Վերնատուն

«Որտեղ փնտրել դրախտը»․ երբ նկարիչն իր ցուցահանդեսի հյուրն է. «Վերնատուն»

Արարատ Սարգսյանի «Որտեղ փնտրել դրախտը» նախագիծը երկու տասնամյակ և ավելի նորովի շարունակում է ցուցադրվել արվեստի միջազգային հարթակներում և արժանանում է մրցանակի։

Նախագիծն օրերս Իտալիայի Տրևիզո քաղաքում արժանացել է մրցանակի, ինչը Իտալիայի լավագույն թանգարաններից մեկում նոր ցուցահանդես ունենալու հնարավորություն է տալիս։

Նախագիծը 2000-ականներից սկսած ցուցադրվում է, վարպետության դասեր են անցկացվում աշխարհի մի շարք երկրներում՝ Կիպրոսում, Սինգապուրում, Հորդանանում, Շվեյցարիայում, Ավստրիոայում, ֆրանսիայում, Իտալիայում և այլուր։

Արվեստագետը շեշտում է, որ Իտալիայում ունեցած իր վերջին ցուցահանդեսը «Անտիկյան» ցուցասրահի հետ հաջող համագործակցության արդյունք էր, արվեստագետը պիտի լուրջ թիմի հետ աշխատի, ինչը Հայաստանում հիմնականում բացակայում է։

Ինչ վերաբերվում է Դրախտի թեմային, այն միշտ ակտուալ է, քանի դեռ ժողովուրդը մշտական շարժման մեջ է, ու բոլորը մտածում են, որ կյանքն ավելի լավ է այնտեղ, որտեղ իրենք չկան։

Արվեստագետը մտահոգված է աշխարհում հայտնի հայկական մշակութային կենտրոնների կորուստերով․ նշում է Վենետիկը, Երուսաղեմը և այլն։

Ասում է՝ բացի մեր «հողային կորուստներից», մենք սկսեցինք կորցնել նաև աշխարհում ունեցած մեր մշակութային հենակետերը։ Նրա ստեղծագործությունը իր ինքնության ու ազգային գիտակցության մասին է։

«Իմ գործի հիմքը իմ ազգային գիտակցությունն է։ Իմ տեսակի ու ինքնության համար շատ կարևոր է այբուբենը, գիրը, կալիգրաֆիայի ձևը, տրամադրությունը։ Այդ ամենը ոսկոր և հոգի ունի։ Գործ ստեղծելու պատճառը քո մեջ պիտի փնտրես և ոչ թե ինտերնետում», – ասում է արվեստագետը։

Իսկ արվեստագետի համար այսօր որտե՞ղ է «դրախտը»․ «Արվեստով զբաղվելը երազանքի հետևից գնալու պես բան է։ Դու այդ երազանքի հետևից գնալով պիտի ինչ-որ որակների հասնես։ Երազում եմ, որ Հայաստանը դառնա նորմալ հարաբերությունների երկիր, որտեղ նկարիչը իր ցուցահանդեսի հյուրը լինի։ Ոչ իր նկարների բանվորը լինի, և ոչ էլ կոլեկցիոները», – ասում է Արարատ Սարգսյանը։

Back to top button