Վերնատուն

Ապագայի կրթությունը՝ սովորեցնել սովորել և չկորցնել մարդկային շփման կարողությունը. «Վերնատուն»

«Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ, արվեստաբան Արա Աթայանը խոսում է կրթության նկատմամբ վերաբերմունքի ու մոտեցումների, կրթության մշակույթի զարգացման հնարավորությունների մասին։

«Երբ ես երեխա էի ինքս ինձ հարց էի տալիս հնարավոր չէ արդյոք սա անել այլ կերպ։ Ես կարդում էի, ուսումնասիրում, զբաղվում էի տարբեր բաներով, այդ «սովի» համար ես բավարար սնունդ չէի ստանում դպրոցում և ինձ ցավ էր պատճառում համակարգը, որը համահարթեցման եղանակով էր գնում», – ասում է Արա Աթայանը։

«Արեգնազան» կրթահամալիրը, լինելով մայրաքաղաքի այընտրանքային դպրոցներից մեկը, շուտով նշելու է իր հիմնադրման 30 տարին, Արա Աթայանն ասում է, որ իրենց ստեղծածը նորություն չէ, այդ մանկավարժությունը հարյուր տարվա պատմություն ունի։

«Ես չեմ կարող գերագնահատել այն, ինչ մենք արեցինք, մենք ուղղակի սիրեցինք այդ մանկավարժությունը, հասկացանք, որ այն կառուցվել է ելնելով երեխայից, երեխայի զարգացման ու ձևավորման խորը առանձնահատկություններից, մենք հասկացանք, որ այդ մանկավարժությունը ոչ թե աբստրակտ համամարդկային է, այլ համամարդկային է՝ ընդունելով տեղայինն ու ազգայինը, որպես քո սեփական մշակույթ»։

Արա Աթայանն ասում է, որ կրթությունը սոցիումի առողջացման կամ հիվանդացման հիմնական վայրն է, որովհետև միակ ոլորտն է, որտեղ կերտվում է ապագան։ Այն, ինչ մենք ունենք այսօր, որպես հասարակություն և որպես հիվանդ հասարակություն, այսօր չենք ստեղծել, այլ 20–30 տարի առաջ։

Մանկավարժության մեջ պտուղները գալիս են հետո, սերունդ պետք է փոխվի, որպեսզի դու հասկանաս, թե դեպի ուր կարող է տանել մանկավարժությունը։ Արա Աթայանը կարևորում է սովորել սովորեցնելու գաղափարը, նշում է, որ պետք է ուժեղացնենք ստեղծագործական բաղադրիչը, անընդհատ թուլացնելով հիշողության բաղադրիչը, քանի որ մեր ժամանակներում, ցանկացած հեռախոս պարունակում է ահռելի ծավալի տեղեկատվություն։

«Մենք երեխաների կյանքից չպետք է խլենք տարիներ՝ հիշողությունը գերծանրաբեռնելու համար։ Պիտի շրջվենք դեպի ստեղծագործական կրթությունը։ Երբ երեխաները ինքնուրույն կաշխատեն, երբ երեխաները ուսուցչի հետ միասին կգնահատեն աշխարհի գեղեցկությունը, կկարողանան ստեղծագործել, ինքնուրույն ինչ որ բան անեն, սեփական ուժերով հայտնագործություններ անեն։ Գիտելիքը որը չի կապվել մարդու էության հետ, որը չի դարձել վերապրում, մոռացվում է»։

«Ապագայի կրթությունը պետք է լինի սովորեցնել սովորել, սովորեցնել ինքնուրույն աշխատել, սովորեցնել ստեղծագործել, սովորեցնել լինել սոցիալական մարդ, դա պահանջում է աշխատանք ոչ թե գիտելիքների` այլ ընդունակությունների։ Մենք չգիտենք 5 տարի հետո աշխարհն ինչպիսին է լինելու և չգիտենք ինչ է պետք վաղվա մարդուն։ Այն ինչ պահանջվում է այսօր ստեղծագործել, մտածել, լինել ինքնուրույն, կամք ունենալ, զգալ աշխարհը, ճաշակ ունենալ, կարողանալ ճանաչել երևույթները և որ ամենակարևորն է՝ չկորցնել մարդկային շփման, ընկեր լինելու կարողությունը, որովհետև մենք նաև մոտենում ենք էն շեմին որտեղ մարդն է վտանգված որպես էդպիսին»։

Back to top button