Երկրորդ շնչառություն

Մանկության երազանքն իրականություն է դարձել 76 տարեկանում․ «Երկրորդ շնչառություն»

Տարիքը խոչընդոտ չէ, և երբեք ուշ չէ սկսելու համար. 76-ամյա տիկին Սոնիկի մանկության երազանքն իրականություն դառնալու ճանապարհին է: Նա արդեն գորգագործության դասերի է գնում և շուտով նրա ձեռքով գործած գորգը տեղ կգտնի տան հյուրասենյակի պատին:

Իրանում ծնված, 5 տարեկանում հայերեն սովորած ու հայկական ավանդական դաստիարակություն ստացած Սոնիկին դպրոցում հայոց լեզուն լավ սովորելու համար Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթն էին նվիրել: Դեռ մանկության տարիներից էր նա հասկացել, որ կուզեր Անահիտի նման որևէ արհեստ իմանալ, հատկապես որ արդեն դպրոցական տարիներին որոշ բաներ գործում էր: Սակայն, դպրոցից հետո, ընտանիք, հոգսեր, աշխատանք, նա ժամանակ չի ունեցել երազանքի հետևից գնալու համար:

30 տարի թվերի աշխարհում՝ բանկում աշխատելուց հետո նա անցել է թոշակի ու տեղափոխվել Հայաստան: Վերջին 10 տարին փնտրտուքի մեջ է, որ մասնագետ գտնի, իրեն էլ սովորեցնեն երազանքի մասնագիտությունը:

«Կտուտ»-ի հիմնադիր Նելլի Անանյանի հետ հանդիպումը որոշիչ է եղել, նա է խրախուսել տիկին Սոնիկին ու համոզել, որ անպայման հաջողություն կունենա: Տիկին Սոնիկը պատմում է, որ մանկուց ընտանիքում էլ ձեռքի աշխատանք է կատարել, գործել, հյուսել, մայրն էլ է լավ ձեռք ունեցել ու մանկուց աչքը սովոր է եղել ստեղծագործական աշխատանքի: Սա է նաև պատճառը, որ գորգագործությունն իրեն հեշտ է տրվել:

«Ոչ մի բանի կարիք չունեմ, երեխեքն ու թոռներն էլ մեծացան ու իմ կարիքը չունեն, ու ես հասկացա, որ ինձ պետք է մի բան, որ հենց ինձ համար է ու կզբաղեցնի ինձ»,-ասում է նա՝ ավելացնելով, որ ոչ մեկն էլ չի հավատացել, որ ինքը կհասնի իր նպատակին, այդ պատճառով էլ դեռ ոչ մեկին չի ասել իր երազանքի մասին, ուզում է զարմացնել:  

«Կտուտ»-ում վերջին երեք տարիներին գորգագործության դասընթացներ են կազմակերպում բոլոր տարիքային խմբերի համար: «7 տարեկանից մինչև 70 տարեկան, բոլորին էլ ընդունում ենք, գալիս են ու մասնակցում դասընթացներին, ստեղծագործում: Շատ պատասխանատու է մեկ դասի ընթացքում բոլոր տարիքային խմբերի հետ աշխատելը, բայց, իհարկե, ստացվել է»,- պատմում է Նելլին:

Տիկին Սոնիկը կարծում է, որ տարիքը պատճառ չէ երազանքի հետևից չգնալու համար, միշտ պետք է շարունակել պայքարել ու անպայման հաջողություն կլինի: «Տարիքը ոչինչ չի նշանակում, դու 20-ում կարող ես ոչինչ չանել և 100-ում քո գործով զարմացնել բոլորին»,-եզրափակում է տիկին Սոնիկը՝ բոլորին խորհուրդ տալով ինչ-որ պահից անպայման սկսել:

Back to top button