ԿարևորՎերլուծական

Հայաստանի համար կարևոր երեք իրադարձություն ազդում է հայ-ռուսական հարաբերությունների վրա

Արտաքին քաղաքականության և անվտանգության ուղղությամբ առաջիկա ամիսների համար երեք հստակեցված իրադարձություն կա Հայաստանի առնչությամբ, որոնք ազդում են հայ-ռուսական առանց այն էլ լարված հարաբերությունների վրա:

Վերջին օրերին պաշտոնական Մոսկվայից հնչող գնահատականները հերթական անգամ կոշտացել են, մինչդեռ Հայաստանի իշխանությունները համոզված են, որ ծրագրված միջոցառումները անշրջելի և առանցքային նշանակություն կունենան Հայաստանի համար:

Հայաստանի համար կարևոր համարվող երեք իրադարձություն փաստացի ազդում է հայ-ռուսական հարաբերությունների վրա և ավելի սրում իրավիճակը:

Ապրիլի 5-ին նշանակված Հայաստան-Միացյալ Նահանգներ-Եվրամիություն հանդիպումը Ռուսաստանի մոտ անհանգստություն է առաջացնում: Իսկ ապրիլի կեսին Հայաստանն առաջին անգամ կմասնակցի Եվրամիության երկրների խորհրդարանների նախագահների՝ Իսպանիայում կայանալիք հավաքին:

Այդ հրավերը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը աննախադեպ է համարում. «Հայաստանը առաջին անգամ է հրավիրված և, եթե ես չեմ սխալվում, որևէ այլ հետխորհրդային երկիր այս պահին նման հրավեր չունի: Նույնիսկ հավակնորդ-երկիր այդ հրավերը չունի: Վերաբերմունքը փոխադարձ աշխատանքային առումով շատ բարձր մակարդակի է»:

Երրորդ իրադարձությունը սպասվում է ամռանը: Աժ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ավելի հստակ ժամկետ չի ասում.

«Ամռանը արդեն մեր կառույցները կփոխարինեն ռուս սահմանապահներին «Զվարթնոց» օդակայանում: Նորմալ է: Այդտեղ որտե՞ղ է ինչ-որ վտանգավոր բաներ տեսնում պարոն Լավրովը, ես չեմ հասկանում: Մեր օդային դարպասը կհսկենք ինքներս, և դա շատ կարևոր է մեզ համար: Վերջին հաշվով, դա նաև տվյալների տնօրինման մեծ հնարավորություն է մեզ համար, և լավ կլինի, որ հենց մեր ինքնիշխանության պարտադրանքից ելնելով, այդ տվյալների տնօրինումը լինի միայն ՀՀ իշխանությունների ձեռքում: Այլ պետություններ պետք է չունենան այդ հնարավորությունը և, գուցե, անհանգստությունը նաև դրա հետ է կապված»:

Հայաստանին առնչվող իրադարձությունների առումով պաշտոնական Մոսկվայի գնահատականները օրերս հանրայնացրեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ նշելով, որ Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը չի բխում հայերի շահերից և, որ Հայաստան-Ռուսասան հարաբերությունները լավատեսություն չեն ներշնչում:

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի խոսքով՝ Ռուսաստանի արտգործնախարարը գիտի ինչ է խոսում:

«24 News»-ի եթերում դեսպանը ակնարկել է Հայաստանի միջոցով ավելի լայն հակազդեցության թեման։

Ռուս դիվանագետի խոսքով՝ Միացյալ Նահանգների ներկայացուցիչները չեն թաքցնում և հայտարարում են, որ Հայաստանի հետ հարաբերությունները դիտարկում են հենց Ռուսաստանի և Իրանի հետ հակազդեցության համատեքստում: Սա է համարում ամենավտանգավորը, որը կարող է ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա:

Ռուսաստանը իր մեղադրանքներում այս փուլում գնում է ավելի հեռուն և մեղադրում է Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանը Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի դեմ լրտեսություն անելու մեջ: Անդրանիկ Քոչարյանը այդ մեղադրանքներն անհիմն է համարում:

«Ժամանակակից աշխարհում, տեխնիկական նման զարգացվածության պարագայում լրտեսություն անել մարդկային առարկայական ներուժի միջոցով հնարավոր է, անում են, բայց տիեզերք կա, լրտեսության համար տեխնիկական շատ ավելի գերժամանակակից հնարավորություններ կան: Այստեղ հիմքում լրտեսությունը չէ: Հիմքում դրված է մեխանիզմների կիրառում հնարավոր կայունության ապահովելու համար: Հիմա ինչո՞ւ է եվրոպական դիտորդական առաքելությունը, այնուամենայնիվ, գործում և շահագրգռված են, որ Կովկասում լինի կայուն իրավիճակ: Եթե կայուն իրավիճակը ձեռք չի տալիս մեկ այլ տերությունների, նշանակում է ինչ-որ պետություններ կան, որոնց ձեռք չի տալիս կայուն իրավիճակը Կովկասում: Նշանակում է, անկայունությունը խիստ անհրաժեշտ է ինչ-որ աշխարհաքաղաքական խնդիրների լուծման համար»:

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը այս առումով նշում է. «Ռուսաստանը ինչ-ոչ X պահից սկսել է նույնականացնել իր շահերը թուրքերի հետ, թուրք-ադրբեջանական տանդեմի հետ: Ուրեմն մնում է մեկ ճանապարհ, ամեն ինչ շատ հստակ է՝ դիվերսիֆիկացիա բոլոր հնարավոր ուղղություններով: Արդյո՞ք մենք դա անում ենք, ես շարունակում եմ մոտենալ այս հարցին շատ լուրջ վերապահումներով»:

Հայ-ադրբեջանական սահմանին եվրոդիտորդների աշխատանքի առումով ուշագրավ է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի գնահատականը: Չինական Phoenix հեռուստաալիքի հետ հարցազրույցում նա կոնկրետ չի անդրադարձել եվրոդիտորդներին, բայց պնդել է, որ Հայաստան-Ադրբեջան սահմանին վերջին վեց ամիսներն ամենահանգիստն են եղել: Սա ներկայացրել է որպես ապացույց, որ Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը:

Սակայն Ադրբեջանի մոտեցումը հետևյալն է՝ խաղաղությունը պետք է հաստատեն Բաքուն և Երևանը, քանի որ տարածաշրջանը նրանց է պատկանում։ Ըստ Հաջիևի՝ խաղաղությունը Վաշինգտոնում, Բրյուսելում կամ Փարիզում չէ: Թվարկման շարքում պաշտոնյան բաց է թողել Մոսկվան՝ կարծիք հայտնելով, որ չնայած առաջընթացին, քաղաքական որոշակի զարգացումներ կան, որոնք բացասաբար են անդրադառնում տարածաշրջանային գործակցության և խաղաղության օրակարգի վրա։

Back to top button