ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Ծանր օրակարգ՝ Փաշինյան–Պուտին հանդիպման համար․ առանձնազրույց՝ կես տարի անց

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կես տարվա ընդմիջումից հետո աշխատանքային այցով մեկնեց Մոսկվա։ Վերջին անգամ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանում էր 2023–ի դեկտեմբերի վերջին։ Նա մասնակցում էր Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին։ ՌԴ մայրաքաղաքում նա ծրագրված ոչ բոլոր միջոցառումներին է մասնակցելու։ Մոսկվայում վարչապետ Փաշինյանի նախագահությամբ տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հոբելյանական նիստը: ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը ծրագրված է օրվա վերջում՝ հոբելյանական նիստի աշխատանքներից հետո։ Վարչապետ Փաշինյանը նախօրեին բաց էր թողել Վլադիմիր Պուտինի՝ ՌԴ նախագահի պաշտոնը 5–րդ անգամ ստանձնելու երդմնակալության արարողությունը և ներկա չի լինի նաև մայիսի 9–ին Մոսկվայում անցկացվելիք ավանդական զինվորական շքերթին։

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հոբելյանական նիստի օրակարգում 13 հարց է ընդգրկված։ Որքան օրակարգային հարցեր կլինեն Փաշինյան–Պուտին առանձնազրույցի համար՝ հայտնի չէ։ Կողմերը տևական ժամանակ արդեն ակնարկում էին, որ երկու երկրների ղեկավարները քննարկելու շատ բան ունեն։

Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի հանդիպումը տեղի է ունենում փոխադարձ դժգոհությունների և մեղադրանքների ֆոնին։ Կրեմլում կազմակերպված բանակցությունները «անհրաժեշտ և սպասված» է որակել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հստակեցրել էր, որ դժգոհություններից տեղյակ են։ Գիտեն, որ Փաշինյանն ապրիլին հայտարարել է, որ Մոսկվայի հետ հարաբերությունները լավագույն ժամանակները չեն ապրում։ Վերջին շրջանում երկրների միջև տարբեր մակարդակներով շփումները նկատելիորեն նվազել են։

Կրեմլի ներկայացուցչի պնդմամբ՝ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից։ Ռուսաստանի արտգործնախարարության հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր հերթին մանրամասնել է Փաշինյան–Պուտին առանձնազրույցի ուղղությունները․

«Բանակցությունների օրակարգում են Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության ապահովման հարցերը։ Մոսկվան պատրաստ է շարունակել աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի խթանմանը։ Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը, որը նախատեսված է մայիսի 10-ին Ալմաթիում»։

Մոսկվա մեկնելուց առաջ հայ–ռուսական հարաբերություններում դժգոհությունները ևս մեկ անգամ ձևակերպեց նաև վարչապետ Փաշինյանը։ Բացի կոնկրետ Ռուսաստանին և ՀԱՊԿ–ին ուղղված դժգոհություններից, կան նաև այլ հարցեր։ Օրինակ՝ Հայաստանի իշխանությունը լրջորեն քննարկում է հանրային մուլտիպլեքսում օտարերկյա ալիքների հեռարձակումները դադարեցնելու հարցը։ Դա կապված է հենց ռուսական պետական ալիքներով Հայաստանի իշխանություններին վարկաբեկող մեկնաբանությունների ու քարոզչության հետ։

«Ակնկալում ենք, որ այդ հեռարձակումները ՀՀ քաղաքացիներին և ընդհանրապես ՀՀ պետական կարգը հարգեն։ Կարծում եմ, ինչ–որ անհավանական բան չենք ուզում։ Ի միջիայլոց, դա կնքված պայմանագրից էլ է դա բխում, որ խնդրում ենք հարգալից վերաբերմունք ՀՀ և նրա շահերի նկատմամբ։ Մենք, հաշվի առնելով մեր երկրների բարեկամական հարաբերությունը, պատրաստ ենք 7 անգամ խնդրել, հետո 7 անգամ պահանջել և եթե յոթերորդից հետո էլ այդ պահանջը առհամարհվի, ուրիշ տարբերակ չկա։ Մենք ոնց որ արդեն այն 7+7 անգամը խնդրել ենք ու ոնց որ թե 7+5 անգամը պահանջել ենք։ Ես ձեզ ավելին ասեմ, այդ խնդրանքները չբավարարելու դեպքում բացառում եմ, որ ՀՀ–ում կարողանան շարունակել իրենց հեռարձակումը»։

Դժգոհությունների մեկ այլ ուղղությունը՝ Հայաստանում ներքաղաքական պայքարի գեներացումն է ու ներքին կյանքին խառնվելու փորձերը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության բազմաթիվ ներկայացուցիչներ վերջին օրերին անընդհատ «արտաքին միջամտության» մասին էին խոսում՝ «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման մասին խոսելիս։ Որոշ դեպքերում, առանց ակնարկի, շատ ուղիղ խոսում են «ռուսական հետքի» մասին։ Արդյո՞ք սա նույնպես օրակարգային հարց կդառնա Փաշինյան–Պուտին հանդիպմանը՝ հայտնի չէ։ Մոսկվա մեկնելուց առաջ վարչապետը ոչ բոլոր փակագծերը բացեց․

«Օրակարգը շատ բազմազան է Ռուսաստանի հետ։ Գիտեք նաև, որ այս ընթացքում կան բազմաթիվ կուտակված խնդիրներ։ Այդ խնդիրների մի մասը բարձրաձայնվել է։ Մենք այն կարծիքին ենք եղել, որ այդ հարցերը բարձրաձայնվում են այդ թվում Հայաստան–Ռուսաստան բարեկամական հարաբերությունների համատեքստից նեգատիվ նյուանսները հանելու նպատակադրումով։ Իհարկե, մեր հարաբերությունների ամբողջ օրակարգը՝ և՛ երկկողմ, և՛ բազմակողմ, մենք կքննարկենք։ Մնացալը երևի, հանդիպման արդյունքներով կամ հանդիպումից հետո, երբ առիթ կլինի դրա մասին խոսել, կխոսեմ ավելի մանրամասն»։

Այն դեպքում, երբ Հայաստանի իշխանությունը դժգոհել է ՀԱՊԿ–ի անգործությունից՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների ժամանակ, ԵԱՏՄ աշխատանքի հետ դժգոհություններ Հայաստանը երբեք չի ունեցել։ Կառույցից դուրս գալու մտադրությունների մասին Հայաստանի իշխանությունները երբեք չեն խոսել։ Մինչդեռ Փաշինյան–Պուտին հանդիպումից առաջ ռուսական լրատվամիջոցները Կրեմլի խոսնակից փորձել են ճշտել Մոսկվայի վերաբերմունքը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու հնարավորության առնչությամբ։

Քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանի կարծիքով՝ Փաշինյան–Պուտին հանդիպումը բավականին բարդ կարող է լինել։

«Փաշինյանն արդեն ասաց, որ ինքը հակված է խաղաղ լուծելու խնդիրները, միտված է հաղթահարելու այն խութերը, որ առկա են հայ–ռուսական հարաբերություններում։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանը պարզապես շատ հանգիստ կարող է թվարկել, թե ինչ է սպասվում Հայաստանին հակառակ դեպքում։ Եվ դա չի ներառելու միայն Ռուսաստանի գործողությունները, դա նաև ներառելու է իրենց դաշնակից երկրների, օրինակ, Ադրբեջանի գործողությունները։ Տնտեսական կախվածությունը, Լարսը, Ադրբեջանը «քարտ–բլանշ» կստանա հարձակվելու, հայկական ապրանքների արտահանումը կարող են կանգնեցնել, կարող են ռեպրեսիվ միջոցառումներ սկսվեն ՀՀ քաղաքացիների նկատմամբ։ Ամեն ինչ էլ կարող է սպառնալ»։

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի հոբելյանական նիստին, ապա կառույցի 10–ամյա գործունեության և տարեկան աշխատանքներից բացի, քննարկվելու է նաև ԵԱՏՄ անդամ–երկրների և Մոնղոլիայի միջև ժամանակավոր առևտրական համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսվելու, ինչպես նաև ապրանքների ծագման հավաստագրման և ստուգման համար Վիետնամի հետ էլեկտրոնային համակարգի շրջանակներում համագործակցելու հարցը։

Ի դեպ, հենց ԵԱՏՄ գործոնն են կարևորում ռուս գործիչները, երբ խոսում են տնտեսական աճի տեսանկյունից Հայաստանի գրանցած ցուցանիշների մասին։ 2022–ին Հայաստանի ՀՆԱ աճը կազմել է 12.6%, իսկ 2023–ին՝ 8.7%: Աճի տեմպերով երկու դեպքում էլ Հայաստանը աշխարհի երկրների շարքում չորրորդն էր։

Back to top button