Երաժշտական եռանկյունի

Վիլյամ Սարոյանը` երգահան. «Երաժշտական եռանկյունի»

2023 թվականի ավարտին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ջանքերով և Ֆրեզնոյի Վիլյամ Սարոյանի հիմնադրամի համագործակցությամբ կազմակերպվեց «Սարոյանը և արվեստը» խորագրով միջազգային գիտական կոնֆերանս՝ նվիրված մեծ գրողի ծննդյան 115-ամյակին: Երեսունից ավել զեկույցներով հանդես եկան գիտնականներ վեց երկրներից: Գիտաժողովի նպատակն էր ներկայացնել Վիլյամ Սարոյանի առնչությունները տարբեր արվեստների հետ, նրա ստեղծագործությունն ու ստեղծարարությունը ոչ միայն գրականության բնագավառում, այլ նաև թատրոնի, կինոյի կերպարվեստի և ինչը հատկապես հետաքրքիր է մեր հաղորդաշարին՝ երաժշտության և երգարվեստի ոլորտում:

Հայագետ,  բանասեր և գրող Արծվի Բախչինյանն այն գիտնականներից է, ով նույնպես մասնակցեց գիտաժողովին՝ Վիլյամ Սարոյանին ներկայացնելով  որպես երգահան: «Անշուշտ, Վիլյամ Սարոյանը հայազգի ամենագնահատված և միջազգային ամենամեծ համբավ ունեցող գրողն է՝ Գրականության ոլորտում արժանացած Պուլիտցերյան մրցանակի և Նյու Յորքի քննադատների մրցանակներին, կինոյի ոլորտում՝ «Օսկարի»՝ լավագույն սցենարի համար, թարգմանված է մոտ քառասուն լեզուներով, ում պիեսները մինչ օրս բեմադրվում են Հայաստանում և արտասահմանում: Բայց իմ ուշադրությունը գրավեց նրա երգարվեստը, բնագավառ, ուր Վիլյամ Սարոյանը  հանդես է գալիս և՛ որպես երգերի տեքստերի հեղինակ, և՛ որպես երաժշտության հեղինակ»,-ասում է Արծվի Բախչինյանը:

Հայտնի է, որ Վիլյամ Սարոյանը տարբեր երաժշտական ֆորմաների ստեղծող է եղել: Գրել է լիբրետոներ օպերաների համար, երաժշտություն՝ բրոդվեյյան ներկայացումների համար, բայց երգարվեստը հատուկ տեղ է գրավում նրա ստեղծագործության մեջ:

Արծվի Բախչինյանի հետազոտական աշխատանքի արդյունքում ի հայտ են եկել տարբեր տարիների հրատարակված Վիլյամ Սարոյանի հեղինակած երգերը, որոնցից առավել հայտնի երգը «Արի իմ տունս» երգն է, որը բացի նրանից, որ իր ժամանակին անհավանական մեծ ժողովրդականություն է վայելել և մինչ օրս ներառված է ամենահայտնի ամերիկյան երգիչների երգացանկում, նաև հսկայական ֆինանսական եկամուտ է ապահովել հեղինակին: Ինչպես նշում է Սարոյանը, նա և իր զարմիկ Ռոս Բաղդասարյանը, որը երգի համահեղինակն է, աշխատեցին մեկ միլիոն դոլար՝ կիսելով այդ գումարը: Ռոս Բաղդասարյանն այդ գումարով գինու գործարան է գնել, իսկ Սարոյանն ամողջը վատնել է՝ ըստ իր բնավորության:

Բոլոր երգերի մեջ ընդգծված հայկական տարր կա՝ լինի դա երաժշտական եղանակի ելևէջ, թե տեքստում հայկական միջավայրին հատուկ ուրախության մթնոլորտի արտահայտում: Տեքստերը հիմնականում կենցաղային բնույթ են կրում՝ սիրային թեմաներից մինչև իրար հետ լավ ժամանցի թեմաներ: Հայ ունկնդրի համար, որը սովոր է ընկալել Վիլյամ Սարոյանին որպես մեծություն համաշխարհային գրականության մեջ, հետաքրքիր կլինի ամբողջացնել պատկերացումները խոշոր արվեստագետի մասին՝ ծանոթանալով նրա ստեղծագործական այլ դրսևորումներին, որոնցից մեկը երգ և երաժշտությունն է:

Back to top button