Երաժշտական եռանկյունի

Ջազային կոմպոզիտոր. Արթուր Սաթյան. «Երաժշտական եռանկյունի»

Արթուր Սաթյանը ամենամեծ կոմպոզիտորական գերդաստանի ներկայացուցիչ է: Ծնվելով և ձևավորվելով հայկական կոմպոզիտորական դպրոցի անվանի կոմպոզիտորների սերունդների և ստեղծագործական շփման մթնոլորտում, նա պետք է որ շարունակեր իր գերադաստանի ուղին ակադեմիական և պոպուլյար երաժշտության ասպարեզներում:

ՙՋազային երաժշտության հետ առնչություններս մանկուց են եղել, տանը միշտ հնչում էր Օսկար Պիտերսոն և դասական լավագույն ջազային կատարումները: Ջազային կոմպոզիցիաներ սկսեցի գրել դեռևս Կոնսերվատորիայում ուսանելու ժամանակ: Ավարտել եմ Արամ Սաթյանի դասարանը, այնուհետև որոշում կայացրեցի իմ ստեղծագործական որոնումները շարունակել ջազի դաշտում, ինչը և մինչ օրս անում եմ՚,-ասում է կոմպոզիտորը:

1990-ականների սկզբին նա ընտանիքով տեղափոխվում է Լիբանան, որտեղ ծավալում է համերգային գործունեություն՝ համագործակցելով արաբ երաժիշտների հետ և հանդես գալով Բեյրութի ջազային ակումբներում և ամենատարբեր հարթակներում: Ժամանակին Բեյրութը համարվում էր Արևելքի ջազային մայրաքաղաք, որտեղ համերգներով հանդես էին գալիս ջազի համաշխարհային աստղերը և անցկացվում էին բազմաթիվ միջազգային փառատոներ:

Հենց այդ ժամանակաշրջանում ձևավորվում են Արթուր Սաթյանի գեղագիտական նախընտրությունները, որոնք իրենց  ստեղծագործական արտահայտումն են գտնում էլեկտրոնային ջազի և ֆյուժն երաժշտության  ձևաչափերում: Համատեղելով ստուդիական աշխատանքը համերգային գործունեության հետ՝ կոմպոզիտորը կատարում է բազմաթիվ ձայնագրություններ ստուդիայում և ներկայացնում իր երաժշտությունը բազմաթիվ կազմերի և երաժիշտների համագործակցությամբ:

Կա ևս մեկ ոլորտ, որտեղ Արթուր Սաթյանը հանդես է գալիս որպես մանկավարժ՝ նա հիմնադրել է Բեյրութի Կոնսերվատորիայի ջազային բաժինը, որտեղ նա դասավանդում է կոմպոզիցիա և դաշնամուր: Կոմպոզիտորը շատ է կարևորում կրթական ոլորտը, քանի որ ժամանակակից արաբ երաժիշտների մի քանի սերունդ սովորելով Բեյրութի Կոնսերվատորիայում՜ շնորհիվ ջազային բաժնի մեծ համբավ են ձեռք բերել արևելյան և միջազգային երաժշտական հարթակներում:

          Արթուր Սաթյանը չի կորցրել կապը հայրենիքի հետ և հաճախ հանդես է գալիս տարբեր համերգային ծրագրերով Հայաստանում: Նա հետևում է ջազային երաժշտության զարգացման ընթացքին համարելով, որ սերնդափոխությունը հայկական ջազում հրաշալի արդյունքներ է տալիս, ասպարեզ են դուրս գալիս հիանալի կատարողներ և ստեղծագործողներ, որոնք հմտացած են ոչ միայն համաշխարհային ջազի ստանդարտների ոլորտում, այլ նաև հանդես են գալիս սեփական օրիգինալ ջազային կոմպոզիցիաներով:

Արթուր Սաթյանը կապ է պաշտպանում բոլոր սերունդների հայ ջազմենների հետ՝ կարևորելով նրանց սեփական ստեղծագործությունը և համարելով, որ այն առավել կարևոր է անհատական անուն ձեռք բերելու և ջազային համաշխարհային ընթացքի մեջ հաստատվելու համար: Ակուստիկ ջազը նույնպես կոմպոզիտորի նախընտրությունների դաշտում է և նրա երկրորդ ձայնասկավառակը ներառում է բացառապես ակուստիկ հեղինակային երաժշտութուն:

Back to top button