ԿարևորՌեպորտաժներՎերլուծական

Նոր ահաբեկչություն Իրանում. Թեհրանը կոշտ պատասխան է խոստանում

Անցած գիշեր հերթական ահաբեկչությունն է կատարվել Իրանի դեմ։ Այդ երկրի Սիստան և Բելուջիստան նահանգի Չաբահար և Ռասկ քաղաքների ոստիկանական բաժանմունքների վրա զինված ահաբեկչությունների հետևանքով 5 իրավապահ է սպանվել։

Իրանը շեշտադրում է այս հերթական ահաբեկչության հետ Իսրայելի կապը։ Փորձագետները չեն բացառում, որ նման գործողություններով Իսրայելը փորձում է կանխել ավելի վաղ իր կողմից Դամասկոսում Իրանի դեմ իրականացրած ավիահարվածներին Իրանից սպասվող պատասխանը։

Իրանում նոր ահաբեկչության մասին հայտնել է Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգի անվտանգության հարցերով փոխնահանգապետ Ալիռեզա Մարհամատին։  

«Ժամը 22-ի սահմանում ահաբեկիչները հարձակվել են Չաբահարի մի քանի ոստիկանական բաժանմունքների վրա: Մեր ուժայինների և իրավապահ մարմինների օգնությամբ նրանց հարձակումը հետ է մղվել, նրանցից մի քանիսը զոհվել կամ վիրավորվել են: Ցավոք, մեր 5  մարտիկներ զոհվել են, 10-ը վիրավորվել»,- ասել է նա:

Ռասկ քաղաքում ոստիկանական բաժանմունք մուտք գործելու փորձը կանխվել է՝ պարզաբանել է «Մեհր» գործակալությունը։ Վերջին տվյալներով 16 ահաբեկիչ է ոչնչացվել։ 

Արևելագետ Արմեն Պետրոսյանը նկատում է՝ Մերձավոր Արևելքում վերջին շրջանում Իսրայելի գործողությունները, շարունակվող անպատժելի հարձակումները բավականաչափ շիկացել են, ինչի մասին բարձրաձայնում են անգամ Իսրայելի դաշնակիցները։

«Տեսնում ենք, որ Իսրայելի կառավարությունը, չանսալով միջազգային կոչերը, հորդորները, անգամ՝ հենց պետության ներսում հասարակական-քաղաքական տարբեր խմբերի կոչերը, շարունակում է ագրեսիվ վարքագիծը։ Դա, բնականաբար, ունի որոշակի սահմաններ։ Այդ սահմանների հատումը կարող է լրջագույն անվտանգային խնդիրներ առաջացնել ուղիղ հենց Իսրայելի համար»։

Ըստ Իրանի իշխանությունների՝ ահաբեկչական «Ջեյշ ալ-Ադլ» խմբավորումը, որը հիմնականում գործում է Իրանի հարավ-արևելքում՝ Աֆղանստանի և Պակիստանի հետ սահմանին, ստանձնել է հարձակման պատասխանատվությունը:  

Իրանագետ Նվեր Դավթյանի փոխանցմամբ՝ իրանական աղբյուրները շեշտադրում են, որ այս ահաբեկչական խմբավորումը վերահսկում և կառավարում է Իսրայելը։ Իրանագետը չի բացառում, որվերջին ահաբեկչությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Իսրայելում սպասում են Իրանի կողմից երկուշաբթի Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա իսրայելական ավիահարձակման պատասխանին։

 «Այս ահաբեկչական միջոցառմամբ փորձում են հնարավորինս շեղել Իրանին. զբաղեցնել, հետ կանգնեցնել Իսրայելի դեմ պատասխան գործողությունից։ Կարծում եմ՝ Իրանն իր պատասխան գործողությունները «կձևակերպի»՝ անկախ այսպիսի ահաբեկչական «խոչընդոտներից»։  

Երկուշաբթի երեկոյան էր Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել մայրաքաղաք Դամասկոսում Իրանի գլխավոր հյուպատոսությանը իսրայելական ավիահարվածների մասին։ Հյուպատոսության շենքում է գտնվում նաև Սիրիայում Իրանի դեսպան Հոսեյն Աքբարիի նստավայրը, որը հարձակման ժամանակ չէր տուժել։ Հյուպատոսության շենքն ամբողջությամբ ավերվել էր հրթիռային հարձակումից։ Հարձակման հետևանքով զոհվել էր իրանցի 7 զինվորական: Թեհրանը իրեն լեգիտիմ իրավունք է վերապահել և կոշտ պատասխան է խոստացել։ Ապրիլի 4-ին X սոցիալական ցանցում եբրայերեն գրառում է հրապարակել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին.

«Աստծո օգնությամբ մենք կստիպենք սիոնիստներին զղջալ, և համապատասխան ապտակ կհասցնենք Դամասկոսում Իրանի հյուպատոսության դեմ կատարած հանցագործության համար»,- ասվում է հրապարակման մեջ։  

Ելնելով Խամենեից այս հայտարարությունից՝ իրանագետ Նվեր Դավթյանը չի կարծում, որ Իրանը լայնամասշտաբ պատերազմի կողմնակից է։

 «Չեմ կարծում նաև, որ գործողությունը կլինի բուն Իսրայելի տարածքում։ Հավանաբար՝ այն կլինի Իսրայելի տարածքից դուրս, բայց Իսրայելի համար կարևոր նշանակություն ունեցող օբյեկտ, որը կլինի Իսրայելի համար շատ ցավալի»։ 

Միաժամանակ պետք է հաշվի առնել, որ իրանական կողմը իր պրոքսի կառույցների միջոցով գուցե շարունակի Իսրայելի համար հյուծիչ պատերազմը, որը, իրանագետի գնահատմամբ, Իսրայելի համար ավելի վտանգավոր է, քան արագ գործողություններով ինչ-որ տարածաշրջանային մեծ լարվածություն ստեղծելը։ Ըստ փորձագետների՝ կարևոր գործոն է նաև այն, թե որքանով են այլ երկրները, մասնավորապես՝ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան շահագրգռված Մերձավոր Արևելքում պատերազմի սահմանների ընդարձակմամբ կամ։ Արևելագետ Արմեն Պետրոսյանի կարծիքով՝ Արևմտյան երկրները, մասնավորապես՝ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան շահագրգռված չեն, որ Իրանի ուղղակի ներքաշումով տարածաշրջանում ավելի մեծ բռնկումներ լինեն, քանի որ նրանք այսօր առավելապես կենտրոնացած են ռուս-ուկրաինական պատերազմի վրա։ ԱՄՆ-ից Իսրայելը, ըստ էության, արդեն հաճախակի է ստանում «կարմիր գծերը» հատելու զգուշացումներ՝ նկատում է Պետրոսյանը։

«Սա է պատճառը, որ վերջին շրջանում շատ ավելի հաճախակի է սկսել խոսել Իսրայելում կառավարության փոփոխության մասին, նոր ընտրությունների անցկացման մասին՝ չնայած որ այդ երկրում կամ այդ երկիրը շարունակում է պատերազմ վարել Գազայում պաղեստինյան խմբավորումների դեմ»։   

Փորձագետները նկատում են, որ իրանական կողմն իր պատասխան գործողություններում բավականին զգույշ կլինի, ինչպես և մինչ այս է եղել, իսկ մարտավարությունը՝ անսպասելի պահի, անսպասելի վայրում, բայց՝ նպատակային։ Դա մինչ այժմ Իրանի դրսևորած մարտավարական առանձնահատկությունն է՝ նշում են փորձագետները։          

Back to top button