Հաջողության նոտա

Առանց հանդիսատես թատրոն գոյություն չունի. «Հաջողության նոտա»

Նրա համար կարևոր է գնալ առաջ անհատների, ոչ թե անձերի հետ: Կարծում է, որ այն երջանիկներից է, ով հնարավորություն է ունեցել շփվել ու սովորել մեծերից՝ վարպետներից: Վստահ է՝ որքան էլ կարևոր է տեսական գիտելիքը, այն պետք է ամրապնդել պրակտիկայով:

Աբովյանի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Սարգսյանը կարոտում է իր ուսանողական տարիների բոհեմական մթնոլորտը, որ կար թատերական ինստիտուտում: Նա հստակ գիտեր, որ պետք է ընդունվի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, ընտրեց դրամատիկական թատրոնի ռեժիսուրա բաժինը։

Ուսմանը զուգահեռ աշխատեց Դրամատիկական թատրոնում՝ որպես դերասան: Արդեն 5 տարի է իր գործունեությունն է ծավալում Աբովյանիի դրամատիկական թատրոնում: Որպես գեղարվեստական ղեկավար` իր առջև դրել էր բարդ խնդիր՝ այնպես անել, որ թատրոնը ունենա հստակ խաղացանկ:

Նա ապրում է թատրոնով. թեպետ ապրում է Երևանում, բայց վստահ է, որ արդեն վաղուց Աբովյանից է, քանի որ Երևանում միայն գիշերում է: Նա կարծոմ է, որ ինքն էլ իր ոլորտի զինվորն է և իր երկրին է պետք, այս պահին պետք է Աբովյանում, վաղը պետք կլինի, օրինակ, Գորիսում:

Ասում է՝ կինոն հետաքրքիր է, բայց այն վերջնական տեսք է ստանում մոնտաժի սեղանին ռեժիսորի երևակայության շնորհիվ: Թատրոնն ու հանդիսատեսի էներգետիկան այլ են, այդ զգացողությունը ոչնչի հետ փոխել հնարավոր չէ:

«Թատրոնը յուրատեսակ հոգեթերապիա է, որպես դերասան ապրում ես այդ հերոսի կյանքով, մոռանում քո եսը», – ասում է Արմեն Սարգսյանը։ Նա թեև իրատես է, բայց և լավատես, մաքսիմալիստ է, խոչընդոտների դեպքում փակ սենյակում կզարյանա, բայց կգտնի լուծում։

Back to top button