Մոռացված ֆիլմերի ստվերները

Անվերջի առաջին կանգառը. Հայկինո 100. «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Զարգացած ու առաջատար պետությունների մենաշնորհ կինոարվեստը հայկական իրականություն թափանցեց մեր երկրի համար ծանր ժամանակներում. Եղեռն, ավերված երկիր, խղճուկ տնտեսություն ու մի բուռ ժողովուրդ։ Այդ պայմաններում ծնված կինոարտադրությունն այս տարի նշեց իր 100-ամյա հոբելյանը։

2023 թվականը նշանավորվեց հայ կինոյի 100-ամյա, մուլտիմիավորման 85 և «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի 20-րդ՝ հոբելյանական տոնակատարություններով։ Կինոդիտումներ, հանդիսություններ, շնորհավորանքներ, քննադատություններ.այս ամենի պակաս անցնող տարում կարծես չկար։ «Մոռացված ֆիլմերի ստվերները» հաղորդման տարեվերջյան այս թողարկման ընթացքում կփորձենք ամփոփել կինոյի՝ անցնող տարվա հիշարժան իրադարձություններն ու ևս մեկ անգամ վերհիշել այն ստեղծող մարդկանց անուններն ու վաստակը։ 

2023 թվականը նշանավորվեց նախևառաջ հայ կինոյի 100-ամյա հոբելյանով։ Հոբելյանի շրջանակներում Հայաստանում և արտերկրում տեղի ունեցան բազմաթիվ միջոցառումներ։ Այդ նշանակալի իրադարձությունը ընդգրվեց ՅՈւՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց, կարևոր իրադարձությունների, հոբելյանների 2022-23 թվականի օրացույցում։ Հոբելյանական միջոցառումները մեկնարկեցին ապրիլի 16-ին, որովհետև 1923 թվականին հենց այդ օրն է ընդունվել՝ նախկին Խորհրդային Հայաստանում կինոարտադրություն հիմնելու որոշումը։

100 տարիների ընթացքում Հայաստանում նկարահանվել է ավելի քան 700 գեղարվեստական և 3000 վավերագրական ֆիլմ։ Դրանք պահպանվում են Ազգային կինոկենտրոնի պահոցում։ Հոբելյանական միջոցառումների շրջանակում անդրադարձ եղավ նաև մուլտիմիավորման 85-ամյակին։

«Հայկական կինոդար» ծրագրով Հայաստանի տասը մարզերում ցուցադրվեցին հարյուր լիամետրաժ, կարճամետրաժ, դասական և ժամանակակից ֆիլմեր։ Եվ իհարկե, չմոռացվեցին այսօրվա կինոյի նվիրյալները, որոնք կինոարվեստում ունեցած ներդրումի համար պարգևատրվեցին ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալներով և պատվոգրերով։ Պարգևները հանձնելիս մշակույթի նախարար Ժաննա Անդրեասյանն իր խոսքում նշեց, որ հայ կինոն ոչ միայն անցյալ է, այլ նաև կենդանի բովանդակություն ու ապագա:

1950-60-ական թվականներին Խորհրդային Հայաստանում նկատելիորեն ակտիվացավ ֆիլմարտադրությունը։ Նկարահանվեցին բազմաթիվ հիշարժան ֆիլմեր՝ «Առաջին սիրո երգը», «Ինչու է աղմկում գետը», «Տժվժիկ», «Նվագախմբի տղաները» և այլն։

1965 թվականին Կաննում առաջին անգամ փառատոնի կարճամետրաժ ֆիլմերի ծրագրում ընդգրկվեց Հենրիկ Մարգարյանի՝ «Տերտերին ուխտը» ֆիլմը, իսկ մեկ տարի անց՝ 1966-ին Կաննի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում ներկայացվեց Ֆրունզե Դովլաթյանի՝ «Բարև, ես եմ» կինոնկարը: Ի դեպ՝ վերջինս hայ կինոյի 100-ամյա հոբելյանի շրջանակում ընդգրկվեց Կաննի փառատոնի «Դասականներ» բաժնում։

2023 թվականի մայիսի 25. առաջին ցուցադրությունից 58 տարի անց, Կաննի կինոթատրոններից մեկում «Բարև ես, եմ» ֆիլմի նոր թվայնացված տարբերակը մեծ հետաքրքրությամբ դիտում էին համաշխարհային կինոգործիչներն ու հայկական պատվիրակության անդամները։ Կինոնկարը թվայնացվել է «Հայաստան համահայկական հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ։ Հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը, որը նույնպես մեկնել էր Կանն, «Մոռացված ֆիլմերի ստվերները» հաղորդաշարին տված հարցազրույցում նշեց, որ հիմնադրամը ֆիլմի թվայնացման աշխատանքներին աջակցելու առաջարկը ստացել է Ազգային կինոկենտրոնից՝ 2022 թվականի սկզբին։

«Հայաստան համահայկական հիմնադրամը արդեն մի քանի տարի է իրականացնում է մշակութային տարբեր ծրագրեր։ Անցյալ տարվա սկզբին Ազգային կինոկենտրոնից առաջարկ ստացանք և որոշակի խորհրդատվություններից հետո որոշում ընդունվեց աջակցել «Բարև, ես եմ» ֆիլմի թվայնացմանը»,-ասում է Հայկակ Արշամյանը։

1970-80-ական թվականներին «Հայֆիլմի» աշխատանքների ամենաեռուն ժամանակահատվածում նկարահանվեցին խաղարկային, անիմացիոն և վավերագրական բազմաթիվ ֆիլմեր։ Միջազգային ճանաչման արժանացան և համաշխարհային կինոարվեստում ուրույն ոճով առանձնացան Սերգեյ Փարաջանովը, որն իր յուրօրինակ աշխարհընկալմամբ համարվեց կինոյի նորարար, Արտավազդ Փելեշյանը, որն իր էպիկական ֆիլմերով, մոնտաժի վիրտուոզ տեխնիկայով անդրադարձավ ազգային ու համամարդկային խնդիրների։


Անցյալ դարի 80-ականների երկրորդ կեսին Վենետիկի միջազգային կինոփառատոնում ներկայացվեց Ալբերտ Մկրտչյանի՝ «Մեր մանկության տանգոն» ֆիլմը, որի գլխավոր դերակատարուհին՝ Գալյա Նովենցն արժանացավ ժյուրիի հատուկ մրցանակին:

Հայաստանի անկախության շրջանում հայկական կինոյի ընթացքը շարունակվեց որոշակի ելևէջներով։ Բացվեցին մասնավոր ստուդիաներ, ցավոք, ֆինանսական խնդիրների պատճառով ֆիլմարտադրության մեջ նվազեց «Հայֆիլմ»-ի դերակատարությունը, իսկ 2005 թվականին այն սեփականաշնորհվեց։ Մեկ տարի անց՝ 2006 թվականին, ՀՀ կառավարության հուլիսի 20-ի որոշմամբ Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա ՊՈԱԿ-ը վերանվանվեց «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի, որը կինոարվեստի բնագավառում պետական մշակութային քաղաքականություն իրականացնող կազմակերպություն է:

Կինոկենտրոնն այսօր ակտիվորեն թվայնացնում և համացանցում տեղադրում է հանրությանը ծանոթ և անծանոթ հայկական շատ ֆիլմերը։ Կինոկենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար Շուշանիկ Միրզախանյանը հայ կինոյի 100-ամյա հոբելյանի շրջանակներում տված իր հարցազրույցներից մեկում նշում էր, որ կենտրոնը մեծապես աջակցում է հայկական կինոարվեստի արտադրությանը, տարածմանն ու զարգացմանը:  

«Լավ կլիներ, որ պետության կողմից կինոարտադրության համար տրվող ֆինանսական աջակցությունն ավելանար։ Այսօր պետությունը հոգում է կինոարտադրման ծախսերի երեսուն տոկոսը միայն։ Մնացած յոթանասուն տոկոսը կինոարտադրողը պետք է կարողանա գտնել դրսում գոյություն ունեցող ֆոնդերի միջոցով, տարբեր երկրներում ուրիշ կինոարտադրողների հետ համատեղ կինոարտադրություն անելով։ Այդպես են այսօր նկարահանվում եվրոպական երկրների ֆիլմերը, և մենք էլ անցել ենք այդ աշխատելաոճին»,-ասում է Շուշանիկ Միրզախանյանը։ 

Հարություն Խաչատրյանի, Միքայել Ստամբոլցյանի և Սուսաննա Հարությունյանի ջանքերով ստեղծված «Ոսկե ծիրան» կինոփառատոնի համար այս տարին նույնպես հոբելյանական էր։ Այն նշում էր իր ստեղծման 20-ամյակը։ 

«Ոսկե ծիրան» հոբելյանական 20-րդ միջազգային կինոփառատոնը հուլիսի 9-16-ը Երևանը դարձրել էր կինոմոլորակ։ Կինոփառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը փառատոնի փակման արարողությունց հետո մեր հաղորդաշարի եթերում իրեն բնորոշ անմիջականությամբ ասում էր, որ հոբելյանը բարձրագոչ արտահայտություններով ու ավելորդ պաթոսով բնութագրելու կարիք չկա։

«Յուրաքանչյուր տարվա փառատոն անկրկնելի է։ ֆիլմերը, հյուրերը, ծրագիրը միայն այդ տարվա համար է կազմվում։ Ցանկացած տարվա «Ոսկե ծիրանին» մենք վերաբերվում ենք որպես հերթական տարի, որն ունի իր անկրկնելիությունը իր ժամանակի մեջ։ Իսկ հոբելյանը որոշակի ինչ-որ թիվ է, որ խորհրդանշական շեշտ է դնում ստիպելով քեզ ինչ- որ բան ընդհանրացնել կամ ամփոփել»,-ասաց նա։

Եվ այսպես մի քանի օրից հայկական կինոն մուտք կգործի երկրոդ դար։ 100-ամյա հայկական կինոն հաղթահարել է մի քանի դժվար շրջաններ և ցավալիորեն այսօր էլ շատ խնդիրներ ունի։ Բայց կինոասպարեզ եկած ռեժիսորների նոր սերունդը նոր խոսք ունի ասելու՝ պահպանելով լավագույն ավանդույթները ձգտում է ընդլայնել ստեղծագործական հորիզոնները, ներկայանալ միջազգային պատվավոր հարթակներում։ Ինչպիսին կլինի հաջորդ հարյուրամյակը, ցույց կտա ժամանակը։ Զինվենք լավատեսությամբ, համբերությամբ և սատարենք տաղանդավոր երիտասադներին։

Back to top button