Շարուկ ակներ

«Բաբելոն» թատրոնի «Կալիգուլա» ներկայացման առաջնախաղին պատրաստվող դերասանը հոգով ու սրտով արցախյան բեմում է․ «Շարուկ ակներ»

Քաջիկ Հարությունյանն իրավամբ Արցախի բեմի նահապետն է։ Նա իր կյանքի ուղիղ 60 տարին նվիրել է բեմարվեստին, կերտել հարյուրավոր կերպարներ, բեմադրել ներկայացումներ։ Բայց իր երազանքի դերն առջևում է․․․ Կասկածում է՝ կխաղա՞, թե՞ կմնա երազանք։

Քաջիկ Հարությունյանը մարմնավորելով ամենատարբեր դերեր ու խաղալով տարբեր երկրների բեմերում՝ արցախցու համար մնացել է որպես «հույսերի ճերմակ դուռ բացող և փակ սահմաններ հատող Ձմեռ Պապ»։ 50 տարուց ավելի հենց նրա կերպարանքով էր Ձմեռ Պապը մուտք գործել արցախյան հազարավոր ընտանիքներ, հրաշքի հավատացող երեխաների համար բերել «իրենց ուզած նվերներն» ու ամրապնդել հրաշքներին հավատալու հավատը։ Տարվա ամենասպասված տոնին նրան «հեռու, ձյունոտ տեղերից» երեխաների մոտ էր ուղեկցում իր թոռնուհին՝ Անին՝ Ձյունանուշիկի իրավունքով։ Ավելի ուշ նրա հետ բեմում փոքր թոռն էր և է՝ Արմանը, պապի հետ հանդես գալով ներկայացման գլխավոր դերում։

Քաջիկ Հարությունյանը մեր հայրենասեր արվեստագետներից է։ Հայրենիքից վեր ու հայրենիքից հարազատ էլի իր հայրենիքն է, որ հարկադիր լքել է 2023 թվականի աշնանը։ Արցախի Հանրապետության ժողովրդական դերասանը բռնագաղթից հետո հրավիրվել է «Բաբելոն» թատրոն, մասնակցում է «Կալիգուլա» ներկայացման փորձերին, պատրաստվում առաջնախաղի, բայց հոգով ու սրտով արցախյան բեմում է։

Back to top button