Կրթության ոլորտում իրականացվում են մի շարք բարեփոխումներ, որը ենթադրում է փոփոխություններ մի քանի ուղղություններով՝ կրթության բովանդակություն, ուսուցիչների վերապատրաստում, նոր դասագրքերի ստեղծում: Այս գործընթացները վերաբերվում են նաև մասնավոր դպրոցներին, անկախ այն հանգամանքից, որ վճարովի ուսումնական հաստատություններում հաճախ ուսուցումը տեղի է ունենում ըստ հեղինակային ծրագրի։ Որոշ կրթօջախներում լինում են տարաբնույթ խախտումներ, նույնիսկ հնարավոր է բուլինգի երևույթ, մինչդեռ դպրոցը պետք է ձգտի դառնալ անվտանգ միջավայր յուրաքանչյուր սովորողի համար։
«2022 –2023 թվականներին 10 ոչ պետական կրթական հաստատություններում ստուգումներ են իրականացվել ։ Հայտնաբերվել են տարբեր խախտումներ։ Հիմնական խախտումները, որ կուզեմ բարձրաձայնել, դրանք հենց մանկավարժական աշխատողների նշանակումներն են՝ ուսուցիչների մանկավարժական որակավորումը չունենալու հարցը, կան նաև այլ խախտումներ, օրինակ՝ ուսումնական պլանի հետ կապված, որոնք հաստատվել են իրենց կողմից, սակայն չեն պահպանվել, ներքին գնահատման գործընթացը, սովորողների համակազմի ձևավորումը։ Խախտումները տարաբնույթ են։ Ինչ վերաբերվում է ծնողների և սովորողների իրավունքներին ու պարտականություններին, ապա դրանք կարգավորվում են ծնողի և ուսումնական հաստատության միջև կնքված պայմանագրով։ Այստեղ ոչ պետական ուսումնական հաստատությունները օրենքով ունեն լիազորություն»,– ասում է ՀՀ Կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արսեն Բաղդասարյանը։
«Թե՛ ծնողները, թե՛ երեխաները, թե՛ պետությունը նույն նավակի մեջ են։ Եվ եթե ունենք խնդիր կրթության ոլորտում՝ դա բոլորիս խնդիրն է։ Ես ծնող եմ և կարծում եմ, որ մասնավոր դպրոցը պետք է ունենա ղեկավարող խորհուրդ, որի անդամ կարող է լինել նաև ծնողը։ Ծնողը պետք է կարողանա իր ներդրումը ունենալ կրթական գործընթացի կազմակերպման և ինչու ոչ՝ նաև մեթոդոլոգիայի ձևավորման համար։ Մասնավոր դպրոցը ևս գործ ունի մարդկային ճակատագրերի հետ։ Ուստի այն պետք է լինի պետական մարմնի շատ խիստ հսկողության ներքո»,– ասում է Միջազգային զարգացման մասնագետ , մասնավոր դպրոցի ծնող Նվեր Սարգսյանը։