ԿարևորՌեպորտաժներՎերլուծական

Բաքուն զգայուն է բրյուսելյան հանդիպման հարցում, եթե անգամ տնտեսական հարցեր քննարկվեն․ փորձագետ

Նախքան ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսված Բլինքեն-Փաշինյան-Ֆոն դեր Լյայեն հանդիպումը ԱՄՆ պետքարտուղարն այցելել է Ֆրանսիա, որտեղ բրյուսելյան հանդիպմանն ընդառաջ Բլինքենին հստակեցվել է, որ Բաքուն միտումնավոր սրում է իրավիճակը, որպեսզի էսկալացիայի պատասխանատվությունը դնի Երևանի վրա, այս մասին Բլինքենի ներկայությամբ հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարը։ Եվ որքան մոտենում է հանդիպումը, Բաքուն այնքան տարբեր հնարքներ է բանեցնում՝ հանդիպման դրական ընթացքը խաթարելու նպատակով, կարծում են փորձագետները։ Նրանք հասկանում են ադրբեջանական հեռահար նպատակներն ու սպասում բրյուսելյան հանդիպման արդյունքներին։

Աղմկահարույց ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բրյուսելյան հանդիպմանը քիչ ժամանակ է մնացել, ու տարբեր կողմերից հանդիպմանն ընդառաջ ավելի նկատելի են դառնում ադրբեջանական մղումները։ Բաքուն մեկը մյուսի հետևից հայտարարություններ է տարածում, որ Հայաստանը սահմանագոտու տարբեր հատվածներում անձնակազմի, զրահատեխնիկայի, կուտակումներ է իրականացնում։

Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն դեպի Բրյուսել ուղևորվելու ճանապարհին Ֆրանսիա այցելած ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպման ժամանակ  հայտարարում է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունն այսօր կասկածի տակ է դրվում Ադրբեջանի կողմից և մտահոգություն է հարուցում Ադրբեջանի հռետորաբանությունը, որը փորձում է կեղծ տեղեկություն տարածելով, Հայաստանի վրա բարդել էսկալացիայի պատասխանատվությունը։

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը հասկանում է Ալիևի մտավախությունը, ինչից ելնելով մեծ է համարում ռազմական գործողությունների հավանականությունը, քանի որ փոխզիջումային տարբերակով խնդրի լուծման գնալու դեպքում լուրջ խնդիրների կբախվի Բաքուն։

«Ադրբեջանը, եթե գնա նման արկածախնդրության Տավուշի մարզում, ապա խնդիրներ է ունենալու բնակչության հետ կապված, բնակչության տեղաշարժի հետ կապված։ Սա շատ լավ գիտակցում է ադրբեջանական կողմը և համարում է, որ ավելի լավ է սկսվի ռազմական գործողություն, քան Տավուշի մարզում ինքը փոխադարձ Հայաստանի Հանրապետությանը վերադարձնի ՀՀ պատկանող տարածքները, այդ կերպ քաղաքական ռումբ կարող է պայթել։ Դրա համար ես կարծում եմ, որ հնարավոր են այս փուլում ռազմական գործողություններ Տավուշի որոշ հատվածներում»։

Եվ որքան մոտենում է ապրիլի 5-ը, այնքան մտահոգությունները Բաքվում ավելանում են։ Ի պատասխան Ֆրանսիայի արտգործնախարարի՝ Ադրբեջանի արտգործնախարարությունը նշում է, թե իբր «անհիմն» են ԱՄՆ պետքարտուղարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի արտգործնախարարի հնչեցրած մեղադրանքները և կոչ է անում Փարիզին դադարեցնել ապակառուցողական գործունեությունը, որը Բաքվի կարծիքով տարածաշրջանում ակնհայտ լարվածություն ստեղծելու և խաղաղ գործընթացը խոչընդոտելու Ֆրանսիայի ջանքերի հերթական ակնհայտ օրինակ է: Ադրբեջանի արտգործնախարարությունը մեղադրել է նաև Փարիզին Հայաստանին զինելու և տարածաշրջանում միլիտարիզմը խրախուսելու մեջ։

Բաքվի լուրջ մտահոգությունները ապրիլի 5-ից առաջ փարատելու համար ԱՄՆ պետդեպի խոսնակ Միլլերը մի քանի անգամ հայտարարեց, որ Բրյուսելում քննարկվելու են Հայաստանի տնտեսական դիմակայունության հարցեր։ Սակայն այս պարզաբանումները ոչ միայն չհանդարտեցրեցին Բաքվին, այլև սրեցին հայտարարությունների բնույթը։

«Որպեսզի մենք հասկանանք, թե ինչու են Ադրբեջանում այդքան անհանգստանում այդ հայտարարությունից, պետք է վերծանենք Բաքվի քայլերը մեր տնտեսության դեմ։ Ադրբեջանը ամեն ինչ անում է, որպեսզի կաթվածահար անի մեր տնտեսությունը։ Հիշեք Գորիս-Կապան ճանապարհի փակումը, Սյունիքի օդանավակայանը, Արարատի մարզում այն գործարանի կառուցումը խոչընդոտելը, հանքավայրերի մասին հիշեք․․․ Այսինքն, Ադրբեջանը ոչ միայն սահմանի վրա է ՀՀ դեմ իրականացնում գործողություններ, այլև փորձում է ՀՀ տնտեսությունը թուլացնել, ու այդկերպ ինքը փորձելու է լուծել այնպիսի հարցեր, որ ՀՀ երկար տարիներ ի զորու չլինի տնտեսություն զարգացնել ու բանակ զինել»։

Քաղաքագետ Արա Պողոսյանի կարծիքով ադրբեջանական և ռուսական մեդիահարթակներում բավականին լուրջ տեղ է վերապահվում բրյուսելյան հանդիպմանը, քանի որ այդ երկրների կարծիքով Հայաստանը փոխում է իր քաղաքական ուղղությունը։

«Հայաստանի իշխանությունները ընտրել են ամենավատ ժամանակահատվածը աշխարհաքաղաքական փոփոխությունների համար, խոսքը վերաբերում է տնտեական, ֆինանսական համակարգերի լոգիստիկ դիվերսիֆիկացիային։ Իսկ Հայաստանի ամբողջ լոգիստի ենթակառուցվածքը հիմքը Ռուսաստանի հետ է, և առանց Ռուսաստանի մեր լոգիստիկ համակարգը փլուզվելու է։ Հաջորդը տնտեսական ուղղությունն է։ Հայաստանը ամենաէժան գազն է ստանում Ռուսաստանից, իսկ ինչ կլինի, եթե Ռուսաստանը Հայաստանին դիտարկի Արևմուտքի մաս և որոշի Հայաստանի վրա գազը վաճառել նույն գներով ինչ վաճառում է արևմտյան պետությունների վրա։ Սա Հայաստանի տնտեսությունը կպարալիզացնի, քանի որ մենք ի վիճակի չենք և պատրաստ չենք մի քանի անգամ ավելի վճարել ,օրինակ՝ գազի համար»։

Որպեսզի քաղաքական ուղղություն փոխես, պետք է նշված ուղղություններում ռուսականին այլընտրանք ունենաս, նկատում է փորձագետը։ Հակառակ դեպքում, ըստ նրա, ճգնաժամային իրավիճակներում կարող ենք հայտնվել։

Back to top button