Հաջողության նոտա

Աշխատել լավ տրամադրությամբ և ուտեստները «համեմել սիրով»․ Սարգիս Նիկողոսյանի «Հաջողության նոտան»

Դեռ մանկուց նրան հետաքրքրել է խոհանոցի յուրատեսակ աշխարհը․ փոքր տարիքում էքսպերիմենտների լաբորատորիան տան խոհանոցն էր, որտեղ 7-ամյա Սարգիսը տարատեսակ համեղ փորձարկուներ էր անում։ Հետո դրանք վերածվեցին պրակտիկայի տարբեր ռեստորաններում։ Հայոց բանակում ծառայելու ընթաքում նաև մտքում գծում էր սեփական բիզնես պլանը՝ հստակ որոշումով զորացրվելուց հետո ունենալ սեփական սննդի կետը։

Njoy ընտանեկան ռեստորանի շեֆ խոհարար Սարգիս Նիկողոսյանն ասում է՝ խոհանոցն ունի իր գաղտնիքներն ու օրենքները․ ռեստորանի սրահն ու խոհանոցը պետք է միմյանց հետ գործակցեն հաջողության հասնելու համար։ Այնտեղ կարգ ու կանոնը պարտադիր է։

«Ամեն ոք ունի իր քիմքն ու բերանի համը․ կարևոր է ուտեստ պատրաստել սիրով ու լավ տրամադրությամբ», – ասում է Սարգիսը։ Նրան հաջողվում է խոհանոցում աշխատել՝ խնդիրները թողնելով ռեստորանից դուրս։ Առաջնորդվում է «հաճախորդը միշտ ճիշտ է» կարգախոսով, կարևոր է համարում այցելուների հետ պարբերաբար շփումը, ուտեստների վերաբերյալ նրանց կարծիքը լսելը, նրանց նկատառումները հաշվի առնելը։

Դրսում և դրսից եկած շեֆ խոհարարների հետ աշխատանքը նրա համար շատ արդյունավետ է եղել․ յուրատեսակ փորձառությունն այժմ նրան օգնում է պարբերաբար ստեղծել նոր ինքնատիպ ուտեստներ և մշտապես զարմացնել հաճախորդներին։

Հավատալ սեփական ուժերին, ձգտել, սիրել, նվիրվել․ սրանք են, ըստ Սարգիս Նիկողոսյանի, հաջողության հասնելու գրավականները։

Back to top button