հարցում Ադրբեջանին աջակցում է Մոսկվան և դա է պատճառը, որ Բաքուն ավելին է պահանջում Հայաստանից։ Ըստ այդմ փորձագետի դիտարկմամբ հեշտ և արագ չի ստացվի այս գործընթացը քանի որ արդեն  Թուրքիա-ՌԴ որոշակի կնճիռների առաջացման միտումներ կան։

Back to top button